— Ժամանակին ասել էիք, թե եղեռնի մասին գրել չեք կարող, քանի որ անկողմնակալ լինել չեք կարող:
Այսօր կարո՞ղ եք գրել դրա մասին (ինչպե՞ս եք գնահատում անպատեհ այս աղմուկը «ցեղասպանության ճանաչման» վերաբերյալ):
— Նման մի բան, այո, ասել եմ, ասելուց մեկ-երկու տասնամյակ առաջ նաև արել եմ. մեր վրեժը մեզ կործանում է, մեր անցյալի բեռան տակ մեր փխրուն ուսերը փուլ են գալիս, մեն-միակ անգամ այս արև աշխարհ եկած մարդու մեր ճանապարհը խոտորվում, մոլորվում ու կորչում է:
Խոսքս, խնդրեմ, պոետական սեթևեթանք մի համարեք, քանի որ պոետից լուրջ մարդ եթե կա և դա հայ դիվանագետը, հայ քաղաքագետը, ազգային կուսակցություններն ու ողջ հանրությունն է՝ ապա երկուսս էլ նույն պատի առջև ենք կանգնած, նույն շրջափակումի կալանքում ենք, և երկուսս էլ նույն առաջադրանքն ունենք՝ ճեղքել փարախը: Բայց փարախը միայն մեզ համար է փարախ. նրանց համար՝ ովքեր փարախից անդին են, դեպի ուր կամ ում մենք ձգտում ենք՝ դա ամենևին էլ փարախ չէ — արյունոտ ու անարյուն հաղթանակներով սահմանված պետական սահման է: Եվ թուրքը միայն ինձ համար է չարիքի խորհրդանիշ, ես միայն ինձ համար եմ զոհի խորհրդանիշ — նրանց համար գուցե բոլորովին հակառակն է, կամ նրանք դատում են թերևս ոչ այս խորհրդանիշերով, իրենց համար նրանք թերևս չարիքի-բարիքի, վտանգի-անվտանգի, վնասի-անվնասի այլ նշաններ ունեն, փոքրի մեր անվերջ տվայտանքը նրանց գուցե հոգնեցրել է, եթե ոչ իհարկե զզվեցրել: Համոզված լինենք միայն մի բանի մեջ՝ որ պաշարողներից անդին մեր արյան ու հավատի եղբայրները չեն կամ եթե նույնիսկ են՝ խնդրի դժվարության առջև երես են դարձնելու մեզնից, անհասկացող են ձևանալու կամ անհասկանալի ենք լինելու իսկապես: Ճշմարիտ գիրքը հասու է յուրաքանչյուրիս ու բոլորիս, բոլորս ու յուրաքանչյուրս հասու ենք ճշմարիտ գրքին. եթե այդ գիրքը համարում եմ լավ գիրք եղբորս մասին, եթե գիրք եմ համարում աղջկաս մասին՝ վրիպած գիրք է. շարադրողն անազնիվ է եղել, և գիրքը նրան պատժել է՝ ծնվել է մեռած, ճիշտ ինչպես բնագետը և իր փորձը, ինչպես վարդապետությունը և հասարակությունը, որ փոխադարձ պատիժների ամբողջ պատմություններ են թողել: Ճշմարիտ գրքի պես, բնագիտական խնդրի հստակությամբ, հասարակությունից քաղված ու հասարակությանը դարձվող վարդապետության պես՝ մեր վարքն ու ցեղասպանության մեր քաղաքականությունը պետք է կառուցվեն նախ և միայն ազնվության հիմքի վրա, ազնվություն նախ և միայն խնդրո առարկայի հանդեպ, ազնվություն մի տեսակ ինքը իր մեջ, ինքը իր համար, և այդ դեպքում ճեղքած կլինենք փարախը, հասկանալի կլինենք յուրաքանչյուրին ու բոլորին: Մի քիչ խարդախում, մի փոքր անճշտություն, բազում անհայտներով այդ հավասարման մեջ որևէ անհայտի բացթողում, և խնդիրը մեզ կպատժի, ինքը իրեն խնդիրը կպատժի:
Թուրքը, ոչ, չի ճանաչելու ցեղասպանությունը, չի ընդունելու՝ թե ինքը ցեղասպան է, նրա կոմունիստը չի ընդունել — նրա ազգայնականը չի ընդունելու. ես ամեն առավոտ ծանր չկամությամբ եմ կանգնում պահանջատիրոջ իմ օրվա դեմ — նա՝ նրա քաղաքագետը, պոետը, ուսանողը, դիվանագետը՝ ինչու էր իր համար հոգս դարձնելու իր մեծ ցեղի յուրաքանչյուր անդամին հիշեցնել՝ թե սա մեղքի ու պարտքերի մեջ խրված է. թուրքը իր հողը չի բաժանելու, իր ամբողջը չի կոտորակելու: Ուրեմն արժե՞ ջանք ու քրտինք թափել մի քարի վրա՝ որ չի ճաքելու և հակառակը՝ մեզ է ճաքեցնելու, բռնած գնալ ու գնալ մի բավիղով՝ որ ելքի նշան չի նշում: Չարժե, բայց չենք կարող չգնալ, ջանք ու քրտինք չենք կարող չթափել: Մի բան ստույգ կարող ենք — մտածել մեր երեխաների մասին և չխելագարվել, ասել է՝ մեզ չափի բերել, մեզ մեր չափին բերել, տեղավորել մեզ բանականության սահմաններում, Աստծո օրվա առջև ետ քաշել սև վարագույրը մեր երեխաների դեմից, ողբի ու տառապանքի պատ չկապել ողջ հանրության ու յուրաքանչյուր անհատի շուրջը, միևնույն է, նրանք գլուխներն այդ պատին ծեծելով չէ որ ապրում են, նրանք երգի ու օրհներգի իրենց օրվա մեջ ոխն ու ողբը մի համեստ անկյունում ծվարած են տեսնում:
Այսքանը ահա կարող ենք, և այսքանը քիչ չէ, բայց այսքանի առջև վրիպելը ներելի չէ, այնինչ վրիպում ենք, դարձյալ վրիպում ենք:
Խոսքն այստեղ թշնամուց կորզելիք մեր օգուտների մասին չէ և թշնամուն պատճառելիք մեր վնասների մասին չէ և ոչ անգամ դեպի արևելք նրա երթը խոչընդոտելու մասին — մեր իսկ հանդեպ մեր պահվածքի մասին է խոսքը. ցեղովի խոսում ու գործում ենք հանուն ցեղասպանության ճանաչման, ցեղի մեծուփոքրով ծնկի ենք եկել մեր անթաղ մեռելների վրա և չենք տեսնում՝ որ հենց ցեղն ենք մսխում — ցեղի կարողությունն ու կենդանի շունչը. արդարությամբ ու Աստծով խոկում և հատուցումն ու պահանջատիրություն ենք հուսում և չենք տեսնում՝ որ սպառվում է ինքը պահանջատերը:
Պետք է մտածեինք պահանջատիրոջ մասին և ոչ պահանջատիրության: Պետք է սիրեինք այս Հայրենիքը, հոգայինք այսօրվա հոգսը: Այլապես, հնարավոր է, վաղը պահանջատիրությունը բավարարվի՝ մեջտեղը պահանջատեր չլինի, մանավանդ որ այսպես մի անգամ արդեն եղել է. ձեզ Երզնկայից Շուշի երկիր ենք տալիս, բայց ժողովուրդ չունեք:
— Եթե վաղը պատերազմ սկսվի, ճակատ մեկնողներին ի՞նչ խոսքեր կուղղեք:
Միայն հաղթանակ, ասելու եմ. պարտությունը պառավ ջադու է դառնալու կպչի թիկունքիդ, ինչ կողմի վրա ուր էլ գնաս՝ վրացին, ռուսը, չեչենը, հույնը, պարսիկը, մինչև իսկ թուրքը՝ ջահել մարդ ես՝ չե՞ս ամաչում, էդ ինչ ես շալակել, ասելու են, կի՞նդ է, եկեղեցով հետը պսակված ես, չե՞ս կարողանում բաժանվել, թե՞ մայրդ է, ինքն է քեզ բերել՝ պարտավոր ես. գցիր, ասելու եմ, շան լակոտ, խայտառակ սկսել ես՝ խայտառակ էլ փակո՞ւմ ես ցեղիդ պատմությունը. միա՛յն հաղթանակ, և կյանքդ նժույգ է դառնալու՝ քեզ իր թամբին առնի, և բոլոր կողմերիդ վրա հորիզոններ են բացվելու և քո ընթացքի ճանապարհին քեզ համակիր սիրով են ողջունելու վրացին, ռուսը, չեչենը, հույնը, պարսիկը, մինչև իսկ թշնամիդ. միայն հաղթանակ, ասելու եմ. պարտությունն էլ, հաղթանակն էլ՝ երկուսն էլ մարդուց են, ինքը մարդն են, հաղթանակը ճառագող մարդն է, պարտությունը՝ մթնած մարդը, քո խավարումները քո նախնին արդեն խավարել է, մթնելու տեղ դու այլևս չունես, քո սևերն արդեն քո նախնին հագել մաշել է, մի անգամ քո կարմիրը հագնելո՞ւ ես. քեզ միայն հաղթանակ է տրված, մարդ եղիր քո առաջ՝ և ձիավորվիր:
Հրանտ Մաթևոսյան
Հարցազրույցն ամբողջությամբ` պաշտոնական կայքում
Սկզբնաղբյուր` «Չորրորդ իշխանություն», NN 166-172, 2002 թ.
Լուսանկարը` Զավեն Խաչիկյանի. «Ադրբեջանցի տատիկը և հայ ազատամարտիկը»