Այսպիսի Ռաֆայել Իշխանյան…

375px-Ռաֆայել_Իշխանյան

Մարտի 9-ին ծնվել է բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռաֆայել Իշխանյանը:

Համալսարանական իմ ուսանողական տարիները, ինչպես շատ-շատերինը, լիքն են եղել: Լիքն են եղել հատկապես հետաքրքիր մարդկանցով: Բանասիրական ֆակուլտետում ինձ դասավանդած դասախոսների անունների թվարկումն արդեն իսկ տպավորիչ է. ակադեմիկոս լեզվաբաններ՝ Էդուարդ Աղայան, Գևորգ Ջահուկյան, Հովհաննես Բարսեղյան, ակադեմիկոս գրականագետներ` Էդվարդ Ջրբաշյան,  Հրանտ Թամրազյան, Վազգեն Գաբրիելյան, ժամանակակից հայոց լեզվի իմ դասախոսները՝ պրոֆեսորներ Աշոտ Սուքիասյան, Մանվել Ասատրյան, Ռաֆայել Իշխանյան: Առանձնակի հուզումով  եմ հիշում իմ գրաբարի դասախոսին՝  երջանկահիշատակ Խորեն Պալյանին: Ինչպես ուսանող ժամանակ, հիմա էլ Բուն TV-ով հաճույքով  լսում եմ իմ փիլիսոփայության դասախոսին՝ Աշոտ Ոսկանյանին: Բա արտասահմանյան գրականության մեր արտիստիկ դասախոսները՝  մեկը մեկից ինքնատիպ ու յուրօրինակ.  Լևոն Ներսիսյան, Հենրիկ Էդոյան, Արտեմ Հարությունյան: Ուսումնասիրելու, հետազոտելու ինչ-ինչ որակներ ձեռք բերելուս համար շնորհակալ եմ իմ դիպլոմային աշխատանքի («Սիրո հոգեբանությունը Գրիգոր Զոհրապի նովելներում») ղեկավարին՝  պրոֆեսոր Ալբերտ Շարուրյանին:

Նրանք բոլորն էլ իմ ներաշխարհում, ինչ խոսք, անտեսանելի հետք թողել են: Բայց եղել են դասախոսներ, որոնց թողածը տեսանելի է ու շոշափելի-նյութական: Դրանցից մեկը, անշուշտ, Ռաֆայել Իշխանյանն է:

Բարի, հանդարտ մարդ էր: Բաց կապույտ աչքեր ուներ, մանկան անմեղ ժպիտ: Թեև ինքը մեզ դասավանդում էր «Ժամանակակից հայոց լեզու», բայց քննության ժամանակ՝  քննաթերթ քաշելուց առաջ, արտասանել էր տալիս Վահան Տերյանի բանաստեղծություններից և Ակսել Բակունցի «Ալպիական մանուշակ», «Միրհավ» պատմվածքներից հատվածներ:

Հիշողությանս մեջ հատկապես տպավորվել է մի դեպք: Իշխանյանի հերթական դասն էր, ու ես, դասախոսությունը գրելու փոխարեն, նստել էի պարապ-սարապ ու մտքում երաժշտություն էի մտմտում: Շատ էի տարվել ու չէի նկատել, որ Իշխանյանը ամբիոնի մոտից եկել, հասել է ինձ: Մեկ էլ գլխիս վերևից լսեցի Իշխանյանի ձայնը.

-Կարո՞ղ եմ իմանալ՝  ինչու չես գրում:

Ի՞նչ պիտի պատասխանեի, ազնվորեն խոստովանեցի, որ նախորդ օրվա տեսածս «Ամադեուս» ֆիլմից երաժշտական հատվածներ եմ «երգում»: Համ պատասխանում եմ, համ էլ սպասում, որ Իշխանյանը ուր որ է բարկանալու է: Հանկարծ, ինձ համար անսպասելի, Իշխանյանը հարցրեց.

-Ո՞ր հատվածն ես երգում:

Ես սկսեցի կամացուկ հատվածը երգել,  մեկ էլ, ի զարմանս ինձ, Իշխանյանը ռիթմը բռնեց ու սկսեց շարունակել: Այդպես ինքնամոռաց, մեկ-երկու րոպե միասին՝  Իշխանյանն ու ես, Մոցարտ «դընդընացինք»:

Հավանաբար զգալով ուսանողների զարմացած հայացքները՝  Իշխանյանը թողեց երգելը, ինձ նայեց աչքերի կապույտ ժպիտով, ապա դեմքով շրջվեց դեպի լսարանն ու բոլորին լսելի ձայնով բարձրաձայնեց.

-Իսկ դասախոսությունը կարող ես չգրել: Մոցարտին կարելի է, Մոցարտին կարելի է…

Ասաց ու հանդարտ շարունակեց դասախոսությունը:

Այսպիսի Ռաֆայել Իշխանյան…

Երախտագիտությամբ և խոնարհումով՝  Նունե Մովսիսյան

Об авторе Նունե Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Մեդիագզրոցներ. Добавьте в закладки постоянную ссылку.

10 отзывов на “Այսպիսի Ռաֆայել Իշխանյան…

  1. Նունե ջան,ես էլ պատմականում եմ սովորել,կարող է նույն ժամանակ ենք ուսանող եղել:Ինձ էլ են դասավանդել Խորեն Պալյանը,Վազգեն Գևորգյանը…

    Нравится

  2. Նման Մարդ տեսակը շատ քիչ է հանդիպում. ես երջանիկ եմ,որ եղել եմ Նրա ուսանողը,և հպարտ եմ,որ նրա համար եղել եմ «սիրելի ու հրաշալի Նարինե»,և երախտապարտ եմ,որ Նրա շնորհիվ այսպիսի ուսուցիչ եմ…

    Нравится

  3. Уведомление: Ծիսական օրացույց | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  4. Уведомление: Սիրտ իմ, որ արթուն կայ… Տաթև՝ տա ինձ թևեր | Բլե Իշխանի կամ Բլեյանների տոհմ

  5. Նունե ջան, Ռաֆայել Իշխանյանը եղել է մեր ընտանիքի լավագույն բարեկամը՝ հայրիկիս երկար տարիների ընկերը և ես հպարտ եմ որ նման գիտնականը, հրաշք անձնավորության ժամանակակիցն եմ եղել,լսել եմ նրա խոսքը՝ լակոնիկ, ոսկեղենիկ հայերենը,իմաստուն մտքերը: ՌաֆայելԻշխանյանի խորքային, ճշմարիտ հայի քրիստոնեա տեսակը մեր ազգին շատ է պակասում:

    Нравится

  6. Уведомление: Ռաֆայել Իշխանյան «Երրորդ ուժի բացառման օրենքը» | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  7. Уведомление: Ռաֆայել Իշխանյան. հարցեր անուղղելի ռուսասերին | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  8. Уведомление: ԾԻՍԱԿԱՆ ՏՈՆԱՑՈՒՅՑ | «ԼԻՍԻՑՅԱՆ» ԾԵՍԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ

  9. Уведомление: «Տիգրան Հայապետյան» գրադարանի օրացույցը 2023-2024 ուստարում — Գրադարանավարի բլոգ

Оставьте комментарий