Հայկական Բուալոն` Չարենցը և նրա արբանյակները ընդդեմ Տերյանի

charentsՄեզ հայտնի է երիտասարդ գրողներին ուղղված Չարենից հետևյալ արտահայտությունը. «Ես հերքեցի Տերյանին և ստեղծեցի իմ գրականությունը, բա ինչու դուք ինձ չեք հերքում, եթե ուզում եք ձեր գրականությունը ստեղծել…»: Ահա այդպիսի «փաստացի» հերքման մի զվարճալի դրվագ է պատմում Հ.Մկրտչյանը: Ու նրանց «կայացումը» ձախողում է Պողոս Մակինցյանը, ով Տերյանի մտերիմն էր ու լուրջ ներդրում ուներ տերյանագիտության մեջ:

Մամուլը տպագրել էր «Երեքի» հայտնի դեկլարացիան: Կարդացել էի նաև Պողոս Մակինցյանի «Հայկական Բուալոն և նրա արբանյակները թվով երեք ու կես» ֆելիետոնը: Բուալոն Չարենցն էր: «Երեքի» մեջ էին Եղիշե Չարենցը, Ազատ Վշտունին և Գևորգ Աբովը… Կեսը Մելիքն էր, որ ապրում էր Մոսկվայում և «միացել էր» սրանց դեկլարացիային: «Երեքը» գրական երեկոներ էր կազմակերպում պոեզիայի «հին կուռքերի» դեմ: Առավելապես ձաղկում էին մեր քնարերգությունը և Վահան Տերյանին: Սիրային-քնարական պոեզիան համարում էին քաղքենիական, անհատապաշտական պոեզիա, որ «հին աշխարհի ծնունդ էր» ու«պիտի մեռներ նրա հետ»:

Անկեղծ ասած` ես, որ գրական առաջին քայլերն էի անում, ինձ նույնպես դուր էր գալիս Երեքի դեկլարացիան և Մակինցյանին համարում էի «հին մարդ»:

Եվ ահա, հայտարարված էր Երեքի գրական երեկո` գավառային կոմիտեի միակ դահլիճում, ուր սովորաբար տեղի էին ունենում հավաքույթներն ու գրական ասուլիսները: (Հ. Մկրտչյանը այնտեղ է գնում բանաստեղծի համբավ ունեցող ընկերոջ և իրենց պոեզիայի հերոսուհի` գիմնազիստուհի Ա-ի հետ»):

Եղիշե Չարենցին չէի տեսել:

— Երեքը, երեքը, — շշնջացին մեր կողքին նստողները: Եվ առաջին անգամ տեսա Չարենցին: Պատկառելի քթով փոքրիկ մարդ էր, չգիտեմ ինչու հենց անհաջող քիթը ցցած, ձեռքերը գրպանում, քայլում էր առջևից: Մեծ բանաստեղծի հասկացողությունը մի տեսակ չէր տեղավորվում այս փոքրիկ, «անշուք» մարդու մեջ: Երեքը քայլում էին մի տեսակ իծաշարուկ, միմյանցից որոշակի հեռավորության վրա, երևի իրենց երևալուն որոշ հանդիսավորություն տալու նպատակով: Երկրորդը` Գևորգ Աբովն էր. միջին տարիքի, միջին հասակի և միջին կառուցվածքի բոլորակ դեմքով, ժամանակի համար տարօրինակ հագուստով՝ չալպուտուրիկ տաբատով ու սև պիջակով. փողկապի փոխարեն կապել էր կարմիր մի շոր:

— Ֆուտուրիստ է, — շշնջացին առջևի նստողները:

Վերջապահը Ազատ Վշտունին էր` բարձրահասակ, նիհար, բանաստեղծական դեմքով, երկար դերվիշական սև մազերով և նուրբ դիմագծերով, որ կատարելապես համապատասխանում էր բանաստեղծի իմ իդեալին:

Սրանք բեմ բարձրացան: — Ահա և մենք երեքս, — հայտարարեց Չարենցը:

Հատուկենտ ծափեր եղան: Նա խոսքը տվեց Աբովին, որը կարճ բացատրեց դեկլարացիայի «պատմական-հեղափոխական նշանակությունը» և ասաց.

— Այժմ մենք կկարդանք մեր բանաստեղծությունները:

Դահլիճի վերջին նստարաններից մեկը ոտքի կանգնեց և ասաց. – Ընկերներ, դուք կուզենայիք լսել Երեքի «Պոեզոզուռնան», թե Վահան Տերյանին:

Պողոս Մակինցյանն էր, որին «պաշտոնի բերումով» հանդիպել էի:

— Տերյան, Տերյան, — գրեթե միաբերան գոչեցին դահլիճից:

Մակինցյանը, որ բարձրահասակ գեղեցիկ տղամարդ էր, հանդիսավոր քայլվածքով լուռ մոտեցավ բեմին, գլուխ տվեց և նույն քայլվածքով դուրս եկավ դահլիճից: Դահլիճը գրեթե դատարկվեց: Մենք` երեք ուխտավորներս, այդպես էլ մնացել էինք նստած: «Երեքը» խայտառակվել էր. նրանց «բունտարարական» ելույթը ձախողվեց: Չարենցն ու Վշտունին իջան բեմից և մոտեցան մեզ: — Բանաստեղծնե՞ր եք, — հարցրեց Չարենցը:

— Այո: Ընկեր Հարություն Մկրտչյանը մեր շրջկոմի քարտուղարն է և բանաստեղծ, — ոտքի կանգնելով պատասխանեց և հատուկ շեշտով ներկայացրեց ինձ Արսենը:

— Իսկ դո՞ւք, օրիորդ:

— Ես էլ սրանց միակ ընթերցողն եմ, — կատակեց Ա.-ն:

— Շատ լավ: Դուք մի բանում կարո՞ղ եք օգնել մեզ, — դիմեց ինձ Չարենցը:

— Կարող ենք, իսկ ի՞նչ պիտի լինի մեր պարտականությունը, ընկեր Չարենց:

— Մեր մյուս երեկոյին մի տաս հոգի ձեր լավ կոմերիտականներից կարո՞ղ եք բերել ձեզ հետ:

— Տասը մասսա չի, այ տղա, — նկատեց Վշտունին, — առնվազն մի քսան հոգի պիտի լինեն:

— Կարող եմ բերել, իսկ ի՞նչ պիտի անենք մենք:

— Մեծ բան չէ: Երբ մենք կխոսենք ու կարտասանենք, կծափահարեք, ինչպես վայել է կոմերիտականներին: Հենց որ Մակինցյանը ուզենա խոսել, թունդ կշվացնեք: Պա՞րզ է:

— Պարզ է: Մենք այդ խոստումով էլ բաժանվում ենք իբրև Երեքի ամենահավատարիմ կողմնակիցներ:

— Դե, ձեր բանաստեղծների տետրերը կբերեք ինձ, ես կկարդամ, — նետեց Չարենցը:

Մեր ուրախությանը չափ չկար:

Եղիշե Չարենցի մասին. Հուշեր  (Կազմող՝ Եղիշե Հովհաննիսյան)

Նյութը՝ Ք.Ա.-ի

Աղբյուր` lurer.com/?p=75682&l=am

Реклама

Об авторе Նունե Մովսիսյան

Բարի գալուստ
Запись опубликована в рубрике Մեդիադարակներ с метками . Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s