Վ. Սիրադեղյան, «Որքան գետնի երեսը, տասն այդքան գետնի տակն է Հայաստանը»

Հայը պատմական հայրենիքը գերադասում է իրական հայրենիքից: Գերադասում է, քանզի պատմական հայրենիքը խնամք չի պահանջում: Այդ հայրենիքը տուրք չի պահանջում, քրտինք չի պահանջում, պաշտպանության կարիք չունի: Եվ այդ հայրենիքի հմայքն այն է, որ այնտեղ ապրելը պարտադիր չէ: Եվ հարյուրամյակներ շարունակ մենք մեր հայրենիքը մաս-մաս դարձնում ենք պատմական հայրենիք ու կապվում ենք հավաքական, չպարտավորեցնող, սրտագին սիրով:

Հայը հավաքական գոյությունից վեր է դասում հավաքական սերը առ ոչինչ:
Հարյուրամյակներ շարունակ մաս-մաս մեր հայրենիքը դարձնելով պատմական` մաս-մաս ուժեղացնում ենք մեր հարևաններին, ուժեղացնելով` հռչակում ենք թշնամի, նեղվում ենք թշնամու հարևանությունից, անիծում ենք մեր իրական հայրենիքի փոքրությունը և երազում մի հզոր, մի խաչակրաց բանակ, որ դարձյալ կգա ու կանցնի մեր հայրենիքի, մեր պատմական հայրենիքի, մեր հարևանների վրայով ու այս անգամ, գուցե, հավերժորեն մնա…
Մենք կռահել ենք նպատակասլացություն կոչվող բանի ավերիչ ուժը ու երազող ենք: Մենք կասկածում ենք, ուրեմն մոտ ենք սթափվելուն: Մենք հազիվհազ սթափվելու ճանապարհին ենք, իսկ խժդժության տասնապետները վայրահաչում են մեր մասին` իբր թուլամորթ, աննպատակ սերունդ դուրս եկանք, իբր մեր կյանքում վեհություն չկա…
Մեծ արագությունների երկիր չէ Հայաստանը: Արագությունը փոքրացնում է երկիրը: Հանդարտ ընթացքի դեպքում Հայաստանը մեծ հայրենիք է: Հայաստանն ինքը հանդարտ ընթացք է թելադրում: Որքան գետնի երեսը, տասն այդքան գետնի տակն է Հայաստանը: Հայաստանն իր խորությամբ է երկիր: Հայաստանը մանրամասն սիրելու հայրենիք է և այդպես մանրամասն սիրելու դեպքում մեկ չէ` տասը կյանք էլ չես սպառի: Միայն թե շտապելու հարկ չկա: Առավել ևս` համեմատելու կարիք չկա…
****

Հայ ընթերցողը պահանջում է քաղաքի մասին գրականություն, բայց Հայաստանի ունեցած քաղաքի կյանքով ներծծված «Երկիր Նաիրի» չի կարդում։
Որովհետեւ հայ մարդը ճշմարտություն չի սիրում։
Հայը չի սիրում իր պատմությունը։ Չի սիրում՝ հոգու խորքում համոզմունք ունենալով, որ իր պատմությունը մինչ այսօր կերտել են ուրիշները, եւ որ ինքն իր սեփական պատմությունը կերտելու հնարավորությունը դեռ չի ստացել, բայց կստանա։ Եւ սպասում է նպաստավոր այդ պահին։
Եւ ետ նայել, բնականաբար, չի սիրում։ Քանզի կկորցնի նպաստավոր պահը։ Ետ չի նայում եւ չի սիրում Խորենացու «Պատմությունը»։ Պատմիչներից սիրում է Եղիշե, որովհետեւ Եղիշեն գրում է վերամբարձ ու վերացած․․․պատմությունից։
Եւ, առհասարակ, հայը սթափ շարադրանքից դիվոտում է։
Մեր ժողովուրդն իր գիտակցական կյանքի երկու հազարամյակում երկու մեծ գիրք է տվել՝ Խորենացու «Պատմությունն» ու Չարենցի «Երկիր Նաիրին» ու երկուսն էլ կարդալ չի սիրում, սիրում է այդ երկուսի միջեւ ընկած 1500 տարվա ժամանակամիջոցում ստեղծված ամենայն բանաստեղծական, թախծոտ, սիրուն, լալահառաչ բան։
Հայ մարդը պատմությունը կամ սիրում, կամ ատում է, այնինչ պիտի ընդուներ ի գիտություն։
Եւ հետեւաբար մեր սիրած գրականությունը կանացի գրականությունն է, մի ծայրում՝ հայրենիք, մյուս ծայրում՝ «Մատյան ողբերգության»։
Տղամարդկային սկիզբը վտարված է մեր գրականությունից, պատմության մեր ընկալումից, հետեւաբար՝ եւ քաղաքականությունից, եւ գաղափարաբանությունից։
Եւ մեր հոգիներում թնդում է գեղեցիկ, հիստերիկ սեր առ կորուսյալ Հայրենիք։

Լուսանկարը` http://granish.org/unrainy-july/

Կարող եք ծանոթանալ նաև՝  «Վանո Սիրադեղյան» էջին

Об авторе Նունե Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Մեդիադարակներ с метками . Добавьте в закладки постоянную ссылку.

3 отзыва на “Վ. Սիրադեղյան, «Որքան գետնի երեսը, տասն այդքան գետնի տակն է Հայաստանը»

  1. Уведомление: Հայաստանը մանրամասն սիրելու հայրենիք է « Մեդիամանկավարժական բլոգ

  2. Նունե Մովսիսյան:

    «Ինչ եմ մտածում վերադարձի մասի՞ն: 8 տարի առաջ մի՛ բան էի մտածում, հիմա` պարզապես չեմ մտածում:
    Այսպես թե այնպես ես կվերադառնամ Հայաստան, բայց հույս ունեմ` այնպես. որ չտեսնեմ քաղաքական, սոցիալական, բարոյական այն ավերածությունները, որոնց ենթարկվել է մեր երկիրը իմ բացակայության ընթացքում»:
     
    Աղբյուրը` http://www.slaq.am/arm/news/69433/

    Нравится

  3. Уведомление: Ուսումնական նոյեմբեր. 11-րդ դաս. — Դասավանդողի մեդիադարակ

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s