Գիրն այս գրվել է 2014թ. սեպտեմբերի 28-ին` տիարի 100-րդ գրի առթիվ, կարծում եմ` այն մասնակի լրացումներով հանդերձ արդիական է նաև այսօր` 1000-րդ գրի ծննդյան օրը:
«Մարդիկ մեզ օգնում են` կամ նվիրաբերելով իրենց միտքը, կամ պարգևելով իրենց զգացմունքները: Այդ օգնությունն իրական է: Մնացած բոլոր դեպքերում ի հայտ է գալիս խաբուսիկ արտաքին կողմը: Եթե դուք բարեհաճեք սպասարկել ինձ հացով ու վառելիքով, ես շուտով կնկատեմ, որ դրանց դիմաց վճարում եմ լիովին և դրանով հանդերձ մնում եմ այնպիսին ինչպիսին կայի` ոչ վատը, ոչ լավը: Մինչդեռ յուրաքանչյուր մտային ու բարոյական ուժ ծնում է դրական բարիք»: Ռալֆ Ուոլդո Էմերսոն
Բան ունեմ ասելու
Գիրը գրողի համար տոն է՝ հոգու կանչ, սրտի թելադրանք ու մտքի շող: Այն, ինչ խոսք, հարստացնում ու լիացնում է գրողին՝ տոն պարգևելով: Իսկ ընթերցողի համա՞ր…
Եթե գիրը հասավ, լավ է ու լավ, եթե չէ՝ ի՞նչ կարող ես անել:
Գիր գրողն ու գրի կարդացողը Գիր-գետի հանդիպակաց ափին կանգնած մարդիկ են. մեկը գրում է, մյուսը՝ կարդում: Ու, եթե գիր գրողն ու գիրը կարդացողը իրար հանդիպում են, ուրեմն՝ աշխարհի ու հոգու միջև անտեսանելի ծիածան-կամուրջ է կապվում՝ տոնը դարձնելով իրական ու իսկական, կենդանի ու գունեղ:
Եթե գիրը, այնուամենայնիվ, չի հասնո՞ւմ ընթերցողին:
Կարող ես միայն չկարդացողի փոխարեն ու համար տխրություն զգալ. գիր գրողի համար կարդացողը նույնն է, ինչ թելի համար շուլալողը:
Գրի ամենակարևոր գործառույթը, իմ կարծիքով, ընթերցողին ձայն տալն է, արթնացնելն ու ոգևորելը. այդպես արևածագն է մարդուն քնից հանում:
Գիր գրողը առավոտվա լույսի նման պիտի արթնացնի ընթերցողին ու Սարոյանի հերոսի նման ձայն տա՝ հե ՜ յ, ո՞վ կա այդտեղ…
Ու, եթե ընթերցողը շուռ չի գալիս, ուրեմն կամ չի լսել կամ չլսելու է տալիս. երկու դեպքում էլ տեղում չէ, չկա ու վերջ: Ափսո ՜ս…
Իսկ, եթե որպես ընթերցող լսել ես այդ ձայնը, ուրեմն կշրջվես ու Աշոտ Բլեյանի բլոգի 100-րդ գրի ծննդյան օրը, սարոյանական մեկ այլ կերպարի նման արդեն դո՛ւ ձայն կտաս՝ բան ունեմ ասելու:
Բան ունեմ ասելու:
Տիա՛ր ջան, բան ունեմ ասելու, չեմ կարող չասել:
Շնորհակալ եմ Ձեր բլոգից՝ ինձ հասցեագրված լույսի ու ջերմություն համար:
Շնորհակալ եմ Ձեր բլոգում բարի ու դրական, շիտակ ու անկեղծ, առողջ ու կենսաթրթիռ տրամադրություն ստեղծելու ու բաշխելու համար:
Շնորհակալ եմ Ձեզնից՝ ոգևորող ու ոգեշնչող լիցքեր տալու, ասել է թե՝ ներգործուն հոգի լինելու համար:
Խոսքս սկսել և ավարտում եմ հավանածս փիլիսոփաներից մեկի՝ Էմերսոնի բառերով. «Աշխարհում միակ արժեքավոր բանը ներգործուն հոգին է: Ներգործուն հոգին կարող է հասնել բացարձակ ճշմարտության, կարող է դրսևորել այդ ճշմարտությունը կամ ստեղծել այն: Իր գործունեությամբ հոգին հանճարի տիպար է, և դա ոչ թե ընտրյալների և սակավաթիվ մարդկանց արտոնությունն է, այլ յուրաքանչյուր մարդու առողջ վիճակը: Իր իսկ էությամբ` այն գրավականն է առաջադիմության»:
Շե ՛ն մնաք: Որտեղ 100-ը, այնտեղ էլ՝ 1000-ը, 10 000-ն ու անընդհատը…
Լուսանկարում՝ Ջոջ կամ Ավագ գետի ակունքը (Մոկս գավառ): «Ճյուճ կետի ակը» համարվում է բնության բացառիկ հրաշալիք. գետը բխում է անմիջապես քարանձավի միջից:
Նունե Մովսիսյան
շաաաատ տեղին գիր էր, գետի մյուս ափտ հասնող… կեցցե՛ Նունեն, կեցցե՛ Աշոտ Բլեյանը, կեցցե՛ Էմերսոնը…
«Իր գործունեությամբ հոգին հանճարի տիպար է, և դա ոչ թե ընտրյալների և սակավաթիվ մարդկանց արտոնությունն է, այլ յուրաքանչյուր մարդու առողջ վիճակը» — ՄԻԱՆՇԱՆԱԿ…
НравитсяНравится
Շնորհակալ եմ, Արամազդ ջան: Մի ներգործուն հոգի էլ դո՜ւ ես…
НравитсяНравится
այ քեզ կոմպլիմե՜նտ…. :)
НравитсяНравится
Հույս չունենաս՝ կոմպլիմենտ չի, իրականություն ա…
НравитсяНравится