Առավոտյան սուրճ չի լինելու…

Arm

Վերջին մեկ շաբաթվա ընթացքում միտումնավոր կերպով շուտ եմ դուրս գալիս տնից, որպեսզի առավոտյան ընդհանուր պարապմունքից 30-35 րոպե առաջ լինեմ Մայր դպրոցում: Միջին դպրոցի խոհանոցում խաղաղ ու անշտապ սուրճ  եմ պատրաստում, դուրս գալիս ներքին բակ՝  օրվա, թերևս, ամենասպասված սուրճը այնտեղ վայելելու:

Ամեն առավոտվա պես շտապում եմ կանգառ: Բայց արդեն երթուղայինի մեջ սկզբում տարտամ, բայց քիչ ավելի ուշ՝  պարզորոշ ու հստակ գիտակցում եմ, ոնց որ թե առավոտյան սուրճ չի լինելու:

Ներսումս հուշիկ հուշում կա ու կանչող կանչ…:

Առաջներում, երբ նման դեպքեր էին լինում, մեր ամենատիարի ասած՝ «գեժ-գեժ» (շատ եմ հավանում էդ արտահայտությունը) ընդդիմանում էի, փորձում հասկանալ ինչու-ն: Վաղուց ոչ էլ դիմակայում եմ, խելոք-խելոք հնազանդվում եմ:

(Աստվածաշնչում ասված է, չէ՞. «Ավելորդ հետաքրքրասիրությունը չարից է»):

Իջնում եմ երթուղայինից, ձայնիս ուղեկցությամբ քայլում եմ Սուրբ Երրորդություն եկեղեցի ու ճանապարհին հիշում, որ վերջին անգամ եկեղեցում եղել եմ Զատիկին՝  ապրիլի 5-ին: Ամաչում եմ, գլուխս կախ մտնում եմ եկեղեցի, նստում վերջին նստարանի անկյունում ու ակամայից նայում ներսի անցուդարձին. տնտեսուհիները մաքրում են հատակը, երիտասարդ մայր է մտնում նորածին բալիկը գրկին ու նստում ինձնից ոչ հեռու, մի քանի տարեց հավատավոր կանայք նստած սպասում են (մեկ-մեկ ինձ թվում է՝  նրանք միշտ եկեղեցում են, ոչ էլ գնում են): Մի քիչ հետո գալիս է հոգևորականը, բարձրաձայն բարևում է, հետո բացում եկեղեցու կողմնային դռները: Թարմ օդի մի սիրուն փունջ արագ վազքով ներս է մտնում եկեղեցի, ու խունկի բույրը դառնում է էլ ավելի զգլխիչ..

Սկսվոմ է առավոտյան ժամերգությունը: Առաջվա պես շարունակում եմ նայել, արդյո՞ք նայում եմ: Ուզում եմ լսել ժամերգությունը, արդյո՞ք լսում եմ: Փորձում եմ հասկանալ գրաբար տեքստը, չէ՛, չի ստացվում, ձայներն արձագանքում են:

Ի՞նչ է կատարվում. ոնց որ թե ես ես չլինեմ, ոնց որ թե ես եկեղեցո՞ւմ էլ չեմ:

Ինչ-որ պահի հասկանում եմ, որ լարումն իմաստազրկվել է: Թույլ եմ տալիս, որ հոգևոր երգերը պարուրեն ինձ ու տանեն: Հետո իրար խառնված մտքերն ինձ տանում են վերև, արձագանքվող ձայները կարծես թափվում են երկնքից, խունկի բույրը քիչ առաջ ներս մտած թարմ օդի հետ ներսումս է հայտնվել ու… մաքրո՞ւմ է ինձ: Հստա՛կ է, ու մաքրում-բուժում է: Զգացողությունն այդ ակնհայտ է. մի քիչ նման է Պատարագից հետո ստացած Ս. Հաղորդությանը, երբ բերանումդ բացահայտ համ ես զգում …

Ու հանկարծ հեռախոսիս զանգը Կոմիտաս է երգում՝ սրտամոտ ու հարազատ: Սթափվում եմ, շտապում եմ դուրս: Իմ սիրելի հոգեհմա հոգեառն է՝ Մարգարիտ Հարությունյանը, մեր սիրով, բայց…զոռովը (Մայիս Նիկողոսյան, ականջդ կանչի): Զարմացած նայում եմ  հեռախոսի կանաչ էկրանին. պարզվում է՝  արդեն մեկ ժամ է, ինչ եկեղեցում եմ: Անհավատալի է…

Դրսում եղանակը սառն է, կարծես խորը քնից միանգամից ուշքի եմ գալիս, արթնանում եմ: Անձրևում է: Երկինքն իր մեծ մաղի մեջ լցրել է ամպոտ անձրև ու կենարար ջուր է մաղում երկրի վրա: Շարունակում եմ քայլել: Հանկարծ հիշում եմ, որ պայուսակումս անձրևանոց կա: Բացել, թե՞ չբացվել: Վարվում եմ ամեն անգամվա պես՝ չեմ բացում: Ու այն մտքից, որ այդ խեղճուկրակ «անոցին» ոչ հովանոց, ոչ էլ անձրևանոց այդպես էլ բախտ չվիճակվեց լինել, մի տեսակ մեղավորության զգացում եմ ապրում:

Որտեղից որտեղ գալիս ու մտքումս կարուսելի նման սկում է պտտվել Էքզյուպերիի՝  երեկ գիշեր թարգմանածս տողերը. «Եթե դու կյանքն ապրել ես ու չես ենթարկվել հոգու կամ սրտի թելադրանքին, այլ առաջնորդվել ես որոշակի նկատառումներից ելնելով, որոնք հնարավոր է արտահայտել բառերով և որպես ամբողջություն տեղավորել բառերի ներսում, ապա մենք քեզ հետ խոսելու ոչինչ չունենք…»:

Միայն թե իմանաս՝  քեզ ոնց եմ սիրո՜ւմ, միշտ ճիշտ, հարազատ ու պայծառ Էքզյուպերի, շարունակիր խոսել ինձ հետ…

Ն. Մ.

Реклама

Об авторе Նունե Մովսիսյան

Բարի գալուստ
Запись опубликована в рубрике Մեդիագզրոցներ. Добавьте в закладки постоянную ссылку.

Один комментарий на «Առավոտյան սուրճ չի լինելու…»

  1. Նունե Մովսիսյան:

    «Ոչ տեսածիդ հավատա, ոչ լսածիդ հավատա, թե հոգուդ աչքը բաց է, կզորանաս»

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s