Այս զարմանալի նամակը գրվել է հինգ հարյուր տարի առաջ՝ Ջովանի անունով մի վանականի կողմից: Այն շարունակում է հուզել նաև այսօր:
Ես քո ընկերն եմ, և ես քեզ շատ եմ սիրում: Այն, ինչ դու չունես, ես քեզ տալ չեմ կարող, բայց շատ-շատ բաներ դու կարող ես վերցնել ինքդ:
Աստված չի գալիս մեզ մոտ, քանի դեռ մեր սրտերում չի տիրում հոգեկան խաղաղություն: Բացահայտի՛ր երկինքը: Ապագայի աշխարհը թաքնված է այս օրվա մի ակնթարթում: Բացահայտի՛ր աշխարհը:
Խավարն աշխարհում ընդամենը ստվեր է: Նրա ետևում ուրախությունն է, և մենք կարո՛ղ ենք նրան հասնել: Մթության մեջ լույս կա և փառք, միայն թե այն տեսնել է պետք: Տեսնելու համար հարկավոր է միայն մի բան՝ նայե՛լ: Աղաչում եմ քեզ՝ բացի՛ր աչքերդ:
Կյանքը մեզ շռայլ շնորհներ է տալիս, բայց մենք դրանք գնահատելով հանդերձ՝ երես ենք թեքում, հեռու ենք վանում մեզնից. դրանք մեզ թվում են տհաճ, դժվար և ծանր:
Ե՛տ քաշիր այս ամենը և դրա տակ դու կտեսնես ապրեցնող լույս՝ հյուսված իմաստությունից, սիրուց, ուժից: Ուրախությամբ ողջունի՛ր և ընդունի՛ր այն, և դու կհպվես այս ամենը քեզ փոխանցող հրեշտակի ձեռքերին: Այն ամենի մեջ, ինչը մենք համարում ենք փորձություն, խիղճ կամ պարտք, հավատա՛ ինձ, հրեշտակի մատը խառն է, դրանում անտեսանելի Աստծո ներկայության հրաշքի պարգևը կա: Այդ ամենի մեջ մեր ուրախությունների աղբյուրը կա, բայց դրանք սովորական ուրախություններ չեն, դրանցում թաքնված են աստվածային պարգևներ:
Եղի՛ր համարձակ և քո իրավունքները հաստատիր դրանց վրա: Սա այն ամենն է, ինչ քեզնից պահանջվում է: Բայց քաջ եղիր և գիտցիր, որ մենք բոլորս թափառական անցորդներ ենք, ովքեր ձգտում են ապաստան գտնել օտար երկրում…:
Ավարտելով նամակս՝ ես մեկ անգամ ևս ողջունում եմ քեզ: Բայց ոչ այնպես, ինչպես ընդունված է ողջունել հասարակության մեջ: Ես քեզ ողջունում եմ խորին հարգանքով և աղոթքով: Թող միշտ ուրախությամբ բացվեն քո կյանքի օրերը, իսկ ստվերները թող հեռու թռչեն:
Աղբյուրը՝ Письмо Брата Джиованни
Ռուսերենից թարգմանությունը՝ Նունե Մովսիսյանի