Ուսկի՞ց կուգաք կամ… ի՞նչ էի (եմ) ուզում

1

Սարոյանը երեխաների հանդիպելիս նախ բոլորի անուն- ազգանուններն էր հարցնում, ապա տալիս էր իր երկրորդ մշտական հարցը.

— Ուսկի՞ց կուգաք…

Չեմ խոսելու` «Ճանաչենք մեր պապերի ծննդավայրը` էրգիրը» նախագիծն ինչ տվեց (ու շարունակելու է տալ) մեր սովորողներին: Կարծում եմ` իրենք ինձնից լավ պատմեցին ու ներկայացրին իրենց պապերին ու էրգիրը:

Անկեղծ կլինեմ ու կասեմ

Ուզում էի, որ սովորողները պատմեին իրենց պապերի ցավի մասին, միասին տխրեին  7-րդ դասարանցի Տոնոյան Լևոնի պապի` Կարսի Առաքելոց վանքի քահանայի կորցրած ընտանիքի համար,  միասին ուրախանային  Սաթենիկ Մանուկյանի` գաղթական կնոջ մասին պատմությունը լսելիս:

Ուզում էի, որ 8-րդ դասարանցի Էրիկը Սահակյան պատմեր ու հետն էլ խնդմնդար իր տատի ու պապի` Հայաստան գալու նպատակով փող աշխատելու ձևը գտնելու վրա:

Ուզում էի, որ Աստղիկը Մամիկոնյան անկեղծ գրեր. «Ո ՞նց կարող էի ես մինչև հիմա չիմանալ այս ամենի մասին»:

Ուզում էի, որ 12-րդ դասարանցի Արփին Հարությունյան պատմեր Առաքելոց վանքի տնտես իր ապուպապ Առղա Արտաշի մասին ու հպարտանար նրանով:

Հա, հենց էլ ուզում էի, որ 11-րդ դասարանցի Սյուզին Կարապետյան պատմեր տիգրանակերտցի այն թուրք սպասավորի մասին, ով իր կյանքը վտանգելով փրկել էր տատի մորն ու հորաքրոջը:

Շատ էի ուզում, որ 8-րդ դասարանցի Գևորգն ու Վարդանը հանկարծ զարմացած պարզեին, որ իրենց պապերը նույն տարիներին ճիշտ նույն վայրում են եղել ու ոնց որ իրենք նույն բաներն են պատմում (այ քեզ բան, բարեկամ ենք եղել, չենք իմացել):

Շատ էի ուզում, որ 9-րդ դասարանցի Արամը Ոսկանյանը սկսեր հետաքրքվեր` ուրիշ դասարաններից էլի սովորողներ կա ՞ն, ովքեր իր նախնիների հայրենիքից են` Սալմաստ գավառից: Հարցներ, գտներ նրանց ու հետները ընկերություն աներ:

Իսկ գիտե ՞ք` ամենաշատը ինչ եմ ուզում

Ուզում եմ, որ մենք վերջապես ուժ գտնենք ու գոցենք անցյալ կոչվող իրականության դռները:

Ուզում եմ, որ վերջապես ձերբազատվենք էդ գրողի տարած խեղճուկրակությունից ու երազկոտությունից:

Ուզում եմ, որ վերջապես մեր պատմությունն ընդունենք առանց ավելորդ զգացմունքների ու հույզերի:  Հա, հենց էլ որպես ի գիտություն առ այն, որ:

Ուզում եմ, որ մենք չերկնչենք ուղիղ նայել մեր պատմության ամենամեծ Ցավի աչքերին ու արժանապատիվ տեր լինենք այդ ցավին` առանց մեղադրելու ու դատապարտելու:

Ուզում եմ, որ վերջապես հասկանանք ու ընդունենք, որ այս հողը նույնքան նվիրական է, որքան մեր պապերի էրգիրն էր: Այս հողի մեջ է ամփոփված Մեսրոպ Մաշտոցը: Այստեղ է Էջմիածինը: Այստեղ են Տաթևն ու Գեղարդը, Հաղպատն ու Սանահինը:

Այստեղ մեր խոնարհված վանքերն ու խաչքարերն են, որոնք նույնքան խնամքի կարիք  ունեն, որքան Արաքսից անդին գտնվող հուշարձանները:

Ուզում եմ,  որ սիրենք ու կարոտենք, գնահատենք ու շենացնենք մեր իրական հայրենիքը` Հայաստանի հանրապետությունը:

Ուզում եմ,  որ մեր իրական հայրենիքը` այս Հայաստանը, վերջապես գերադասենք մեր պապերի երկրից:

Նրանք`դիադինցի հողագործ Մովսեսն ու մշեցի իշխան Վարդանը,  իմն են այնքանով, որքանով իմն է հիմա նրանց ծննդավայրը` էրգիրը:

Մեծագույն հարգանք ունենալով իմ նախնյաց հիշատակի առաջ`ես փակում եմ անցյալ կոչվող չիրականության դռները:

Իմ պապն ու տատը, իմ հայրն ու մայրը այստեղ են ծնվել: Ես այստեղ եմ ծնվել: Նշանակում է` իմ հայրենիքը սա է: Սա է մեր հայրենիքը:

Իսկ մնացա՞ծը…

Մնացածը, սիրելի ընթերցող, Չարենցը կասեր` ուղեղային մորմոք է կամ սրտի հիվանդություն:

Նունե Մովսիսյան

Լուսանկարը`   ֆեյսբուքից

Реклама

Об авторе Նունե Մովսիսյան

Բարի գալուստ
Запись опубликована в рубрике Մեդիագզրոցներ с метками , . Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s