Մովսես Սիլիկյանի կոչը

SilikyanԳեներալ Մովսես Սիլիկովի՝  Սարդարապատի ճակատամարտից առաջ արտասանած կոչը:

«Հայե՛ր, շտապեցե՛ք հայրենիքն ազատելու։

Հասել է րոպեն, երբ յուրաքանչյուր հայ՝ մոռանալով իր անձնականը, հանուն Մեծ Գործի՝ հայրենիքի փրկության և իր կնոջ ու աղջիկների պատվի պաշտպանության, պետք է գործ դնի իր վերջին ճիգը՝ թշնամուն հարվածելու համար: Մենք չէինք ուզում կռվել. հանուն խաղաղության ու հաշտության պատրաստ էինք ընդառաջ գնալու ամեն տեսակ զոհողությունների, սակայն, մեր նամարդ թշնամին ընթանում է իր ծրագրած ուղիով. նա, ըստ երևույթին, ստրկացնել է ուզում մեզ, բայց, իրոք, ուզում է ոչնչացնել մեր բազմաչարչար ազգը: Բայց քանի որ պիտի ոչնչանանք, ավելի լավ չէ՞, որ զենքը ձեռներիս փորձենք պաշտպանել մեզ: Գուցե հաջողվի մեծ կռվով ձեռք բերել ապրելու իրավունքը:

Իսկ որ մենք կարող ենք պաշտպանվել, այդ ցույց տվին վերջին կռիվները մեր ճակատում, ուր մեզանից թվով գերազանց թշնամին նահանջի է դիմել մեր հերոսական գրոհի առաջ:

Հարկավոր է մի ճիգ ևս, և թշնամին վռնդված կլինի մեր երկրի սահմաններից, ուր մեր պապաերն ու հայրերը երկար տարիներ արյուն-քրտինքով աշխատել են գեթ մի կերպ հայթայթել իրենց օրվա ապրուստը:

Հայե՛ր, ժամանակ չէ դանդաղելու: Մինչև հիսուն տարեկան ունեցող բոլոր տղամարդիկ պարտավոր են զենքի տակ գալու. ես պահանջում եմ ամենքից ներկայանալ իրենց զենքերով ու փամփուշտներով հայրենիքի պաշտպանության համար:

Հայուհինե՛ր, հիշեցե՛ք հինգերորդ դարի փափկասուն տիկնանց, որոնք ոգևորեցին իրենց ամուսիններին դեպի Մեծ Գործը, անմահ Վարդանի կռիվների ժամանակ. հետևեցե՛ք նրանց օրինակին, եթե չեք ուզում, որ ձեր պատիվը ոտնակոխ լինի, խրախուսեցե՛ք այն վախկոտներին, որոնք զանազան պատրվակներով խուսափում են ճակատ գնալուց: Հավաքեցե՛ք ռազմամթերք, հաց, հագուստ և ուրիշ մթերքներ…

Ես խորապես համոզված եմ, որ իմ այս կոչը անարձագանք չի մնա, և երկու-երեք օրվա ընթացքում կկազմակերպվի մի այնպիսի՛ քաջարի զորաբանակ, որին կհաջողվի վռնդել թշնամուն հայրենի հողի սահմաններից և ապահովել հայ ժողովրդի գոյությունը:

Հանո՛ւն բազմաչարչար ժողովրդի ֆիզիկական գոյության,

Հանո՛ւն ոտնակոխ եղած ճշմարտության,

Ոտքի՛ կանգնեցեք:

Դեպի՛ սրբազան պատերազմ»:

 Գեներալ Մովսես Սիլիկյան

Երևանի զորամասի հրամանատար

24.05.1918թ.
Աղբյուրը՝  http://hayrenagan.blogspot.com/2014/05/blog-post.html

Խոսք՝ Պարույր Սևակի, երաժշտություն՝  Էդգար Հավհաննիսյանի

Էդգար Հովհաննիսյան. ինչպես ծնվեց «Սարդարապատ» երգը

1968 թվականն էր, երբ նշվում էր Սարդարապատի ճակատամարտի 50-ամյակը, և արդեն համարյա ավարտվել էր դրան նվիրված հուշարձան-կոթողի կառուցումը, ինձ զանգահարեց Ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանը, ասաց, որ շատ է հավանում Երևան-Էրեբունի երգը և շատ է ուզում, որ Սարդարապատ հուշարձանի զանգերի մեղեդին ես գրեմ: Այդ երգով զբաղվում էր հատուկ հանձնաժողով: Հանձնաժողովը որոշեց, որ զանգերի մեղեդին պետք է լինի զեյթունցիների քայլերգը, որ, հավանաբար, ճիշտ էր, որովհետև ավանդական մեր պատմական երգերից է. նոր մեղեդին կարող էր գոնե սկզբնական շրջանում խորթ թվալ: Այդ միտքը՝ Սարդարապատին նվիրված երաժշտություն ստեղծելը, մտավ իմ մեջ՝ շնորհիվ Ռաֆայել Իսրայելյանի:
Քանի որ մի երգ Պարույր Սևակի հետ ես գրել էի՝ «Երևան-Էրեբունի», և Պարույր Սևակին շատ մոտ էին նման գաղափարները, ես նորից դիմեցի նրան: Պարույրը, որը առաջներում միշտ հակառակ էր այն բանին, որ սկզբում ստեղծվում է երաժշտությունը, ապա հետո նրա համար բանաստեղծությունը գրվում, ասաց.
_ Գիտե՞ս. «Երևան-Էրեբունի» երգի փորձը ցույց է տալիս, որ դա սխալ չէ, արի դու սկզբից երգի երաժշտությունը գրիր, ես հետո այդ չափերով բանաստեղծությունը կստեղծեմ:
Եվ այսպես, այդ երգը ստեղծվեց:
Պետք է ասեմ, որ բանաստեղծությունը՝ երգի տեքստը, ընդունեցի հիացմունքով: Իրոք, շատ լավն էր, շատ բարձր պոեզիա էր: Հավանաբար, ժողովածուների մեջ չի մտել, որովհետև Սևակն ունի ավելի խորը, ավելի բարձրարժեք ստեղծագործություններ. չգիտեմ, բայց իր բովանդակությամբ, իր բանաստեղծական բնույթով, իր աֆորիզմով, որ կա այդ կարճ տեքստի մեջ, շատ բարձր ստեղծագործություն է:
Երբ չի մնում ելք ու ճար,
Խենթերն են գտնում հնար:
Այդ բանաստեղծության ամեն մի տողը ուղղակի գլուխգործոց է և մարգարիտ: Պարույր Սևակի հետ ընդամենը երկու երգ գրեցինք: Մտադիր էինք մեծ կտավի ստեղծագործության վրա աշխատել, սակայն կյանքը մեզ այլ բան հրամցրեց…
1988 թ. Կ. Թերզյանի «Բույլ մեծաց» գրքից

Աղբյուրը՝   magaghat.am

Կարող եք կարդալ նաև՝ 

Реклама

Об авторе Նունե Մովսիսյան

Բարի գալուստ
Запись опубликована в рубрике Մեդիադարակներ с метками . Добавьте в закладки постоянную ссылку.

4 комментария на «Մովսես Սիլիկյանի կոչը»

  1. Уведомление: Գևորգ 5-րդ Սուրենյանցի կոչը | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  2. Уведомление: Դեպի անկախություն | MSKH Films

  3. Уведомление: Սարդարապատը միայն ճակատամարտ չէր… | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  4. Уведомление: Սարդարապատը միայն ճակատամարտ չէր… | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s