Աղոթքը ծաղիկ է՝ գիտակցության լիարժեք ծաղկուն վիճակ: Ոչինչ չի կարող աղոթքից բարձր լինել, այն սիրո մկրտությունն է: Աղոթքն անհավանական բույր ունի:
Աղոթքի մարդը մեծ սիրո տեր մեկն է: Նա անձնվիրաբար սիրահարված է գոյին: Նա մեծ սիրավեպ ունի կյանքի հետ: Աղոթող մարդու կյանքի յուրաքանչյուր ակնթարթ մեծ ուրախություն է, որովհետև յուրաքանչյուր ակնթարթ նրան բերում է անակնկալներ, յուրաքանչյուր ակնթարթ նրան բերում է պարգևներ: Նրա կյանքում ոչ մի դատարկ վայրկյան չկա:
Մենք այդ գեղեցկությունը չենք նկատում միայն այն պատճառով, որովհետև կույր ենք, և այդ երաժշտությունը չենք լսում միայն այն պատճառով, որովհետև խուլ ենք: Գեղեցիկն ամենուր է, այն շրջապատում է մեզ: Հարկավոր է ընդամենը մի մակարդակ վեր բարձրանալ և ապրել:
Սեքսուալ էներգիան շարժվում է դեպի ներքև, այն ենթարկվում է գրավիտացիայի օրենքին: Երկիրը դեպի իրեն է ձգում այն: Դա հողեղեն, կենսաբանական, քիմիական էներգիա է: Գիտությունը կարող է այդ էներգիան ուսումնասիրել, այն ենթակա է գիտական մեթոդաբանության: Սեքսուալ էներգիան նյութական է:
Սերը վերևում է: Այն սեքսուալ էներգիայի և աղոթքի մեջտեղում է: Սերը մի մասով հասանելի է բոլոր մարդկանց, մյուս մասով ներծծվում է ժամանակի մեջ և տրված է միայն քչերին՝ նրանց, ովքեր ներքին ճամփորդության մեջ են:
Առաջին մասը սովորական մարդուն հասանելի է ենթագիտակցաբար: Մյուս մասը գիտակցականն է: Երբ սերը դառնում է գիտակցված, դու առաջին անգամ ապրում ես այն, ինչը չենթարկվելով գրավիտացիային՝ քեզ ուղղորդում է դեպի վերև:
Երրորդ մասը աղոթքն է: Սեքսուալ էներգիան ձգտում է ներքև, սերը շարժվում է վերև, աղոթքը ոչ մի տեղ էլ չի գնում: Աղոթքը հոգու կարգավիճակ է: Սեքսուալ էներգիան և սերը շարժուն են և շարժվում են հակադիր ուղղություններով: Աղոթքն անշարժ է: Աղոթքի մեջ շարժում չկա, ուղևորություն չկա, ուխտագնացություն չկա: Պարզապես դու կաս:
Լիակատար լռության և անշարժության մեջ դու ճանաչում ես Աստծուն: Ամենը անսպասելիորեն դառնում է Աստվածային: Դու Աստվածային էության մեջ ես հայտնվում: Քեզ մտերիմ մարդիկ, և նրանք, ովքեր բաց են քո հանդեպ, նույնպես սկսում են տարօրինակ, խորհրդավոր, մոգական ինչ-որ մի բան զգալ: Նրանք քեզնից դեպի իրենց եկող մի անհայտ հոսանք են զգում: Ինչ-որ պահից սկսած նրանք գիտակցում են քեզ շրջապատող աուրան: Այդ աուրան աղոթքի բույրն է:
Աղբյուր՝ Ошо
Ռուսերենից թարգմանությունը՝ Նունե Մովսիսյանի
Կարող եք ծանոթանալ նաև «Օշո» կայքէջին
Уведомление: Օշո «Աղոթքի մարդը՝ մեծ սիրո տեր» — Hayreniq