Դուք կարող եք փող ունենալ, դուք կարող եք տուն ունենալ, դուք կարող եք սոցիալապես ապահովված լինել, հնարավոր է՝ բանկային հաշիվ էլ ունենաք, բայց դրանցից և ոչ մեկն էլ ձեզ չի կարող ուժ հաղորդել:
Դրանք միայն փոխարինիչներ են՝ սիրո աղքատ փոխարինիչներ:
Վերջիններս կարող են ավելի շատ անհանգստության պատճառ դառնալ, որովհետև բավական է, որ դուք ֆիզիկական անվտանգ կարգավիճակում հայտնվեք՝ դրամական և սոցիալական ապահովություն ունենաք, ձեզ մոտ ի հայտ կգան բազում վախեր. ամենը կարող են խլել ձեզանից: Կամ էլ դուք կսկսեք անհանգստանալ՝ ունենալ ավելին ու ավելին, քանզի չբավարարված միտքը սահմաններ չի ճանաչում…
Ամեն ինչ արմատների կարիք ունի:
Սերը հող է, որի կարիքը մարդը զգում է, որպեսզի կարողանա արմատներ ձգել: Ճիշտ այնպես, ինչպես ծառերի արմատներն են խրվում հողի մեջ, այնպես էլ մարդկային գոյերն են արմատներ ձգում սիրո հողի մեջ:
Մեր արմատները անտեսանելի են, տեսանելի ոչինչ չի օգնի…
Փողը միանգամայն տեսանելի է, տունը՝ ևս, սոցիալական դիրքը՝ նույնպես: Բայց մեզ, ծառերի անտեսանելի արմատների նման, հարկավոր է գտնել որևէ անտեսանելի հող. անվանեք դա սեր, անվանեք դա աստված, անվանեք դա աղոթք…նման մի բան՝ անտեսանելի, ոչ նյութեղեն, անհասանելի, խորհրդավոր…
Այնպիսի մի բան, որն անկարելի է բռնել և ձեռքում պահել, ընդհակառակը՝ հարկավոր է նրան թույլ տալ քեզ բռնել և ձեռքում պահել:
Աղբյուր՝ Ошо. Любовь дает вам корни
Ռուսերենից թարգմանությունը՝ Նունե Մովսիսյանի
Լուսանկարը՝ Հայկ Մելքոնյանի