Ճեպազրուցող՝ Զաւէն Զաքարեան (ճեպանունով՝ Զ.Զ.)
Այնքա՜ն ալ հեշտ չեղաւ հանդիպումս Ամենայն Հայոցին հետ: Վերնատունը լեցուած էր Թումանեանի տասը զաւակներու աղմուկ-աղաղակով:Վերնատան սանդուխներու վրայ, մանկական անմեղ ժպիտը դէմքին՝ Թումանեանը յարեց.
-Մենակութիւնը Աստուածային դրութիւն է: Եւ մենակ մարդիկ են լաւ բաներ տուել աշխարհքին:
Մինչ ես կը փորձէի գրպանէս հանել ձայնագրիչը՝ Թումանեանը խնդրեց որ չհրապարակէի իր այս խօսքերը:
-Կը հասկնամ Ձեր դրութիւնը, վերջապէս ես ալ հինգ զաւկի տէր մարդ եմ,- ըսի եւ անցայ բուն նիւթին:
Սկսայ Լորտ Պայրընէն, որ ի հեճուկս օտարալեզու դպրոցներու սիրահար հայորդիներու՝ հայերէն էր սորված Մխիթարեաններու հոգածութեամբ:
-Բայրոնը կրակոտ է, կրքոտ,- ըսաւ Թումանեանը:
-Իսկ Փուշքի՞նը … (ձայնագրիչիս կոճակը մարելով յիշեցուցի Փուշքինէն իր ազդուած ըլլալու մասին չար լեզուներու ըսի-ըսաւները ):
— … Անշուշտ, նրանք (ակնարկելով՝ Փուշքինին եւ Լերմոնթովին) դրդել են ինձ ու տուել պոէմայի այն ձեւը, որով գրել եմ ես,- խոստովանեցաւ Թումանեանը Լոռեցիի յատուկ անկեղծութեամբ:
-Ուրե՞մն:
-Փուշքինը հաւասարակշռուած գեղարուեստագէտ է, մեծ բանաստեղծ:
— Իսկ Շելլի՞ն:
-Շելլին նուրբ է, երեխայական, նայիվութիւն ունի, շատ է նուրբ: Հայնէն էլ է նուրբ, բայց նրա նրբութիւնը չունի, սա Սատանա է, շատ սուր — պատի էն կողմն էլ է տեսնում,- յարեց Թումանեանը դարձեալ մանկական անմեղ ժպիտը դէմքին:
«Նուրբ», «Սատանա» բառերը լսելով՝ ուզեց իր քիթը խոթել վերնատան մէջ Թումանեանի զաւակներուն իբր թէ տիրութիւն ընող Գուրգէն Մահարին:
-Բայց ձեզ չի՞ թւում, որ մենք շատ ենք մի տեսակ քնքշացել: Ասում եմ մի տեսակ, որովհետեւ դա իսկական քնքշութիւն չէ… մենք կոկետութիւն ենք անում շատ յաճախ, ձեւի եւ բովանդակութեան մէջ շատ ենք կոտրատւում, ուզում ենք, շատ ենք ուզում օրիգինալ լինել, եւ որքան տքնում ենք այդ ուղղութեամբ, այնքան իրար ենք նմանւում: Յետոյ ինձ թւում է, որ իջել է մեր պոէզիայի առնականութեան չափը: Ինչ մեղքս թաքցնեմ, հէնց ես իմ բանաստեղծութիւնների մէջ երբեմն այնպէս եմ շշնջում, որ ինքս հազիւ եմ լսում իմ ձայնը, էլ ուր մնաց իմ ընթերցողը…
Տեսնելով իմ եւ Թումանեանին շփոթահար նայուածքը՝ Մահարին շարունակեց.
-Գալիք սերունդները կարող են մեզ հաւաքել ի մի եւ բոլորիս տալ մի անուն-ազգանուն .- Սուսանամբուլ Բմբուլբլբուլեան:
Եւ ապա զայրացկոտ «ես Վերջացրի» ըսելով մտաւ վերնատուն՝ աղմուկ-աղաղակ հանող Թումանեանի տասը զաւակներուն իբր թէ տիրութիւն ընելու ինքնապատրանքով:
-Իսկ ի՞նչ կ՛ըսէք Միցքեվիչին մասին՝ աւելի նրբաձայն հարց տուի Թումանեանին, որ քիչ մը զարհուրած էր Մահարիի անսպասելի միջամտութեամբ:
-Մեծ է Միցկեվիչը իրեն աշխարհքով, հոգով նման Պուշկինին…:
Անցայ Շէյքսփիրին:
-Իսկ ամենից մեծը Շեքսպիրն է. նա ինքը բնութիւնն է՝ խոշո՛ր, մե՛ծ, անմա՛հ ու համայնապարփա՛կ. ամէն ինչ ընդգրկող, տուող, հասկացող, եւ բոլորը նրա մէջ գտնում են ինչ որ ուզում են:
-Իսկ Կէօթէ՞ն,- քիչ մը ինքզինքս գտած հարց տուի:
— Այլ բան է Գէօթէն, նոյնպէս խոշոր, նոյնպէս հանճար, բայց սա ուրիշ է, սա խելօք գրող է, սրա գրելն զգացւում է, կարդալիս զգում ես, որ գրելիս մտածել է…
Կ՛ուզէի հարցնել որ «առանց մտածելու մարդ ինչպէ՞ս կրնայ գրել, բնականաբար պիտի մտածէ», բայց վախնալով որ Մահարին դարձեալ կրնայ միջամտել՝ անցայ Մեթերլինքին:
-Նոր գրողներից ինձ դուր է գալիս Մետերլինկը՝ հոգու աշխարհն է տալիս, հոգու նրբութիւնը: Լաւն է եւ մեծ Թագորը՝ Արեւելքի բարութիւնն ու խաղաղութիւնը տուող…
«Հոգու նրբութիւնը» լսելով՝ դարձեալ սանդուխներու վրայ երեւաց Մահարին՝
-Ռաբինտրանատ Թագոր… ու թւում է, թէ սեւ լեռների ամպեր են կուտակւում, խփում է կայծակը, թնդում է որոտը, իսկ կատաղած ովկիանոսն ահեղ գոչումով լիզում է սեւ լեռների փէշերը: … Եւ յիշեցի մեր բանաստեղծութեան այն շրջանը, երբ գոռում-գոչումն էր իսկական պոէզիայի չափանիշը: Ով բարձր գոռար, նա էլ մեծ էր: Բոլորիս կարելի էր տալ մօտաւորապէս մի անուն-ազգանուն: — Ռաբինտրանատ Բամփորոտանեան:
Մահարին նրբանալով՝ շարունակեց.
-Բայց ահա անցաւ ժամանակ, կամաց կամաց ստեղծեցինք մեր լիրիկան, ծաղիկներ ցանեցինք, բարդիներ տնկեցինք, փշատենու բուրմունքով լցրինք աշխարհը, ժամադրութեան խօսքեր ասինք… մենք շատ ենք մի տեսակ քնքշացել…
Հայանուն թերթ մը ինձմէ խնդրած էր Թումանեանի կարծիքը համաշխարհային կարգ մը գրողներու մասին՝ անշուշտ չհրապարակելու պայմանով:
Նշեալ թերթի խմբագիրը, ո՛չ միայն չհրապարակեց այս եզակի ճեպազրոյզը, այլ կշտամբեց կազէթաճիական կշտամբանքով:
-Թումանեանի պատասխանները լակոնական են, իսկ անկոչ հիւր Մահարիին միջամտութիւնը … «Չարտասանուած Ճառ» մըն է:
Ուստի …
© Հեղինակային ամէն իրաւունք վերապահուած է ընթերցողին: Ճեպազրոյցին բնագիրը կարելի է ձեռք ձգել դիմելով Թիֆլիս՝ Անահիտ Փոստանջեանին (գինը՝ պայմանագրային 5000 դրամ): Կարելի է ճեպազրոյցը արտագրել մասամբ կամ ամբողջութեամբ առանց նշելու ճեպազրուցողին ճեպանունը…