Ուզո՛ւմ եմ, որ մարդկանց հոգիներում, սրտերում ու մտքերում էլ ձյուն գա…
Սպիտա՜կ, մաքո՜ւր, փափո՜ւկ ձյուն…
Թո՛ղ ձյուն գա, մարդկանց ներսը պարուրի մաքրության շերտով, ծածկի-փակի բոլոր աղտերը, սխալ մտքերն ու կեղծ ապրումները:
Վախենալու ի՞նչ կա, մեկ է՝ հետո հալվելու է, չէ՞…
Ձյունը փաթիլ-փաթիլ, ինչպես մանանա, իջնի մարդկանց հոգիներին:
Ու սրտերին:
Մտքերին էլ:
Մաքրի մարդկանց հոգիներն այնպես, ինչպես ձյունն է մաքրում շրջապատը:
Որ շնչե՛լը հեշտանա:
Մարդկանց սրտերը ողողի թարմության ու նորի շնչով:
Որ սիրե՛լը հեշտանա:
Հալվելուց հետո էլ գնա-հոսի մտքերն ի վար` լվալով-տանելով մտքերի փոշին:
Որ մտածե՛լը հեշտանա:
Հենց շնչելը, մտածելն ու սիրելը հեշտացավ, ապրելը կհեշտանա ու կհեշտանա…
Ուզում եմ, շա՜տ եմ ուզում, որ մարդկանց հոգիներում, սրտերում ու մտքերում էլ ձյուն գա՝ Ջերմությո՜ւն, Խաղաղությո՜ւն, Պայծառությո՜ւն բերող խոշոր ու սիրուն փաթիլներով…
Նունե Մովսիսյան
Уведомление: «Բլոգավարությունը՝ թերապիայի միջոց» նախագի՞ծ | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: «Բլոգավարությունը՝ թերապիայի միջոց» նախագի՞ծ | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)