«Արդ, կատարյա՛լ եղեք դուք, ինչպես որ ձեր երկնավոր Հայրն է կատարյալ» (Մատթեոս 5.48)։
Նախորդ՝ «Տրամաբանություն, թե՞…» նյութի ասելիքը որոշեցի շարունակել, մանավանդ որ այն բազմաթիվ արձագանքներ ունեցավ ֆեյսբուքում: Շնորհակալ եմ:
Նախորդ նյութում կար տեսակետ, ըստ որի «Հոգևոր գիտելիքը, տեղեկատվական գիտելիքի հետ համեմատած, միանգամայն այլ հայացք է ենթադրում: Այն ավելի շատ ապրված, զգացած, գլխով անցած, հավատքի փորձառությունից ծնված մի բան է, քան մտածողության տրամաբանություն»:
Ինչպես Քրիստոսը փորձվեց անապատում, այնպես էլ մարդն է կյանքի ընթացքում բազմատեսակ և բազմադեմ փորձությունների ենթարկվում: Նրանք, ովքեր կարողանում են, ուժ են ունենում արժանավայել կերպով անցնելու դրանց միջով, ի զօրու են դառնում բարձրանալու լեռ, ասել է թե՝ տեղափոխվելու հոգևոր նոր մակարդակ:
Ամենևին պատահական չէր Քրիստոսի՝ այս քարոզը լեռան գագաթին անելու հանգամանքը: Լեռան գագաթին գտնվողի համար սա հոգևոր մի մակարդակ է, ուր մարդկային տրամաբանությունը հարկ է, որ թողնվի լեռան ստորոտում, հակառակ դեպքում այն խոչընդոտելու է Աստծո խոսքը հասկանալ: Սա մեկ աստիճան բարձր է լեռան ստորոտում մնացած մարդու համար, այն մոտենում է աստվածայինին և, որոշակի առումով, Աստծո բնույթի ներմուծումն է մարդու մեջ:
Լեռան գագաթին գտնվող մարդը, հոգևոր առումով, առավել բարձր աստիճանի վրա է, այսինքն՝ այդ լեռը (հոգևոր բարձրությունը) հաղթահարողները և Հիսուսին մոտեցողները (աշակերտողները) կարող են լինել երանելի:
— Երանի՜ հոգով աղքատներին, որովհետև նրանցն է երկնքի արքայությունը։
— Երանի՜ սգավորներին, որովհետև նրանք պիտի մխիթարվեն։
— Երանի՜ հեզերին, որովհետև նրանք երկիրը պիտի ժառանգեն։
— Երանի՜ նրանց, որ քաղցն ու ծարավն ունեն արդարության, որովհետև նրանք պիտի հագենան։
— Երանի՜ ողորմածներին, որովհետև նրանք ողորմություն պիտի գտնեն։
— Երանի՜ նրանց, որ սրտով մաքուր են, որովհետև նրանք Աստծուն պիտի տեսնեն։
— Երանի՜ խաղաղարարներին, որովհետև նրանք Աստծու որդիներ պիտի կոչվեն։
— Երանի՜ նրանց, որ հալածվում են արդարության համար, որովհետև նրանցն է երկնքի արքայութիւնը։
— Երանի՜ է ձեզ, երբ ձեզ նախատեն ու հալածեն և իմ պատճառով ձեր մասին ամէն տեսակ չար խոսք՝ սուտ ասեն։
Ցնծացե՛ք և ուրախացե՛ք, որովհետև երկնքում ձեր վարձը շատ է:
:)
НравитсяНравится