Ավ. Իսահակյան «Հիշատակարան» (հատվածներ)

Av. Isahakyan

Ոգևորությունը-ոգևորված կյանքը-տիեզերքի գրկում մի բուրմունք է- անուշ բուրմունք է, անուշ բուրմունք, մի անուշ երգ է, մի խորին ներդաշնակություն, մի բանաստեղծական հյուսվածք: Ոգևորությունը մի այնպիսի հարմոնիա է, որի մեջ երջանկությունն ու թշվառությունը, բախտն ու դժբախտությունը, ժպիտն ու արցունքը, տանջանքն ու ուրախութունը, սերն ու մոռացությունը, կարոտն ու վիշտը սքանչելի վարպետությամբ հյուսված են: Ոգևորված մարդը ապրում է մի երազում, մի փառավոր երազում, որը անվերջ է և անխափան: Ա՜խ, չէ՞ որ բնությունն ինքը ապրում է այդպիսի ներդաշնակության մեջ-ամպն ու պայծառ օդը, զեփյուռն ու մրրիկը, ձյունն ու դալարը, ցուրտն ու տաքը, լույսն ու գիշերը, որոնք հակասություններ են, բայց ապրում են մի ներդաշնակության մեջ, և այնքան հրաշալի են.-առանց ամպերի, անձրև-ծիածան չկա, առանց ձյունի՝ ձմեռային գիշերվա փառահեղությունն ու սարերի փայլը, աստղերի ժպիտները: Թո՜ղ լինի մեր կյանքը՝ հարանման բնության կյանքին-մենք լսենք ու ժպտանք, մրրկվենք ու մեղմանանք, երգենք ու լսենք, եփվենք ու քնենք, սիրենք ու տանջվենք, կռվենք ու վիրավորվենք-միայն թո՜ղ ոգևորություն լինի, այդ կրակը, այդ բոցը, այդ շունչը մեր սիրտը դղրդացնե, շաչե-շառաչե թող մեր սիրտը-այնուհետև ցուրտն ու շողը, սովածությունն ու ծարավը աստիճաններ են մեզ համար, որով պիտի անցնենք-պիտի անցնենք գետը-դաշտը մտնելու, լեռը ելնելու…Իզուր է ձգտումը կյանքի միջից աբսոլյուտ հեռացնելու վիշտը, տանջանքը, դժգոհությունը-սա անկարելի է, սա բնության օրենք է-մարդ պիտի ծերանա, պիտի հիվանդանա, պիտի մեռնի. ձյուն պիտի գա, և պիտի մրսենք, արևը պիտի այրե, ու պիտի քրտնենք. իհարկե, կարելի է տանջանքների սահմանը մի քիչ նվազացնել, բայց բոլորովին ջնջել-անհնարին է…Բայց միայն ոգևորված սիրտը սիրով տանում է ամեն մի զրկանք ու ուրախություն…Ոգևորության մեջ է երջանկությունը, որը բարձր է, որը վսեմ է-պիտի փշրել այն սարքն ու կարգը, որ արգելում է ոգևորված կյանքը-եկեղեցին-պետությունը….

Նոյեմբերի 1, գիշեր

Ես ըմբռնում եմ, որ տիեզերքի մեջ ամեն բան սխալ կազմակերպություն ունի. մենք չգիտենք ապրել, մենք չունենք բարոյականություն, մենք մեզ չենք ճանաչում, մենք միայն գիտենք լավ խոսել, իսկ զգալ, մտածել, գործադրել՝ ո՛չ երբեք: Գիտենք բյուրավոր առաքինության իմաստներ, օրինակներ, և դարձյալ շարունակում ենք այնպես փայլել, որպես չենք ուզում: Ինձ թվում է՝ ամեն մի բարոյական միտք, իմաստ, գաղափար երկսայրի բնավորություն ունի՝ և՛ լավ է, և՛ վատ է՝ նայելով մարդկանց բարեհայեցողության, և հետևապես, ընդհանրական, զուտ ճշմարտություն չկա բնության մեջ:

Ըստ իս՝ մարդիկ ավելի անգիտակցորեն են ապրում, քան գիտակցորեն: Ամեն բան կարծես բնազդմամբ է: Լույսը բացվում է՝ զարթնում են, լվացվում են, խոսում են, ճաշում են, մթնում է՝ քնում են: Նրանք չգիտեն՝ ինչպե՛ս է կատարվում այն ամենը. ծիծաղում են, լալիս են, տխրում են. ինչու՞. չգիտեն: Ընդհանուր մարդկության կյանքը ինձ երևում է դատարկություն, որին ժամանակ անունն ենք տալիս: Ժամանակի շրջանները կազմում են յուրաքանչյուր անհատի կյանքը: Ուրեմն՝ կյանքը ժամանակն է: Բայց մենք, որ բնությունը տվել է մեզ ապրելու բուռն ցանկություն, ապրում ենք՝ չգիտենալով, թե ապրելը ինչու՞մն է կայանում, կամ ե՞րբ է կատարվում կամ ի՞նչ է… Ժամանակը անխնաբար վատնում ենք, նրան սպանում ենք և դարձյալ բղավում ենք՝ կյանք ենք ուզում, կյանքը կարճ է: Ամենալավ կյանք անցկացնողի մի ժամը ավելի երկար է, քան ամենավատ կյանք անցկացնողի ամբողջ կյանքը: Մենք այնքան անխիղճ ենք, որ ժամանակը՝ Աստծուն, կյանքին սպանում ենք… Ես այժմ ցանկանում եմ, որ այս րոպեն միշտ տևողական մնար, որովհետև քանի սահում են րոպեները, մենք այնքան ավելի շուտ ենք նմանվում ապականության, ոչնչության, մոռացության, անգործության: Վերջապես, մենք դեռ չգիտենք, թե ինչու՛ ենք ապրում, ապրելը նպատակ չունի… և որքան հիմարություն է աննպատակ ապրելը: Արդյոք գալու՞ է մի օր, որ մարդկությունը մի քայլ, մի վայրկյան իզուր չգործադրե, իզուր չապրի, որ մարդկությունը ամեն մի քայլը, ամեն մի վայրկյանը միայն գիտակցելով, զգալով առաջ տանի…

1891, դեկտեմբերի 30

Հայ ժողովրդի ողբերգությունը ինձ կիսեց: Կյանքս կիսեց:

Գյումրեցին ասում է-մարդու պակասություն:

Այսինքն՝ հաց, հարստություն կա, բայց մարդ չկա, խելոք, ազնիվ, մարդասեր, քաջ մարդ չկա…

-Ի՜նչ կա, ի՜նչ չկա:

-Մարդու պակասություն ուրիշ ոչինչ:

Ապրիլ

Տեսա Թերլեմեզյանի նկարի պատճենը-«Սիփան սարը Կտուց կղզուց». Կղզու վրա ժայռեր կային, ու փափագ զարթնեց համբուրելու այդ ժայռերը…

Սեպտեմբերի 6, Կիսլովոդսկ

…Ես տեսա Անին ավերակների մեջ…

Ես տեսնում եմ Անին շեն ու շքեղ իմ տեսիլի, իմ անուրջների, երազների մեջ, իմ հոգու մեջ-անվթար:

Հունիսի 24, Էսենտուկի

Գիշերս, երազիս մեջ տեսա հայր Ղ. Ալիշանին. պատմում էի նրան Հայաստանի մասին:

Նա ասաց.

-Մի՛ ասեր, մի՛ ասեր, մի՛ ասեր…

Չուզեցավ լսել Հայաստանի ավերների մասին:

Սեպտեմբերի 26, Ավալլոն

Հոգեկան և իրական.

Որտեղս որ ցավում է, հոգիս էլ այնտեղ է…Ես միշտ քեզ հետ եմ, ով իմ ժողովուրդ:

Թուրքերը միշտ զանազան գաղափարների դիմակի տակ առաջ են քշում իրենց ուզածը-ջնջել հայը:

Մարտ, Վենետիկ

Այսօր թյուրքերը գրավեցին Էրզրումը. ուրեմն մոտենում են Կարսին. հայերը նորից պիտի կռվեն և հերոսաբար մեռնեն: Մի՞ թե ո՛չ մի տեղից օգնություն չպիտի հասնի մեզ…

Մի՞թե ես պիտի աչքովս տեսնեմ իմ ազգի մահը…

Կարնո անկման օրը:

Միայն թե չմեռնի հույսը…

Մարտի 15

Վրաս հոգի չկա, հազիվ եմ ապրում ու շարժվում: Կյանքիս մեջ այսպես դժբախտ չեմ եղած, հազիվ՝ ասեղի ծակից մի նվազ հույս է շողում…

Երբ կարդում եմ թերթերը՝ սարսափից աչքերս ծածկում եմ, ասես թե՝ մեռնում եմ…

Հայությունը աներևակայելի վտանգի մեջ է հիմա, եթե անկորուստ դուրս պրծնի այս մահամերձ վիճակից, խոսք եմ տալիս ինձ՝ կյանքիս մեջ երբեք ախ չքաշել, չտխրել, չհուսահատվել, այլ ուրախ ու զվարթ, հարբած՝ ոգևորված ապրել ու գործել…

1918, մարտի 9, Ժընև

Իմ սո՛ւրբ ժողովուրդ, ես սիրում եմ, ես պաշտում եմ քո խավար խրճիթները, քո արտասվաթոր հացը և քո արյունաներկ արորը: Ես պաշտում եմ քո փլատակ վանքի ամեն մի փշրված քանդակը և համբուրում եմ նրանց սրբազան մամուռը:

Դու չե՛ս մեռել, դու անմա՛հ ես, դու ինքդ անմահությունն ես և հավերժական գաղափարը:

Ապրիլի 27

Ես տիեզերքի եզերքն եմ-ես հերոս եմ, ինձնից է սկսվում ամեն մի ճշմարիտ բան. ես այն ափն եմ, ուր կյանքի խարիսխն է ձգված. այս ափից բռնեցեք, ո՜վ մարդիկ, և կտեսնեք լույս ու կյանք…

Հունվարի 12

Աղբյուրը՝  Ավետիք Իսահակյան, Երկեր, Երևան «Սովետական գրող», 1987

Կարող եք ծանոթանալ նաև՝  Կարդում է Ավ.Իսահակյանը (օրիգինալ ձայնագրություն)

Реклама

Об авторе Նունե Մովսիսյան

Բարի գալուստ
Запись опубликована в рубрике Մեդիադարակներ с метками , . Добавьте в закладки постоянную ссылку.

2 комментария на «Ավ. Իսահակյան «Հիշատակարան» (հատվածներ)»

  1. Уведомление: Մեր Ամենատոնը` «Սեբաստացու օրեր. կրթահամալիրի տոն» | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  2. Уведомление: Մեր Ամենատոնը` «Սեբաստացու օրեր. կրթահամալիրի տոն» | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s