Ռալֆ Ուոլդո Էմերսոն (1803-1882) ամերիկյան տրանսցենդենտալիզմի հիմնադիրն է, ում դերն ամերիկյան մշակույթի պատմության մեջ բացառիկ է:
Գրող, տեսաբան, փիլիսոփա և խոհագիր Էմերսոնն ճանաչված է նաև` որպես հմուտ և նրբին ոճաբան:
Գիրքն արժանավոր նյութ է: Ամենավաղ դարաշրջանի գիտնականն ընկալում էր իրեն շրջապատող աշխարհը, խորհրդածում նրա մասին: Իր գիտակցության մեջ նրան նոր կարգ էր սահմանում և արտահայտում այդ աշխարհը: Այն, ինչ ընկալում էր նա ինքը` կյանքն էր, այն, ինչ արտահայտում էր` ճշմարտություն էր: Այն, ինչ նա ընկալում էր` կարճաժամկետ իրադարձությունների անընդհատականությունն էր, այն ինչ արտահայտում էր` անմահ ճշմարտություններ:
Այն, ինչ ընկալում էր` գործ էր, այն, ինչ արտահայտում էր` պոեզիա: Նա ընկալում էր անկյանք փաստը, իսկ արտահայտում` կենդանի միտք:
Վերջինս կարող է անշարժ մնալ, բայց կարող է նաև գործել: Այն մերթ փորձության է դիմանում, մերթ` վեր ճախրում, մերթ էլ` ոգևորում: Թե որքան բարձր է ճախրելու, որքան երկար է հնչելու որպես երգ, լիովին կախում ունի մտածողության գոյությունից, որում ծնվել է այդ միտքը: Եվ կարելի է ասել, որ դա կախում ունի նաև այն բանից, թե ինչքան հաջող է եղել կյանքը ճշմարտության վերափոխելու պրոցեսը: Որքան լավն է շաղախը, այնքան անբեկանելի է նյութը։ Բայց ոչ մեկը, ոչ էլ մյուսը` լիովին կատարյալ չեն լինում: Ինչպես և ոչ մի պոմպով չի կարելի լիակատար վակուում ստեղծել, այդպես էլ և ոչ մի արվեստագետ չի կարող իր գրքում լիովին ազատվել անցողիկից, ավանդույթի պահանջներից կամ իր երկրի ճաշակներից, ստեղծել այնպիսի գործեր, որոնք պարունակում են միայն մաքուր միտք և բոլոր առումներով ներգործում են հեռավոր սերունդների և ժամանակների, ավելի ճիշտ կլինի ասել` հաջորդ դարաշրջանի մարդկանց վրա: Մենք գիտենք, որ յուրաքանչյուր դարաշրջան պետք է ստեղծի իր սեփական գործերը, իսկ եթե ավելի ստույգ լինենք, յուրաքանչյուր սերունդ պետք է գրքեր ստեղծի իրեն հաջորդող սերնդի համար: Նախկինում գրված գրքերն այլևս չեն բավարարում այդ սերնդին:
Սակայն հենց այստեղ էլ բացահայտվում են լուրջ մոլորությունները: Հենց ստեղծագործական գործունեության, մտածողության սրբազան իմաստով է օժտված նաև նրա արգասիքը: Հավատում էին, որ իր երգը երգող բանաստեղծն աստվածային էակ է, հետևաբար` աստվածային է նաև երգը: Գրողը մարմնավորում էր արդարության և իմաստության ոգին: Ելնելով դրանից` սկսել են համարել, որ նրա գրածն էլ կատարյալ է, այդպես հերոսի նկատմամբ ակնածանքն այլասերվում և նրա արձանի մեծարմանն է վերածվում: Եվ հենց որևէ համանման բան է կատարվում, գիրքն անմիջապես սկսում է միայն վնաս պատճառել, նրա հեղինակի ուղեկցորդից բռնակալի է վերածվում: Ժողովրդական զանգվածի սին և խեղաթյուրված մտածողությունը, որը միանգամայն տհաճությամբ է ենթարկվում բանականության ներխուժմանը, ունի այնպիսի յուրահատկություն, որ մի անգամ տեղի տալով այդպիսի ներխուժմանը, մի անգամ ընդունելով ինչ-որ գիրք, ամեն կերպ պաշտպանում է այն, անգամ, երբ այդ գիրքը քամահրում են: Դրա վրա են հիմնվում բոլոր քոլեջները: Նրա մասին գրքեր են գրում մտածողները, ոչ թե մտածող մարդիկ, այլ «շնորհալի հորինողները», այսինքն` նրանք, ովքեր հենց ի սկզբանե ընթանում են կեղծ ուղղությամբ, ովքեր առաջնորդվում են ընդունված դոգմաներով, այլ ոչ թե սկզբունքների սեփական ընկալմամբ:
Գրադարաններում աճում են վախվորած հոգով պատանյակներ, որոնք իրենց պարտքն են համարում կիսել այն հայացքները, որոնց հետևել էին Կիկերոնը կամ Լոքը, կամ էլ Բեկոնը, և մոռանում են, որ Կիկերոնը, Լոքը կամ Բեկոնը, երբ գրում էին իրենց գրքերը` չէ՞ որ իրենք էլ գրադարաններում գաճաճ պատանյակներ էին:
Եվ ահա, մտածող մարդու փոխարեն` մեր առջև գրքի որդն է: Մեր առջև մի ամբողջ շարք մարդիկ են, ովքեր լուսավորյալ են դարձել ընթերցանության շնորհիվ, և գրքերը, որպես այդպիսիք, մեծարում են ոչ թե այն պատճառով, որ դրանք նման են բնությանն ու մարդկային կեցվածքին, այլ` որ դրանք աշխարհի և հոգու հետ ինչ-որ երրորդ Դասի պես մի բան են կազմում: Մեր առջև են գրական ընթերցումների վերականգնիչները, բնագրի ստուգության բնագավառի վարպետները, բոլոր աստիճանների մոլագար գրքասերները:
Գրքերը, եթե կարողանանք դրանք օգտագործել, լավագույն բաներն են աշխարհում, իսկ եթե ճիշտ չօգտագործվեն, կարող են ամենավատերի շարքը դասվել: Ի՞նչ է նշանակում` գիրքը ճիշտ օգտագործել: Ո՞րն է այն միասնական նպատակը, որի իրականացման համար գործադրվում են բոլոր միջոցները: Գրքերը հարկավոր են միայն մի բանի` ոգեշնչում հարուցելու համար: Լավ կլինի, եթե կյանքումս ես ոչ մի գիրք չվերցնեմ, քան թույլ տամ, որ նրա ձգողական ուժն ինձ վնաս պատճառի, քանի որ գիրքն իմ շահերի շրջանակում չէ, և մասը չի կազմում իմ համակարգի, այն, նրանից անկախ, կողմնակի մարմին է: Աշխարհում միակ արժեքավոր բանը ներգործուն հոգին է: Յուրաքանչյուր մարդ իրավունք ունի օժտվելու նրանով. Այն պարփակված է ամեն մի մարդու մեջ, թեև գրեթե յուրաքանչյուր մարդու հոգին հնարավորություն չի ունենում բացահայտվելու և առայժմ նույնիսկ լույս աշխարհ չի եկել: Ներգործուն հոգին կարող է հասնել բացարձակ ճշմարտության, կարող է դրսևորել այդ ճշմարտությունը կամ ստեղծել այն:
Իր գործունեությամբ հոգին հանճարի տիպար է, և դա ոչ թե ընտրյալների և սակավաթիվ մարդկանց արտոնությունն է, այլ յուրաքանչյուր մարդու առողջ վիճակը: Իր իսկ էությամբ` այն գրավականն է առաջադիմության: Գիրքը, քոլեջը, գեղարվեստի դպրոցը, ամեն տեսակի հասարակական հաստատություն բավարարվում է անցած դարաշրջանների հանճարների որևէ հայտնագործությամբ: Նրանց դատողությունների ընթացքն այդպիսին է. հայտնագործությունը խորունկ բան է, ուրեմն եկեք հետևենք դրան: Դա կապում է իմ ձեռն ու ոտը: Այդպիսի հայացքը ոչ թե առաջ, այլ հետ է ուղղված:
Բայց հանճարն առաջ է նայում, մարդու աչքերը դեմքի վրա են, ոչ թե ծոծրակի, մարդուն սնում է հույսը, հանճարն արարում է: Մարդուն ինչպիսի տաղանդներ էլ շնորհված լինեն, եթե նա չի արարում` չի կարող մաքուր աստվածային հուր բռնկեցնել, նա կարող է ծուխ հանել, իր հետքից մոխիր թողնել, բայց ոչ բոց: Արարման կնիքը կանխորոշում է գեղարվեստական յուրաձևությունը` թե գործողությունը, թե խոսքը, այն յուրաձևությունը, այն գործողությունը և խոսքը, որոնք սովորույթներին և հեղինակություններին ենթարկվելու ոչ մի հետք չեն կրում, սակայն ծնվում են հանպատրաստից, հենց իրենց իսկ ներհատուկ բարության և գեղեցկության զգացմունքից: Մյուս կողմից, ստեղծագործողի համար ճակատագրական է, եթե նա իր իսկ մարգարեն լինելու փոխարեն` ճշմարտությունը մի ուրիշից պատրաստի վիճակում է ստանում` հրաժարվելով ինքնուրույն մտածողությունից, մենացումից, ճշմարտությունը սոսկ իրեն ներհատուկ ձևով պաշտպանելուց, ճակատագրական է, եթե այդ ճշմարտությունը հանդես գա նույնիսկ լույսով ողողված: Հանճարը միշտ բավարար չափով ընդդիմանում է մի այլ հանճարի, եթե նրա ներգործությունը չափից ավելի շատ է լինում: Վկա` ամեն մի երկրի գրականությունը: Անգլիացի դրամատիկ բանաստեղծներն, արդեն երկու հարյուր տարի է` շեքսպիրացված են:
Անկասկած, կա ընթերցման ստույգ եղանակ, այնպես, որ այն խստիվ ենթարկված լինի բարձրագույն պահանջմունքներին: Մտածող մարդը չպետք է իրեն տրված գործիքների առաջ ընկրկի: Գրքերը գոյություն ունեն գիտնականի անզբաղ ժամանակների համար: Եթե նա ընդունակ է ընթերցելու Աստծո անմիջական նախասահմանումները` ժամանակը չափազանց թանկ է, որպեսզի վատնվի ուրիշ մարդկանց կարդացածի վերապատմումը ներկայացնող գրվածքների վրա: Բայց երբ վրա են հասնում խավարի պահերը, իսկ դրանք պետք է որ վրա հասնեն ժամանակ առ ժամանակ, կամ էլ պետք է թաքնվի արևը, և պետք է որոշ ժամանակ մարեն աստղերը` մենք դիմում ենք արևի կամ աստղերի ճառագայթից բռնկված լամպերի օգնությանը, որպեսզի դրանք մեր քայլերն ուղղեն դեպի Արևելք, որտեղից ծագում է լուսաբացը: Մենք լսում ենք, որպեսզի կարողանանք խոսել:
Արաբական առածն ասում է. «Ժանտաթզենին, նայելով մյուս ժանտաթզենուն, սկսում է պտղաբերել»: Սքանչելի է այն հաճույքի բուն բնույթը, որ մեզ պատճառում են լավագույն գրքերը: Մենք դրանցից հանգում ենք այն համոզման, որ նա, ով գրել է, և նա, ով կարդում է` ըստ բնույթի` միասնական են: Անգլիացի մեծ բանաստեղծներ, օրինակ` Չոսըրի Մարվելի կամ Դրադընի բանաստեղծությունները մեզ միանգամայն արդիական հաճույք են պատճառում այն նկատառումով, որ այդ բերկրանքը մեծ մասամբ բացատրվում է բանաստեղծի և մեր միջև եղած ինչ-որ ժսմանակավոր հեռավորության բացակայությամբ:
Խելացի մարդու համար ընթերցանությունն, անշուշտ, միանգամայն անհրաժեշտ բան է: Նա միայն ջանադիր ընթերցմամբ պետք է յուրացնի պատմությունը և բնական գիտելիքները: Ճիշտ այդպես ինչ-որ չափով միանգամայն անհրաժեշտ է քոլեջների գոյությունը. դրանք պետք է գիտելիքների հիմնական տարրերը պատվաստեն: Սակայն դրանք կարող են մեզ իսկապես ծառայել այն դեպքում, եթե դրանց նպատակը լինի ստեղծագործությունը, ոչ թե մեր գլուխը տեղեկություններ խցկելը, երբ նրանք իրենց հյուրընկալ տանիքի տակ հավաքեն բոլոր երկրամասերի հանճարներին և այդպիսով բազմիցս բորբոքված կրակով բոցավառեն իրենց մոտ սովորող պատանյակների սրտերը: Միտքը, գիտելիքն իրենց բնույթով այնպիսին են, որ այստեղ անզոր են խորամանկությունները և հավակնոտությունը:
Պատմուճանները և հիմնադրամները, թեկուզ և դրանք նվիրաբերվեն և շատ հարուստ քաղաքների կողմից, երբեք այնքան արժեք չեն ունենա, որքան ունի մտածողության ամենաաննշան դրսևորումը, նրա` թեկուզ թույլ արտացոլքը: Բավական է դա մոռանալ, և մեր քոլեջները կկորցնեն իրենց հասարակական նշանակությունը` տարեցտարի ավելի ու ավելի հարստանալով:
Ռուսերենից թարգմանեց Վարդան Ֆերեշեթյանը
Աղբյուրը՝ http://168.am/2012/08/30/120639.html
Уведомление: Բան ունեմ ասելու… | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
http://www.bartleby.com/90/
НравитсяНравится
հզորագույն, չափազանց ազդեցիկ, չափազանց պոետիկ, իմաստուն… շատ բան ունենք Էմերսոնից սովորելու։ երանի մեր սովորողներն ավելի շատ ծանոթանան իր մտքերին…
НравитсяНравится
Արամազդ ջան, ռուսերենը չկա՞, անգլերեն չգիտեմ, է…
НравитсяНравится
Նունե ջան, էս մեկը գտա.
http://flibusta.net/b/334647
НравитсяНравится
Շնորհակալություն, Արամազդ ջան: :)
НравитсяНравится
Уведомление: Գեորգի Գյուրջիև | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)