Գրիգոր Արծրունի, «Երեկ, այսօր ու էգուց»

Grigor ArcruniԱյն ազգը, որն ինքն իր վրա հույս չունի, ապագա չունի:

1872 թվականի հունվարի 1-ին լույս է տեսնում «Մշակի» առաջին համարը՝ Արծրունու «Երեկ, այսօր ու էգուց» խմբագրականով, որտեղ նա գրում է. «Կար ժամանակ, երբ մենք՝ հայերս, բավականացնում էինք մեր ազգային փառասիրության զգացմունքը, հիշելով մեր փառավոր անցյալը, մեր առասպելական ավանդույթները… Նա պարծենում է իր ազգի պատմությամբ, բայց աշխատում էր իր երեխաների հետ մայրենի լեզվով չխոսել… Ժողովուրդը տգետ եւ մոլեռանդ էր: Նա հայերեն չգիտեր, բայց եկեղեցի հաճախելով՝ ջերմեռանդ աղոթում էր…

Երեկվա օրը անցավ:

Այսօր ամեն տեղ սկսում են փոքր ի շատե հայերեն սովորել…

Էգուցվա օրը պահանջում է փոքր սերունդի տարրական ուսում, ժողովրդի համար՝ ժողովրդական գիտություն, ուսում առածների համար՝ ճիշտ գիտության ծանոթություն, հասարակության համար՝ ճիշտ  տպավորությունների վրա հիմնված մտախոհության եղանակ — ամենի համար աշխատանք:

Էգուցվա օրը պահանջում է բարձր ուսում ստացածներից ոչ թե միայն ժողովրդի ամեն դասերի կենսական երեւույթների խորը քննադատություն, այլեւ իրենց սեփական անձի խղճմտաբար անխոնջ անձնաքննությունը…

Երեկ մենք կտակարանական ազգ էինք.

Այսօր մենք ազգասեր ենք.

Էգուց մենք պետք է աշխատողներ դառնանք»:

Արծրունու հոդվածները լայնաթեւ էին: Սեւեռուն հայացք, խիստ դատողություններ լեզվի, կրթության, եկեղեցու, գրականության, հայ թատրոնի, կանանց դրության, գյուղական կյանքի վերաբերյալ, որն իր հերթին ի հայտ էր բերում ժամանակակիցների զայրույթն ու նպաստում հակադարձ հրապարակումներին: Օրինակ, «Մենք պոեզիա չունենք» հոդվածում նա այսպիսի միտք ունի. «Մենք՝ հայերս, առհասարակ չունենք բանաստեղծություն եւ չունեինք մեր հին, հարուստ գրականության մեջ»:

Արծրունին համարձակ ու ճկուն խմբագիր էր, աշխատանքի կազմակերպման հմուտ գործիչ: Իր ողջ եռանդը, անձնական կապերը, գումարները չէր խնայում, որպեսզի «Մշակի» կյանքը երկարեր: Նրա մի քանի հոդվածները, դրանց մեջ արծարծվող թեմաներն ու խնդիրներն առայսօր պահպանում են իրենց թարմությունը, թվում է՝ Արծրունին մեր դարում ստեղծագործող հայ լրագրող է. նույն խնդիրներն են, նույն հարցադրումները, նույն մտահոգությունները, նույն հասարակությունը: Եվ նա ասում է. «Գրողը, լրագրապետը իր գրական ասպարեզում գործելու համար, իր գործունեությունն աջող կերպով առաջ տանելու համար պետք է ապրի հասարակության մեջ, պետք է տպավորվի հասարակական կարծիքի ոգով, պետք է միշտ արձագանք դառնա հասարակության ամենօրյա տրամադրության…»:

Պատմում էին, թե Գրիգոր Արծրունու ծննդյան օրը հայրը, որ պաշտոնաթող գեներալ էր, նայելով նրա երեսին, ասել է.

— Օ՜, դու ինձ համար փորձանք ես դառնալու:

Իրողություն է այս, թե անեկտոդ – չգիտեմ, բայց մի անգամ Արծրունին իր հոր գլխին մի փորձանք բերեց: Թիֆլիսի քաղաքային ինքնավարության ընտրություններն են: Իրավասուների մի խումբ քաղաքագլխի պաշտոնի համար թեկնածու է հայտարարել Արծրունու հորը, ի նկատի ունենալով ոչ այնքան նրա արժանավորություները, որքան նրա գեներալային տիտղոսն ու հարստությունը: Մի ուրիշ խումբ որոշել է ընտրել վրացի Կիպիանուն, որ իրոք մի արժանավոր անձնավորություն էր և որ ապագայում շատ հալածանքներ կրեց ցարական կառավարությունից և մեռավ աքսորավայրում: Այս վերջին խմբի մեջ է լինում և՛ Գրիգորը: Նա ասում է.

 Հայր, եթե դու քվեարկես, գիտցիր, որ ես քեզ սև քվե եմ տալու:

— Չե՛ս համարձակվիլ, թշվառակա՛ն, — գոռում է գեներալը, որ վերին աստիճանի մի կամակոր և անզուսպ մարդ է եղել:

Գիրգոր Արծրունին կատարում է իր սպառնալիքը: Ընտրությունների ժամանակ նա իր ճերմակ քվեն գցում է Կիպիանու տուփի, իսկ սև քվեն` իր հոր տուփի մեջ: Եվ այդ մի հատիկ քվեով Կիպիանին քաղաքագլուխ է ընտրվում:

Այս բանն ինձ պատմել է իր ժամանակին նշանավոր վրացի հրապարակախոս Նիկոլայ Յոկովլևիչ Նիկոլաձեն:

Ընդհանուր առմամբ Գրիգոր Արծրունին արդարամիտ էր թե՛ հրապարակախոսության մեջ և թե իր մասնավոր կյանքում, բայց, լինելով ծայրաստիճան դյուրագրգիռ և տաքարյուն, հաճախ ընկնում էր ինքնամոռացության մեջ և շեղվում արդարադատության շավղից: Նա մերթ ջենտլմեն էր բառիս եվրոպական իմաստով և նրբազգաց, մերթ անհամբերողամիտ էր և բծախնդիր մինչև մանկության աստիճան: Իր հոբելյանի ժամանակ, երբ հոբելյանական հանձնաժողովի մի քանի անդամներ գռեհկաբար հրապարակախոս Սիմեոն Հախումյանին չէին թույլ տվել ճաշկերույթին մասնակցելու, նա ինքն շտապեց կառք նստել գտնելու և վիրավորվածից ներողություն խնդրելու և նրան իր հետ ճաշկերույթին բերելու: Մի ուրիշ անգամ մի հասարակական բազմամարդ ժողովում իմ ներկայությամբ խոստովանեց իր մի սխալը և արժանացավ իր հակառակորդների ծափահարությանը: Նման դեպքերում Արծրունու թշնամիները չունեին նրա չափ բարոյական քաջություն:

Աղբյուր՝ http://www.hraparak.am/84571/

http://lurer.com/?p=88288&l=am

Հուշերը՝ Ալ. Շիրվանզադեի «Կյանքի բովից»

Լուսանկարը՝  Արա Նախշքարյանի բլոգից

Реклама

Об авторе Նունե Մովսիսյան

Բարի գալուստ
Запись опубликована в рубрике Մեդիադարակներ с метками , . Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s