Նամակներ

tumanyan«Ամենասիրելի Հովհ. Թումանյան

Խորապես ցավում եմ, որ հնարավորություն չունեմ անցնել Ձեզ մոտ և ամենախորին հարգանքներս բերել Ձեզ, մեր խոսքի ամենամեծ վարպետին, մեր ամենասիրելի պոետին: Այսօր ժամը չորսին ես Ալեքսանդր Ֆեոդորովիչի հետ մեկնում եմ Երևան: Գնում եմ մեր երկիրը, խորապես համոզված լինելով, որ միմիայն այնտեղ, մեր հայրենի եզերքում մենք պիտի հնարավորություն ունենանք ստեղծելու մեր կուլտուրան, մեր գրական կուլտուրան, որը պետք է բխի Ձեր ստեղծագործության` որպես տեղական ստեղծագործության տրադիցիաներից:

Դառը սրտով գնում եմ այստեղից, ցավելով, որ հնարավորություն չունեմ Ձեզ մոտ լինելու և հետևելու Ձեր ամոքմանը, նաիրյան խոսքի ավագ նահապետի ամոքմանը, որից դեռ այնքան իմաստուն և այնքան լիքը սպասումներ ունի հայրենի եզերքը:

Սիրելի Թումանյան, ես խորապես հավատում եմ, որ Դուք կառողջանաք, կկազդուրվեք և կնվիրեք մեզ Ձեր «Հազարան բլբուլը», որի մասին լսել եմ ես մանկությունից և սրտատրոփ սպասում եմ կատարմանը: Ընդունեցեք իմ ` Ձեր կրտսերագույն աշակերտի ամենաջերմ հարգանքները, հավատացած եղեք, որ ես Երևանում սրտատրոփ պիտի սպասեմ Ձեր վերադառնալուն և պիտի գամ Թիֆլիս` իմ անհուն ակնածանքը բերելու Ձեր վաստակած և իմաստուն կյանքին, որ նվիրել է հայրենի եզերքին այնքան «շռայլ» ձեռքով հոգեկան բարիքներ ու գանձեր:

Նորից և նորից ցանկանում եմ Ձեզ լիակատար առողջություն:

Համբուրում եմ Ձեր վաստակած ձեռքը:

Ձեր` Եղիշե Չարենց

Մոսկվա, 1 հունվարի 1923 թ.»:

Աղբյուրը՝  http://toumanian.am/tangaran/namakani.php?clear=1&cont=2&poem=26

Թումանյանի նամակը Իսահակյանին

1921 թվականի դեկտեմբերի 9-ին Ավետիք Իսահակյանին Պոլսից Վենետիկ ուղարկված նամակը վառ ապացույցն է թումանյանական ազնիվ ոգու եւ ազգային գործչին հատուկ սկզբունքայնության։ Նրա դառնացած նամակը կարծես մեզ հասցեագրած լինի.

«Ես չես ուզում եւ չեմ կարող երկար ու բարակ գրել մեր երկրից, թեեւ դու հարցնում ես։ Կարճ ասեմ. մենք թե՛ դրսից, եւ թե՛ ներսից քանդեցինք մեր երկիրը։ Գլխավորապես մենք։ Մենք եմ ասում, եւ սրա մեջն է ճշմարտությունը։ Մի մասը խաչագող սրիկաներ, մի մասը գողեր ու ավազակներ, մի մասը ապիկար թշվառականներ, եւ չերեւաց մի բազմություն, գոնե մի խմբակ, որ վերածնվող երկրի շունչը ու բարոյական կարողությունը հայտնաբերեր։ Էսքան աղետների ու պարտությունների մեջ ո՛չ մի մեղավոր չերեւաց, ո՛չ ոք ոչ պատասխանի կանչվեց, ոչ պատասխան տվեց։ Եվ շարունակվում է. այժմ էլ նույն մարդիկը, նույն ճանապարհներով…Եվ ոչ մեկը գոնե անձնասպան չեղավ, որ ապացուցաներ, թե գոնե ամոթ ու խղճմտանք կա էս մարդկանց մեջ կամ էս ժողովրդի մեջ։ Բայց ես ինչ եմ ասում-չկարողացան գոնե վշտանալ կամ վշտացած երեւալ»։

Դեմիրճյանի նամակը Վահան Թոթովենցին 

Սիրելի Վահան

Այսօր տխուր օրերիցս մեկն է, որովհետև այնքան տխուր չէ, որ պիտի լիներ այս` Օհաննեսի թաղման օրը, որովհետև ես նրան ավելի առաջ եմ թաղել իմ սրտում: Չմեռա՛վ Օհաննեսը, — մեռավ մարդը իմ սրտում, մեռավ հավատը դեպի մարդը: Եվ նա եղավ պատճառը: Ինձ համար ավելի մեծ վիշտ է այն հանգամանքը, որ նա մենակ մեռավ, լքված` իր բազմաթիվ բարեկամներից: Վերջին օրերը մի անհայտ ռուս բժիշկ այցելել է նրան և բերել ինչ-որ մի րոպեական թեթևացնող դեղ` նրա տանջված ճակատին քսելու: Օհաննեսը նրան չէր կանչել, և հայտնի չէ, որտեղից էր նա եկել մոտը: Օհաննեսը զգացված համբուրել էր բժշկին և ասել. «Ահա՛ ինչ է նշանակում մարդ»: Բժիշկը պատասխանել է. «Ոչինչ բան է մարդը»: Օհաննեսը պատասխանել է. «Ամե՛ն բան է մարդը»:

Ասել է` մարդո՛ւ ծարավի Օհաննեսը մարդու էր սպասում իր կյանքի վերջին օրերին:
ի՞նչ բան է սա. ողբերգական թյուրիմացությո՞ւն, թե՞ զղջումն: Ո՛չ. Օհաննեսը մի բանի զղջաց` իր կյանքն ու առողջությունը վատնելուց (և իրավո՛ւնք ուներ). դա մի ողբերգական թյուրիմացություն էր: Մարդիկ շատ չկան, բայց կան, և եթե նա շուրջը նայեր, եթե նա մի կողմ թողներ իր մեծաղմուկ կյանքի հիմարությունները, եթե նա իր աուդենցիաների, տնահանդեսների և պալատական ժխորի և կեղծիքների մշուշների մեջ աչքը դարձներ իր շուրջը, լավ է ասել` դռան շեմքը, անշուշտ, կնկատեր մի քանի մարդու, որոնք թույլ չէին տալ, որ մի անհայտ բժիշկ րոպեական հեշտացնող դեղով ամոքեր նրա անխուսափելի մահը:

Օհաննեսի մեջ ամեն բան կար, բացի կուլտուրականությունից: Նա սիրեց հանդիսավորությունը, «հասարակականությունը», սիրեց ամենքին և ամեն ինչ և Պարոնյանի ասածը հաստատեց. «Ամենքին բարեկամը և ոչ մեկի բարեկամն է»:

«Երբ ամե՛նքը բարեկամ են, և ո՛չ մեկը բարեկամ է»,- կասեի ես: Եթե Նա մարդու կարիք էր զգում, կգտներ. բայց նա որոնեց մարդկանց բազմություն և սայթաքեց:

Է՜հ, Վահան, թողնեմ այս տխուր դամբանականը: Եթե իմ մեջ մեռավ հավատը դեպի մարդը, դեռ չի մեռել հավատն ինքը: Ապրեք և որոնեք նո՛ր մարդուն, որ «ամեն ինչ» է և «ոչինչ» …

Ուտենք, բակի հավերի պես, մեր կուտը և հանգիստ սպասենք, մինչև որ խոհարարի ժանգոտ ձայնը մեզ կկոչե դեպի դանակ և դեպի փլավ…

Դ.Դեմիրճյան «Երկերի ժողովածու», XIV

 

Об авторе Նունե Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Մեդիադարակներ с метками , , . Добавьте в закладки постоянную ссылку.

4 отзыва на “Նամակներ

  1. Уведомление: Հովհաննես Թումանյան նախագիծ ամփոփում | Eric Sahakyan

  2. Уведомление: «Կարդում ենք Թումանյան» նախագիծ  — Անի Գրիգորյան

  3. Уведомление: Թումանյանական օրեր – Մարգարիտա Բալայան

  4. Уведомление: «Կարդում ենք Հովհաննես Թումանյան» նախագիծ — Արման-Տեր-Ստեփանյան

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s