Համշենահայեր. ինքնություն և մշակույթ

Քաջքարի լեռներ, Համշեն

Համշենին (ավելի ճիշտ՝ Համշենի բարբառին) ծանոթությունը սկսվել է համալսարանական տարիներին: Բանն այն է, որ հայ բանասիրության ֆակուլտետում կա «Բարբառագիտություն» կոչվող առարկա, և ուսանողները լավից-վատից ուսումնասիրում են հայերենի բարբառները: Հիշում եմ՝ միակ բարբառը, որից այդպես էլ գլուխ չհանեցի՝ Համշենի բարբառն էր:

Հայրս կասեր՝ «Սովորելու համար երբեք ուշ չէ, ուղղակի ինչքան ուշացնում ես, այնքան երբեք է դառնում…»:

Ի՞նչ է պատահել, հիմա կծանոթանանք: Սրանից լավ առի՞թ:

Ինձ հանդիպած ամենազարմանալի գիտնականներից մեկի՝  Գևորգ Ջահուկյանի «Հայ բարբառագիտության ներածությունը» բացենք ու կարդանք: «Համշենի բարբառը, ըստ ձևաբանական դասակարգման, խոսվել է Սև ծովի հարավ-արևելյան շրջանի ափամերձ Համշեն գավառում, 1890-ական թվականներից խոսվում է Աբխազիայի և Հյուսիսային Կովկասի մերձսևծովյան շրջաններում։  Հայերեն կը ճյուղի բարբառներից է: Համշենի բարբառն ունի երկու խոսվածք՝ Ճանիկի և Մալայի: Բաղաձայն համակարգը եռաստիճան է։ Առկա են կյ, քյ  քմայինները։  Մ, ն բաղաձայններից առաջ ա>օ, շեշտված վանկում՝ ո>օ։ Բազմավանկ բառերի հոգնակին կազմվում է նի վերջավորությամբ, բայն ունի երեք լծորդություն՝ ի, օ, ու։  Դերբայներն են անորոշը՝ ուշ (ընկնելընգնուշ, կարդալկարթուշ), ապակատարը՝ իք, հարակատարը՝ աձ, ենթակայականը՝ օղ:

Մի բան հասկացա՞ք: Լավ, էդ դեպքում եկեք լսենք Համշենական զրուցարան:

Պարզվում է, որ համշենի բարբառում «հիշել» նշանակում է ոչ թե մտապահել, այլ հայհոյել, իսկ «գովել» օգտագործում են բացառապես մահացած մարդկանց մասին խոսելիս, խելոքը՝ արագն է, կարդալը՝ սովորելը, իմանալը՝ լսելը, փողոցը՝ գետակը և այսպես շարունակ:

Ովքե՞ր են համշենահայերը

Հիմա էլ բացենք Վիքիպեդիան. « Համշեն կամ Համամշեն, հայկական կիսանկախ իշխանություն, ապա՝ հայաբնակ գավառակ Սև ծովի հարավ-արևելյան ափին, VIII դարի վերջից-XX դարի սկզբին։ Ներկայումս քաղաք Թուրքիայում։ Արաբական հալածանքներից խուսափող Համամ և Շապուհ Ամատունի իշխանները 789-790-ին, Վասպուրականի Արտազ գավառից (մասամբ՝ Այրարատից), 12 հզ գաղթականներով տեղափոխվել և բնակություն են հաստատել բյուզանդական Խաղտիք (Խալդիա) բանակաթեմում։ Բյուզանդիայի կայսր Կոստանդին VI-ի շնորհած Տամբար վայրում Համամ իշխանը հիմնել է Համամշեն (Համշեն) ավանը, որի անունով կոչվել է գավառակը, հայ բնակչությունը՝ համշենցիներ, համշենահայեր, համշիններ։ Քաջքար լեռան հյուսիսային լանջերի և շրջակա ձորերի հետ կազմել է Համշենի կիսանկախ իշխանության կորիզը։ 1489-ին պարտվել է օսմանյան թուրքերից, որից հետո Համշենի հայկական իշխանությունը դադարել է գոյություն ունենալ։ Համշենում նշանակվել է թուրք կառավարիչ, բայց գավառակի անմատչելի ձորերի հայ ձորապետները երկար ժամանակ պահպանել են ներքին ինքնավարությունը։

Գրչության կենտրոններ են եղել Սուրբ Խաչիկ հոր, Քոշտենց, Խուժկա վանքերը։

Համշենահայերի մահմեդականացումը

XIX դարի 70-ական թթ. ուներ 33 գյուղ, 13.190 հայախոս բնակիչ։  XVIII դարի վերջին — XIX դարի սկզբին ծավալվել է  Համշենի հայերի բռնի մահմեդականացումը։ Դավանափոխ հայերին անվանել են «կեսկեսներ»: Ամբողջությամբ դավանափոխվել են Համշենի, Խալայի և Վիժեի հայերը: Սակավահողության և կրոնա-ազգայնական ճնշման հետևանքով Համշենի հայերի մի մասը XIX դարի սկզբին գաղթել է Սև ծովի առափնյա շրջանները՝  Ջանիկ, Սյուրմենե, Տրապիզոն ևն։ 1877-78-ի ռուս-թուրքական պատերազմից հետո շատ համշենցիներ տեղափոխվել են Ղրիմ, Աբխազիա, Բաթում։ Դարավերջին Օրդուի և Խոփայի հայերը հաստատվել են Նիկոմեդիայում (Իզմիթում)։ Այնուհանդերձ, Համշենը մինչև XX դարի սկիզբը պահպանել է կիսանկախ վիճակը»։

Համացանցում Համշենի մասին նյութեր փնտրելիս՝ ուշադրությունս գրավեց Սերգեյ Վարդանյանի «Կրոնափոխ համշենահայերի ուսումնասիրման պատմությունից»  գիրքը: «Կրոնափոխ համշենահայերը բնութագրվում են իբրև քաջ, աշխատասեր, սակավապետ, լրջախոհ, զգուշավոր, ինքնամփոփ և բարոյական խիստ չափանիշներով առաջնորդվող: Ընդհանուր առմամբ կրոնամոլ չեն, եթե նույնիսկ մզկիթ կա, ապա այցելում են բացառապես 50-60-ից բարձր տարիքի տղամարդիկ: Նրանք գիտեն, որ իրենց նախնիները մահմեդականություն են ընդունել արյունոտ սպանդի հետևանքով:

Ըստ իս, կրոնափոխ համշենահայերը խոսում են Համշենի բարբառի առանձին խոսվածքով, որը կարելի է կոչել Խոփայի խոսվածք, կամ ինչպես իրենք են իրենց լեզուն անվանում` համշէցնակ (համշէսնակ), հօմշէցնակ (հօմշէսնակ):

Վերջին տասնամյակում խիստ մեծացել է հետաքրքրությունը Թուրքիայում բնակվող մահմեդական հայության, հատկապես կրոնափոխ համշենահայության հանդեպ: 2000թ. Կալիֆորնիայի համալսարանը Լոս Անջելեսում, իսկ 2005թ. Հայաստանի ԳԱԱ պատմության ինստիտուտը Սոչիում, կազմակերպեցին Համշենին և համշենահայությանը նվիրված միջազգային գիտաժողովներ: Սոչիի գիտաժողովում կարդացված զեկուցումներն արդեն հայերեն և թուրքերեն տպագրվել են առանձին գրքերով: Վերջերս ԱՄՆ-ում լույս տեսավ «Համշենցիներ. պատմությունը, հասարակությունը և ինքնությունը Թուրքիայի հյուսիսարևելյան լեռնաշխարհում» հոդվածների ժողովածուն, որն անգլերեն լինելու շնորհիվ մեծապես կնպաստի աշխարհում համշենագիտության տարածմանը»:

Իսկ հիմա փորձենք պարզել՝ բացի համշենահայերից Թուրքիայում էլի մահմեդականացված հայեր կա՞ն: Այսօր Թուրքիայում բնակվում են 5-7 միլիոն մահմեդականացված հայեր, որից 700 000-ը՝  Համշենում: Պարզ է, որ վիճակագրական տվյալները մոտավոր են, բայց դա ի՞նչ կարևոր է: Փաստը մնում է փաստ, որ մեր հայրենակիցների մի ստվար զանգված մահմեդականացված է:

Համշենահայերի խնդիրները

Համշենահայերը պայքարում են մայրենի լեզվով կրթության համար, բայց…  «Դեռևս չենք դիմել մայրենի լեզվով կրթություն ստանալու հարցով, որովհետև դրա համար մեր ձեռքին առայժմ գրավոր նյութ չկա»:

Այսպիսի բաներ…

Ինձ ու ինձ  տալիս-առնում եմ ու քանի օր է՝ մտածում եմ. «Լավ, ասենք այդ մարդիկ քրիստոնյա չեն, բայց հայ են, չէ՞:  Ասենք թե կրոնը չեն պահել, բայց հո՞ լեզուն պահել են: Էդ ինչի մուսուլման և քրիստոնյա արաբներ, հնդիկներ, չինացիներ կլինեն, բայց քրիստոնյա և մուսուլման հայեր չեն լինի՞: Ինչի՞ որ չեն լինի: Կրոնը էթնիկ ծագման հետ ինչո՞ւ ենք խառնում, որ ի՞նչ ենք խառնում:

Ասենք թե համշենահայոց մշակույթը խառնված է թուրքականին: Հետո՞ ինչ: Նրանք իրենց լեզուն ու մշակույթը պահել են այնքան, որքան կարողացել են, ինչքան ի զորու են եղել պահելու:

Կարելի է մտածել՝  Հայաստանում միայն Կոմիտաս ենք երգում ու լսում…

Հա, հասկանում եմ, որ առկա խնդիրը հոգեբանորեն դժվար հաղթահարելի է, բայց… պարտավոր ենք հաղթահարել: Ու դա, իմ խորին համոզմամբ, օր առաջ պետք է անել, այն էլ՝  պետական մակարդակով:

Վերջում՝ եկեք միասին լսենք համշենահայերի «Վովա» (ով է) համույթի օրորոցային «Նեննի-նեննի» և «Քուզեմ» երգերը: Ցանկության դեպքում կարող եք լսել նաև հեղինակային կատարում, խնդրեմ՝ Այդողան Թոփալ «Արդէցուք» (Արտասուք): Էս էլ Համշենի պարերը: Համշենի բարբառը (համշեցնակ) լսելու համար կարող եք դիտել ՍիվիլՆեթի «Համշենի լեզվով. Վովա» տեսանյութը:

Է՞լ: Մնացածը՝  Համշեն գնալ-գալուց հետո: Առաջ Աստված:

Լուսանկարում՝  Քաջքարի լեռներ, Համշեն

Նունե Մովսիսյան

Об авторе Նունե Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Մեդիագզրոցներ с метками , , . Добавьте в закладки постоянную ссылку.