Սբ. Գրիգոր Տաթևացի, Քարոզ Աստվածածին կույսի վերափոխման մասին

__Verapoxum000Եվ ահա Փրկչի համբարձվելուց 12 տարի անց, մի օր, երբ իր սենյակում աղոթում էր Աստվածածին Կույսը, նրան հայտնվեց Գաբրիել հրեշտակապետը, ով հղիության ավետիսն էր տվել, և ասաց. «Ուրախ եղիր, բերկրյալդ, Տերը քեզ հետ է», և տվեց արմավենու ճյուղեր` որպես աշխարհին հաղթելու նշան: Եվ հրեշտակը նրան կանչեց Ձիթենյաց լեռ, ուր նա սովոր էր աղոթել, և Տիրամայրը ելավ գնաց այնտեղ: Դարձյալ նրան երևաց հրեշտակը և ասաց. «Ուրա՜խ եղիր, բերկրյա՜լդ, քանզի միածին որդիդ կանչում է քեզ Իր մոտ: Ասում է, թե օտարության մեջ քո պանդխտության ժամանակը լրացավ, արդեն եկ քո հայրենի սեփական ժառանգությունը: Մի մնա մահվան այդ գավառի մեջ, քանզի անմահ կյանքի արժանացար, քանզի հաղթության նշան կանգնեցրիր, հրեաներից բազում չարչարանք կրեցիր: Արդ, չարչարանքներիդ վախճանը եկավ, ավարտվեցին տառապանքներդ: Անցան տրտմություններդ, ժամանեց ուրախությունը: Հանգիստը պատրաստված է, կառուցված է լույսի խորանը, հարդարված` փառքի աթոռը: Այժմ ե´կ և հանգիստ առ բազում տառապանքներիցդ: Եվ վայելիր ինձ հետ` Իմ փառքը տեսնելով, որ կար նախքան աշխարհի ստեղծումը»: Այս ամենն ասելուց հետո  հրեշտակը նրան տվեց հաղթության  պսակն ու երկինք բարձրացավ:

Այդպես, երբ Սբ. Աստվածածինը տուն վերադարձավ, ուժգին դղրդաց ու շարժվեց ողջ տեղանքը, և ինքնիրեն վառվեցին բազում լույսի ջահեր: Տիրամայրը պատվիրեց կանչել իր ազգականներին ու հարևաններին և ասաց նրանց. «Մարեք բոլոր ջահերն ու եկեք, որ լսեք ինձ»: Եվ պատմեց նրանց Աստծո մեծագործություններից: Մինչ այսպես խոսում էր նրանց հետ, եկավ Կույսի հոգևոր որդին` Հովհաննեսը, ողջույն տվեց իր ծնողին: Եվ քանի որ կանայք տրտմությամբ էին լցված, հարցրեց, թե ինչն է պատճառը: Իսկ Ամենասրբուհին զվարթ դեմքով և բերկրյալ սրտով ամբողջությամբ պատմեց հրեշտակի երևալու և իր` վերին արքայություն կանչվելու մասին: Եվ երբ Հովհաննեսը լսեց, արտասվելով ողբում, հառաչում էր` իր հոգևոր մորից որբանալու պատճառով: Եվ հանկարծ որոտում ու դղրդյուն եղավ, և սրբազան առաքյալների դասերը, միասնաբար, ամպերով բարձրանալով, հավաքվեցին Տիրամոր տանը` ըստ այն խոսքի, թե`«Որտեղ մարմինն է, այնտեղ էլ կհավաքվեն արծիվները» (Ղուկաս 17. 37): Եվ այստեղ Աստված հայտնեց նրանց ամենասրբուհի Աստվածածնի ննջման մասին: Եվ երբ նրանք արցունք թափելով ասում էին. «Ո´վ Տիրոջ Մայր և Աստվածածին Կույս, քո Միածին Որդու համբարձվելուց հետո դու էիր սփոփում մեր տրտմությունը և քեզնով էինք զորանում բազում չարչարանքների մեջ: Եվ այժմ ո՞վ է մխիթարելու մեր վիշտը, ո՞վ է սփոփելու մեր նեղությունները, որ ամենուրեք շրջապատում են մեզ»: Սրբուհին պատասխանում է. «Ով վսեմական դասեր, Իմ Որդու քարոզիչներ, որ ընտրվեցիք նախքան աշխարհի ստեղծումը: Ողբով մի լցրեք իմ ուրախությունը: Մի´ մտածեք մարդկայնորեն: Մխիթարչին ունեք, Որով բոլոր վշտացյալներին մխիթարում եք: Ունեք Զորացուցչին, Որով վերացնում եք աշխարհի բոլոր տկարությունները: Արդ, մի´ վհատվեք վշտերից, մի´ երկնչեք մարմինը չարչարողներից, մի´ սարսափեք անցավոր մահից: Եվ դուք, ինչպես սովորեցիք Տիրոջից, հոգ տարեք ամենքի փրկության մասին և ինձ աղոթքով ճանապարհեք Նրա մոտ, Ում անձկացել եմ, որպեսզի խաղաղությամբ անցնեմ խավարային իշխանությունների միջով և ժամանեմ երկնային նավահանգիստ: Եվ թող պանդխտության այս վայրում Տերը ձեզ հետ լինի ձեր կյանքի բոլոր օրերում»: Եվ երբ լռեց Սրբուհին, Հովհաննես ավետարանիչն առավ նոճու /որից պատրաստված էր և կենսաբեր խաչը/ փայտից տախտակի վրա նկարված պատկերը, և բոլոր աշակերտներն այն բերեցին Սրբուհու մոտ և ասացին. «Մա´յր Լույսի և տաճար բարձրյալ Բանի, աղաչում ենք քեզ, քանի որ պատրաստվում ես վերափոխվելու Միածին Որդուդ մոտ, ընդունիր այս պատկերը, որ նկարել է Հովհաննեսը, և դիր աստվածազարդ դեմքիդ, հոգևոր օրհնություններով օրհնիր այն և տուր որպես աշխարհի կյանքի առիթ, ինչպես Որդին քո Իր չարչարանքների փայտը տվեց որպես նշան աշխարհի փրկության: Այլև սրանով առողջություն գտնենք  պես-պես վտանգներից և բորոտության ախտից, որ տարածված է այժմ երկրի վրա, մանավանդ Երուսաղեմում»: Եվ սուրբ Կույսն ասում է. «Ինչո՞ւ եք հարկադրում Տիրոջ աղախնուն  իմ անունով անելու այս բանը, որին արժան չեմ: Դուք եք Քրիստոսի ընտրյալ աշակերտները, խնդրեք Նրան, և կկատարվի ձեզ համար»: Եվ երբ անդադար թախանձեցին աշակերտները, առավ պատկերն իր սուրբ ձեռքերի մեջ, տարածեց աստվածաբարձ բազուկն իր, աղոթեց և օրհնեց պատկերը: Լույսի կամար կանգնեց Սրբուհու վրա, և խաչանման լույս կաթեց սուրբ պատկերին: Սրբուհին պատկերը դրեց իր սուրբ երեսին և թրջեց այն հորդառատ արցունքներով, որ թափում էր Տիրոջ առաջ: Պետրոսը վերցրեց պատկերը Աստվածածնի ձեռքից, և բոլորը մեծ երկյուղով երկրպագեցին Աստվածածին Կույսին և նրա սուրբ պատկերին: Այնուհետև սուրբ Կույսն առանձնացավ մի սենյակում, հանեց հին հանդերձը և հագավ նոր ու սպիտակ շորեր` ցույց տալու համար նորոգ կյանքն ու պայծառ լույսը, որին փոխվելու էր, իսկ հինը տվեց աղքատ կույսերին, որ նրա մոտ էին և պառկեց իր սուրբ անկողնին:

Սուրբ առաքյալները մինչ այգաբաց արթուն նստեցին նրա մահճի մոտ: Գովեստներ էին ներբողում Աստվածամոր փոխադրման և ժողովրդին խրատում նրա օգուտի համար: Եվ կեսգիշերին եղավ սաստիկ շարժում, ծագեց լույսի ճառագայթ, և տարածվեց անուշահոտությունը, որից շատերը թմրեցին: Եվ ահա տերերի Տերը և սերովբեների Թագավորն անմարմին զորքերի բազում հրեշտակներով բարձունքից խոնարհվեց` Իր ամենասուրբ ծնողի լուսապայծառ հոգին առնելու համար: Իսկ ընտրյալների դասերը կանգնել էին հիացած, երկյուղածությամբ ու խնդությամբ փառաբանում էին իրենց Տիրոջը, Ում մարմնով տեսնելուն արժանի եղան: Իսկ առավոտյան, որպես անուշաբույր խունկ` սուրբ Կույսն իր սրբասնյալ հոգին ավանդեց իր Միածնի ձեռքը` ասելով. «Քո ձեռքն եմ հանձնում իմ հոգին»: Մեծ պատվով Տերն ընդունեց այն և տվեց Միքայել հրեշտակապետին: Եվ առաքյալները տեսան ամենամաքուր Կույսի հոգին, որը լույսի պես էր և արեգակից առավել էր փայլում, ուներ մարդկային կերպարանք, բայց առանց սեռի: Պետրոսն ասում է. «Տե՜ր, մարդկանցից ո՞վ ունի այնպիսի լուսափայլ հոգի, ինչպիսին Քո ծնողինն է»: Պատասխանում է Տերը Պետրոսին. «Ո՜վ Պետրոս, բոլոր մարդկանց հոգիները սկզբնապես այդպես սպիտակ ու լուսափայլ են լինում, հետո են, մեղքերի շաղախվելով, սևանում ու տգեղանում»: Այս ասելով` Տերը հրեշտակների բազմությամբ վեր բարձրացավ:

Իսկ առաքյալներն աստվածընկալ սուրբ մարմինը փաթաթեցին կտավով, անուշահոտ խնկի բուրմունքի տակ, տարան Տիրոջ նախապես ասած տեղը` Գեթսեմանիի ձորը` նրա հետ ունենալով նաև արմավենու ոստերով պսակը: Եվ խաչանման մի լույս, մինչև հանգստատեղին և մինչև գերեզմանից նրա վերափոխվելը, կանգնած մնաց աստվածակիր մարմնի վրա: Եվ անմարմինների դասերը, աներևույթ կերպով պարակցելով առաքյալներին, հոգևոր պաշտամունքի երգեր էին երգում: Եվ տիրասպան հրեաները բարկացած` ամբոխին հրահրում էին սուրբ առաքյալների դեմ: Բայց աստվածասաստ բարկությամբ բոլորը կուրացան և գետնին էին ընկնում:

Իսկ քահանաներից մեկը, որի անունը Սոփոնիա էր, ձեռքը մեկնելով դագաղին` կամենում էր գետնին գցել աստվածային գանձը, սակայն Աստծուց արժան պատիժ ստացավ. արմունկներից հատվեցին նրա երկու ձեռքերը և կախ ընկան դագաղից: Գետնին ընկնելով` նա դառնագին լաց էր լինում, կոծում իր անձն ու, աղաղակելով, դիմում առաքյալներին. «Ողորմեցե´ք, Քրիստոսի´ աշակերտներ, ես ըստ արժանվույն պատուհաս ստացա աստվածային արդար Դատավորից»: Նույնը կրկնում էին և բոլոր հրեաները: Պետրոսն ասաց. «Ո´վ անհավատ հրեաներ, չզղջացիք ձեր անզղջում սրտերում, այժմ դարձե´ք ու ապաշխարեք, և բարերար Աստվածը կգթա ձեզ»: Ողջ բազմությունն ու ամբոխն աղաղակեց. «Խոստովանում ենք սուրբ կույսին իբրև Աստվածածին և նրանից ծնվածին` իբրև երկրի և երկնքի Աստված, միայն թե Նա գթա մեզ և թողություն տա մեր նախկին հանցանքներին»: Եվ Պետրոսը, վերցնելով արմունկները, բերեց-կպցրեց հատված ձեռքի հոդերին, և, միանալով, կցվեցին, ինչպես նախկինում էին: Հետո առնելով արմավենու ոստերը` քսեց կուրացածների աչքերին, և բոլորը լուսավորվեցին: Եվ այդ օրը հրեա և հեթանոս ժողովրդի մի ողջ բազմություն մկրտվեց և լուսավորվեց ճշմարիտ լույսով: Իսկ առաքյալներն աստվածընկալ մարմինը տարան դրեցին գերեզման և երեք օր պահեցին, ինչպես նրանց պատվիրել էր Տերը: Եվ այդ օրերին գիշեր ու զոր անլռելիորեն հնչում էր հրեշտակների ձայնը, որը դադարեց միայն երրորդ օրվա ավարտին:

Իսկ սուրբ առաքյալ Բարդուղիմեոսը մնացյալ աշակերտների նման չէր ժամանել Տիրամոր վերափոխմանը: Որովհետև այդպես էր Տիրոջ կամքը. ինչպես որ երբ Տերը փակ դռներով մտավ, Թովմասն աշակերտների հետ չէր և հետո խոստովանեց Նրան որպես Տեր ու Աստված, այդպես էլ Բարդուղիմեոսը հետո եկավ, որպեսզի նրա միջոցով հայտնի դառնա Ամենասրբուհու` աշխարհից վերափոխումը: Երբ Բարդուղիմեոսը եկավ, խիստ տրտմեց և խնդրեց աշկերտներին, որ իրեն ցույց տան աստվածային գանձը: Եվ բացելով գերեզմանը` դատարկ գտան պատանքը աստվածակիր մարմնից: Մեծ զարմանքով հիացած` փառք տվեցին Աստծուն: Եվ իմացան, որ անմարմին զորքի օրհնաբանության դադարից հետո Սրբուհին հենց նրանից` անմարմին զորքի կողմից, վերափոխվել է անմահների իմանալի խորանները: Ապա այն ժամանակ սգաց Բարդուղիմեոսը, քանի որ արժանի չեղավ տեսնելու Սրբուհուն, ինչը փափագում էր: Այդ պատճառով էլ աշխարհի մխիթարիչներն իրենց եղբոր սուգը մխիթարեցին ` նրան տալով աստվածային գանձը` Աստվածամոր պատկերը: Եվ այն վերցնելով` Բարդուղիմեոսը լցվեց ուրախությամբ, ասես հենց իրեն` Սրբուհուն տեսավ, և տարավ այդ պատկերը Հայոց աշխարհները: Նրանով կատարում էր բազում հրաշքներ, ինչպես գրված է նրա վարքում: Իսկ առաքյալները որոշ ժամանակ նստեցին Երուսաղեմում, ապա ողջունելով միմյանց` ամեն մեկն իր վիճակը (իրեն բաժին ընկած երկիրը) գնաց:
Այսօր Աստվածածինը վերափոխվեց՝ մշտապես կենդանի մնալով, քանզի ճաշակեց անմահության բաժակը և մշտապես մեզ համար բարեխոս է իր միածին Որդու մոտ:

 Աղբյուր՝ http://holytrinity.am/posts/view/1003     

About these ads

2 comments on “Սբ. Գրիգոր Տաթևացի, Քարոզ Աստվածածին կույսի վերափոխման մասին

  1. Уведомление: Վերափոխումն Ս.Աստվածածնի | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  2. Уведомление: Օրհնեալ ես դու ի կանայս, Բերկրեալ Տիրամայր եւ Կոյս… | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s