Յուրաքանչյուր մարդ նույնքան յուրահատուկ է, որքան նա, ով երբևէ ապրել է, հիմա ապրում է կամ էլ երբևէ կապրի ապագայում: Դուք բոլորդ սուրհանդակներ եք: Ամեն մեկդ: Դուք յուրաքանչյուր օրվա կյանքի մասին ուղերձ եք կրում: Ամեն մի ժամ և ամեն մի պահ: Ամենը, ինչ դուք մտածում եք, խոսում կամ անում եք՝ ուղերձ է: Ձեր ամբողջ կյանքը՝ ձեր դասն է: Եթե դուք մտածեիք, որ վաղը ուրիշները կանցնեն այն ճանապարհով, որով դուք եք այսօր անցնում, կանցնեի՞ք նույն այդ ճանապարհով:
Դուք կարող եք մտածել, որ մարդիկ կախում չունեն ձեզանից: Բայց դա այդպես չէ: Ձեզնից յուրաքնաչյուրը կապ ունի շատ ավելի մարդկանց հետ, քան կարծում եք: Իրականում բոլոր այն մարդկանց վրա, ում հետ դուք շփվում եք, ձեր օրինակը ազդում է: Դուք նրանց տեղեկատվություն եք փոխանցում կյանքի մասին: Դուք նրանց փոխանցում եք, թե կյանքն իրենից ինչ է ներկայացնում, ինչպես է կառուցված, և նրանք ընդօրինակում են ձեզ, նմանակում են ձեզ, ձեր ասած տեղեկությունը տանում են իրենց աշխարհ՝ այն դարձնելով սեփական կյանքի մի մասը:
Այդպես են վարվում ձեր երեխաները: Այդպես են վարվում բոլոր երիտասարդները, ովքեր տեսնում են ձեզ, ճանաչում են ձեզ, ում վրա դուք ազդեցություն ունեք: Ու կապ չունի՝ նրանք երեխաներ են, թե ոչ:
Այդպես են վարվում ձեր հարազատներն ու մտերիմները: Այդպես են վարվում բոլոր մարդիկ, ովքեր տեսնում են ձեզ, ճանաչում են ձեզ, ում վրա դուք ազդեցություն ունեք: Ու կապ չունի՝ նրանք ձեր մտերիմներն են, թե ոչ:
Այդպես են վարվում ձեր հարևանները: Այդպես է վարվում ձեր ժողովուրդը: Դուք հենց ժողովուրդն եք: Ժողովուրդը բաղկացած է ձեզանից: Դուք հենց ձեր կրոնն եք: Ձեր կրոնը բաղկացած է ձեզանից: Ամեն ինչ սկսվում է ձեզանից:
Դուք դոմինոյի առաջին քարն եք: Եթե դուք ընկնեք, կընկնեն դոմինոյի մնացած բոլոր քարերը: Ինչից որ դուք եք «խորտակվում», դրանից էլ «կխորտակվեն» նրանք: Եվ ուրեմն, անկախ ամեն ինչից, մի՛ «խորտակվեք», …բայց համընկեք:
Համընկե՛ք ձեր Բարձրագույն Եսի հետ, քանզի ձեր Բարձրագույն Եսը Ճանապարհ ունի անցնելու:
Համընկե՛ք ձեր մեծագույն մտքերին, քանզի դրանք ձեզ կհասցնեն Ճանապարհին:
Համընկե՛ք սիրո հետ, քանզի սերը հենց Ճանապարհն է:
Իսկ, հետո հետևե՛ք, թե ինչպես է ամեն ինչ, ձե՛ր շնորհիվ, իր տեղն ընկնում…
Աղբյուր՝ Нил Доналд Уолш. Беседы с Богом. Новые откровения
Ռուսերենից թարգմանությունը՝ Նունե Մովսիսյանի
Կարող եք ծանոթանալ նաև՝ «Նիլ Դոնալդ Ուոլշ» կայքէջին
Уведомление: «Հոգևոր ընթերցումներ»… — Անի Արղության
Уведомление: Նիլ Դոնալդ Ուոլշ, «Ամեն ինչ սկսվում է ձեզանից» – Բարի գալուստ Լիլի Ավագյանի բլոգ