Թումանյանին հիշելիս

komitastuman

Թումանյանին հիշելիս ամենից առաջ պատկերանում է ինձ նրա ժպիտը, այն ճառագայթող ժպիտը, որ մշտապես լուսավորում էր մեր պոետի խորապես իմացական դեմքը: Նախագահելիս լիներ, թիկնոցն ուսերին բուկինիստների խանութները պտտելիս, մշակի հետ իր գնումները տուն տանելիս թե իր փութկոտ քայլերով այս կամ այն հիմնարկը գնալիս, այդ ժպիտը շարունակ ծաղկում էր նրա դեմքին և նրան տալիս արտակարգ բարեհամբույր ու սիրալիր արտահայտություն: Անծանոթն անգամ հազարի մեջ կջոկեր այդ ժպիտը և կզգար անմիջապես, որ դրա տերը հասարակ մեկը չի, այլ լայն խոհեր և «շնորհք ու սեր» ունեցող մի բացառիկ մարդ: Այդ ժպիտը այն զարմանալիորեն վարակիչ ժպիտներից էր, որ տեսնողը ուզում էր ինքն էլ ժպտար՝ առանց պատճառի մասին մտածելու:

Միաժամանակ Թումանյանն այնքա՜ն պարզ էր, մատչելի. ամեն ոք ամեն տեղ կարող էր մոտենալ, ծանոթանալ, հարցեր տալ: Ինձ միշտ թվում էր, թե հայ ժողովուրդը իր դարավոր հոգևոր գանձերի շտեմարանի բանալիները և համով պատմելու շնորհքը կտակել էր նրան՝ իր ծոցից ելած արժանավորագույնին, և հայ ժողովրդի այդ իմաստուն, լայնահորիզոն ներկայացուցիչը հարազատորեն ու շռայլ գործադրում էր իր ստացած ժառանգությունը:
Պատերազմը, տակնուվրա անելով հասարակական կյանքը, խանգարեց թե՛ գրողների, և թե՛ Գրողների ընկերության նորմալ գործունեությունը: Գրական ուժերը ցրվեցին, Թումանյանն էլ, իբրև Հայոց Ազգային Բյուրոյի անդամ, տարվեց ազգային-քաղաքական կյանքով: Այս շրջանին է վերաբերում այն ձեռնարկությունը, որ գլուխ բերեց Թումանյանը՝ կազմելով հայ-գերմանական ընկերության պես մի բան, որի նպատակն էր կուլտուրական մերձեցում և փոխադարձ ճանաչողություն: Ընկերության առաջին երեկույթին, ուր ներկա էր և գեներալ ֆոն Կռեսը՝ իր գլխավորած միսիայի անդամներով, Թումանյանը կարդաց առաջին դասախոսությունը Սայաթ-Նովայի մասին: Թումանյանը խոսում էր հայերեն, որ և մաս-մաս թարգմանվում էր գերմաներենի: Սայաթ-Նովայի մասին խոսելով՝ նա, իր ասելիքը հյուրերին հասկանալի դարձնելու համար, Սայաթ-Նովայի սիրո երգերը բաղդատում էր Հայնեի երգերի հետ և գտնում այնպիսի օրիգինալ մտքեր ու դարձվածքներ, որ գերմանացիները լարված հետևում էին նրան և հաճախ էլ ծափահարում: Իսկ երբ մեկ-մեկ թարգմանվում էին Սայաթ-Նովայի իմաստալի, պատկերավոր տողերն ու տները, գերմանացի կարգապահ զինվորականները ծափահարում էին հրճվանքով: Այդ երեկո ես առաջին անգամ տեսա ու հասկացա, թե ինչ բան է դիպլոմատիան: Կողմերի նպատակները պարզ էին. գերմանացիներին այդ ընկերությունը հարկավոր էր իրենց ազդեցությունը հայերի մեջ տարածելու, իսկ Թումանյանին հարկավոր էր նրանց համակրությունը՝ վերահաս աղետները կանխելու…
Նա այդ օրերին գիրն ու գրականութունը և իր անձնական վիշտը (երկրորդ որդին անհետ կորել էր պատերազմի դաշտում) մոռացած՝ տարվել էր հասարակական-քաղաքական գործերով: Երբ սկսվեց հայ-վրացական դժբախտ պատերազմը՝ Թումանյանի անհանգստությունը կրկնապատկվեց: Իսկ երբ վրաց մենշևիկները գազազած բաց թողին իրենց ազգայնական վայրագ կրքերի սանձերը և Թիֆլիսի բոլոր հայ տղամարդկանց ու պատանիներին մի օրվա մեջ լցրին բանտերն ու աքսորեցին, ձերբակալվածների ազգականները հանգստ չէին տալիս Թումանյանին: Եվ Թումանյանը շարունակ դեսուդեն էր ընկնում՝ սրան-կամ նրան օգնելու, ազատելու: Մեծ անուն ուներ և վրաց հասարակության մեջ: Նա այդ անունը, դիրքը, համբավը օգտագործեց ու քանի-քանիսին ազատեց բանտից, աքսորի տանջանքներից ու անխուսափելի տիֆամահից: Այդ դժնի օրերին Թումանյանն ինձ հիշեցնում էր «Աղավնու վանքի» հայր Օհանին: Բայց դաժան իրականությունն ավելի զորավոր էր, քան նրա կամեցողությունը: Եվ նա տանջվում էր վշտացած:
21 թվի մարտը Երևանում. ցուրտ, անհրապույր, տագնապալի օրեր: Ահա մի ցուրտ երեկո Աբովյանի վերևից բոժոժների զնգզնգոցով քաղաքամեջ է մտնում մի սահնակ: Մուշտակի վեր քաշած օձիքի միջից երևում է ինձ ծանոթ մի պրոֆիլ՝ փոքրիկ սպիտակ մորուքով: «Թումանյա՞նը»: Նույն օրը՝ ուշ երեկոյան իմանում եմ, որ Թումանյանը եկել է իսկապես ու գնացել Փրկության կոմիտե:
… Թումանյանը իր դստեր և փոքրիկ թոռան հետ եկավ մեր տուն՝ թրջված և սաստիկ հոգնած: Փոքր-ինչ հանգստանալուց հետո նա աշխուժացավ: Երեկոյան դեմ Թումանյանի իրերը բերին, և մենք ճանապարհ ընկանք դեպի Թիֆլիս: Կայարանում ստիպվեցինք երկար սպասել հայկական գնացքին. գնացքների կանոնավոր երթևեկություն չկար: Տաճկական գնացքը, որ Կարսից եկել էր Թիֆլիս մեկնելու, հյուրընկալեց մեզ: Տաճիկ մի զինվորական, իր վագոնի լուսամուտից տեսնելով կայարանում սպասող այդ պատկառելի մարդուն և իմանալով նրա ո՛վ լինելը, մարդ էր ուղարկել Թումանյանին և նրա ուղեկիցներին հրավիրելու: Մեզ հատկացրին մի մաքուր կուպե: Վագոնի առաջնորդը՝ մի տարիքավոր ռուս, ինքնաբերաբար թեյ բերեց մեզ՝ այնքան ցանկալի այդ րոպեին՝ կայարանում սպասելու հոգնությունից ու ձանձրույթից հետո: Երբ ուզեցինք թեյի արժեքը վճարել, ռուս վագոնապահը ոչինչ չուզեց վերցնել՝ հայտնելով, թե դա իր կողմից մի հյուրասիրություն է՝ ի պատիվ հայ բանաստեղծի: Այս երկու դեպքը խորապես հուզեցին Թումանյանին:
-Տեսնում ես՝ ամեն ազգի մեջ լավն էլ կա, վատն էլ: Իսկ մենք՝ հայերս, սիրում ենք առհասարակ քաղաքական երևույթներն ու մարդկանց նայել միշտ միակողմանի, երեխայի պես: Փոքր ազգերը մեծ ազգերի մոտ մանուկներ են՝ մենակ իրենց փոքրությամբ. բայց հայ ազգի նման հին ազգը, որ անթիվ-անհամար փորձանքներ է տեսել, պետք է որ մտքի երեխայական հասակից դուրս եկած լիներ և էդ փորձությունների մեջ իմաստուն դարձած: Իմաստուն ազգը չպետք է թողներ, որ էդպես մարդիկ խաղան իր բախտի հետ և ամենածանր աղետների դուռը հասցնեն իրեն:
Նա հուզված լռեց՝ չկամենալով նորոգել հին վերքերը…
Թումանյանը զարմանալի հավատում էր բնության հրաշագործ ուժին և օրինակ բերում իրեն, թե որքան էլ վատ տրամադրություն է ունենում, դա իսկույն չքանում է, երբ դաշտ է գնում կամ անտառ:
-Բնության մեջ նունիսկ ուզում ես սիրել ամեն մի արարածի…

Աղբյուր՝  Ֆիմինե ֆեյսբուքյան էջ

Սկզբնաղբյուր՝  Ստեփան Զորյան «Հուշերի գիրք»

Լուսանկարում՝ Թումանյան, Կոմիտաս, Ռուբեն Սևակ ( ի դեպ, Կոմիտասը եղել է Ռուբեն Սևակի երեխաների՝ Լևոնի և Շամիրամի կնքահայրը):

Կարող եք ծանոթանալ նաև՝  «Թումանյան» կայքէջին

 

 

Об авторе Նունե Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Մեդիադարակներ с метками . Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s