Հատված Էռնեստ Հեմինգուեյի «Մարդու հավատամքը» գրքից
Մահվան և վախի մասին
«Ծերունին և ծովը» գիրք է մարդկային կյանքի հերոսական ընթացքի մասին: Գրքի վրա աշխատելը ինձ համար դժվար էր: Ես ծերության սարսուռ էի զգում: Քչերն են մահանում ծերությունից: Գրեթե բոլորը մեռնում են հիասթափությունից, չափից ավելի մտավոր և ֆիզիկական աշխատանքից, ծանր ապրումներից, դժբախտ պատահարից: Մարդը գոյություն ունեցող կենդանի էակներից ամենաաշխատունակն է: Երկար ապրած կյանքը մարդուն հաճախ զրկում է լավատեսությունից: Կարճատև կյանքն ավելի լավ է:
Հազիվ թե գտնվի մի մարդ, ով իր կյանքի ընթացքում գոնե մեկ անգամ չի զգացել ավելի ուժեղ ցավ, քան, սովորաբար, զգում է մահվան մահճում հայտնվածը: Մի անգամ հայտնի բժիշկն ինձ ասաց, որ մահվան տառապանքները թույլ ատամնացավի նմանվող ցավեր են:
Յուրաքանչյուրին վիճակված է լինել ռազմիկ, յուրաքանչյուրին վիճակված է մեռնել, միայն վախկոտներն են մեռնում իզուր: Ես միշտ հավատացել եմ՝ տղամարդու հիմնական պարտականությունը վախի հաղթահարումն է: Ոչինչ չի բարոյալքում մարդուն այնպես, ինչպես վախկոտությունն ու վտանգից վախենալը: Նման մարդիկ հեշտ ուղիները դժվարացնում են, իսկ դժվարները՝ անանցանելի դարձնում:
Մարդիկ հաճախ ունենում են անկարևոր վախեր՝ վախ ամեն ինչ մինչև վերջ իմանալուց: Վախենում են բացահայտել փաստը, որն ինքնին այնքան սարսափելի չէ, որքան դրա հանդեպ տածած վախն է: Նրանք մշտապես ապրում են այն մտքի հետ, որ ուրվական են տեսել և տառապում են դրանից: Ավելի լավ է իմանալ վատը, քան ամեն օրը ապրել ամենավատն ունենալու վախը սրտում:
Աղբյուրը՝ Эрнест Хемингуэй, Кредо человека
Ռուսերենից թարգմանությունը՝ Նունե Մովսիսյանի
Կարող եք կարդալ նաև՝
Էռնեստ Հեմինգուեյ, «Մարդու հավատամքը»
Уведомление: Էռնեստ Հեմինգուեյ | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Հեմինգուեյ, «Մահվան և վախի մասին» – Բարի գալուստ Լիլի Ավագյանի բլոգ