
Եւ ամեն մի քաղաքականացված ստահակ, ասպարեզ գալով, իր պարտքն է համարում նյարդերի կծիկ դարձած այս մարդկանց հոգին տակնուվրա անել՝ ամեն անգամ խաբելով, թե հնարավոր է, որ այդ ուրվականները մի օր շունչ առնեն:
Մարդիկ հավատում են: Հետո դադարում են հավատալ: Հետո էլի հավատում են: Հետո դադարում են հավատալ…
Այսպես՝ մի կողմից մեռնում են, մի կողմից քոչում են ընտանիքներով: Իսկ լածիրակների նորանոր ու նորածիլ բանդաներ, որ այս երկրում կուսակցություններ են կոչվում, շարունակում են սնուցողին ու հարազատին կորցնելուց գլուխը կորցրած մարդկանց հոգին պղտորել: Այդ երկրի իշխողները, աճյուններ պղծելով, վերաթաղումները վերածել են ազգային-պետական ամենամյա ծեսի: Վերաթաղումների ծեսը այս երկրում այնպիսի թափ է առել, որ վերաթաղողներին` հետը զոհ մատուցելու նման, գնդակահարում եւ թաղում են հին մեռյալների նոր գերեզմանների կողքին:Այս երկիրը մի անգամ ճակատամարտ է շահել եւ անսովորությունից ճակատամարտ շահելը շփոթել է հաղթանակի հետ ու չգիտի ինչպես վարվել: Այս երկիրը իր հաղթական բանակը զրկել է զորապետերից, գնդակահարել ու բանտարկել է, եւ էլի արյուն է ուզում, որովհետեւ ծարավը շփոթել է քաղցի զգացողության հետ: Այս երկրի բանակը պահում է մի հողակտոր, որի վրա ավելի քիչ բնակիչ է մնացել, քան հողը պահող զորքի թիվն է: Այս երկիրը իրեն զրկում է վաղվա բանակից, որովհետեւ ինքն իրեն զրկում է սերունդը շարունակելու ընդունակ բնակչությունից: Այս երկրում ոչ թե ծնողներն են պահում երեխաներին, այլ դեռահաս աղջիկներն են մի կերպ պահում ծնողներին, իսկ տղաները խաղաղ զորանոցներում զոհվում են նույն չափով, որքան ռազմաճակատում, պատերազմի տարիներին: Այս երկիրը չորացնում է իր դուստրերի արգանդը, կոտրում է իր արու զավակների մեջքը, զրկում է իրեն ապագայից, բայց ձեռ չի քաշում իր եղերական անցյալից: Չի մոռանում այդ անցյալը, այլ որպես նվիրական դի կրում է շալակին, որպես երկանքի քար կախել է կրծքին եւ դաժանաբար շարունակում է դնել իր սերունդների, իր երեխաների վզին…
Աղբյուր` Ֆեյսբուք
Уведомление: Հայաստանը մանրամասն սիրելու հայրենիք է « Մեդիամանկավարժական բլոգ
Уведомление: Վանո Սիրադեղյան։Պատմվածք – Բարի գալուստ Լիլի Ավագյանի բլոգ
Уведомление: Վանո Սիրադեղյան, «Այս ուրվական քաղաքի բնակիչները ապրում են…» — Ասյա Բանդուրյան
Уведомление: Այս ուրվական քաղաքի բնակիչները ապրում են…, Վանո Սիրադեղյան — Մարի Մադոյան