Քեֆ անողին քեֆ չի պակսի, մնում է քթից չբերեն:
Ինչքան շատ լեզու իմանաս, մեկ է, եթե հարևանիդ հետ լեզու չգտար, կորած ես:
Լավություն արա, գցիր ջուրը, մեկ է` ում անում ես, նա է գցելու:
Ամառը կովերին կեր, նոր պառկիր հովեր, որ ձմեռը չսատկեն կովեր:
Եթե գործերդ ձախ են գնում, մի նեղվիր, մի օր էլ քո բախտը կբերի` դու ձախ կգնաս:
Միշտ մեծ-մեծ խոսիր. մանր-մունր բաներին ո՞վ է բանի տեղ դնում:
Ուրիշի եղածին աչք մի գցիր, աշխատիր ձեռք գցել:
Ավելի լավ է հիմար-հիմար դուրս տաս, քան հիմար-հիմար ներս գցես:
Տասը չափիր, մեկ կտրիր. հիմարություն, մեկ է սխալ ես կտրելու,հիմա էլ ասելու են` հո ապուշ չես, էդքան չափեցիր, սխալ կտրեցիր:
Գործդ վաղվան մի թող, վաղն այնքան էլ հեռու չէ, գցիր անցյալ, թող անցած լինի:
Մի ձեռքը ծափ չի տա, բայց կարող է լավ փող մուրալ:
Ընկածին մի հարվածիր, չես իմանա` վեր կենալուց հետո ինչ կարող է անել:
Աշխատակիցներիդ այնքան ծանրաբեռնիր գործով, որ ժամանակ չունենան քո անգործությունը քննարկելու:
Ձու գողացողը հավին չի վախեցնի, թե չէ որ հավը ձվից կտրվեց, ստիպված ձին է գողանալու, հետո էլ վրան ասացվածք գրեն:
Ամառ օրով ինչքան շա~տ ալար, էնքան լա~վ դալար:
Ինչքան ուշ, այնքան երբեք:
Ինչքան շատ ալար, այնքան քիչ դալար :
Закон подлости –արտոնագրված օրենքներ, որոնք բացառիկ իրավունքով գործում են ՀՀ տարածքում:
Ինչքան շտապ է զանգահարելը, այնքան հեռախոսը արագ է լիցքաթափվում:
Ինչքան հարկավոր է ինտերնետը, այնքան դանդաղում է կապը:
Եթե քեզ բան չեն ասում, դա դեռ չի նշանակում, որ քեզ ընդհանրապես բան ասող չկա:
Եթե քեզ բան են ասում, նշանակում է`քեզ հա էլ բան են ասելու:
Զարթուցիչը զնգում է հենց այն պահին, երբ իսկականից քունդ տանում ա:
Գործերը թափվել են գլխիդ, պարապությունից չգիտես ինչ անես:
Հետևություն. եթե պարապությունից չգիտես էլ ինչ անես, ավելի լավ է գործդ անես. մեկ ա, պիտի անես:
Ապակիները լվանում ես թե չէ, անձրև է գալիս:
Հետևություն. եթե անձևի «ախորժակ ունես», կամ պատուհանի ապակիները լվա կամ ավտոմեքենա:
Ինչքան շուտ ես արթնանում, այնքան շատ ես ուշանում աշխատանքից:
Հետևություն. շուտ էլ արթանանաս, ուշ էլ, եթե մշտապես ուշանում ես, ուրեմն` կուշանաս:
Մոտենում ես թե չէ կանգառին, երթուղայինդ շարժվում է:
Հետևություն. եթե արդեն գիտես, որ մոտենալու ես կանգառին թե չէ երթուղայինդ գնալու է, ուրեմն մի քանի րոպե շուտ մոտեցիր էլի, այ տնաշեն:
Որ օրը պայուսակից հանում ես անձրևանոցը, հենց այդ օրն է անձրև գալիս:
Հետևություն. եթե արդեն գիտես, որ պայուսակից անձրևանոցը հանես թե չէ` անձրև է գալու, ուրեմն պայուսակիցդ հանած անձրևանոցը դիր տեղը:
Շատ եմ հավանում մարդկանց` ետևիցս խոսելու սովորությունը. ի՞նչ է, ավելի լավ կլիներ, եթե իրենց անհեթեթություններըը դեմքի՞ս ասեին: Իմ գործերը երբեք վատ չեն լինում, վատ է լինում ղեկավարության վերաբերմունքը իմ գործերի նկատմամբ:
Թափվող աստղերը շատ ռոմանտիկ, սիրուն ու լավ երևույթ են, բայց լավ է, որ գլխիդ չեն ընկնում:
Իսկական ընկերը նա է, որ տված պարտքը ետ չի ուզում, այլ անընդհատ քեզ հանգստացնում է, որ այդ պարտքը վաղուց մոռացել է:
Հեղինակներ` Մարիետ Սիմոնյան, Նունե Մովսիսյան