Մեսրոպ Մաշտոց (360 — 440թթ.)
«Անկանիմ առաջի քո»՚, «Ծով կենցաղոյս», «Հայր բազումողորմ» եւ այլ բազմաթիւ շարականներն ու երգերը հայ հոգեւոր երգարուեստի առաջին հայատառ չափածոյ նմուշներն են: Ս. Մեսրոպ Մաշտոցը հայերէնի առաջին ուսուցիչը և հայ դպրութեան, հոգեւոր երաժշտութեան սկզբնաւորողը լինելով, նաեւ հայ մանկավարժութեան հիմնադիրն է: Մանկավարժութեան մաշտոցեան սկզբունքները յետագայ դարերում աւանդական են դարձել հայկական դպրոցներում:
Վտանգիմ ի բազմութենէ մեղաց իմոց
Վտանգիմ ի բազմութենէ մեղաց իմոց,
Աստուած խաղաղութեան, օգնեա ինձ:
Ալեկոծիմ հողմով անօրէնութեան իմոյ,
Թագաւոր խաղաղութեան, օգնեա ինձ:
Ի խորըս մեղաց ծովու տարաբերեալ ծփիմ,
Նաւապետ բարի, փրկեա զիս:
Անկանիմ առաջի քո
Անկանիմ առաջի քո եւ խնդրեմ զթողութիւն յանցանաց իմոց. մի անտես առներ, Հայր, զաղաչանս իմ: Աղաղակեմ որպէս մաքսաւորն. եւ հեղում զարտասուս իմ առաջի քո, որպէս պոռնիկն. մի անտես առներ, Հայր, զաղաչանս իմ: Յաներեւոյթ թշնամւոյն պարտեցայ, եւ ի գաղտնի նետից բանսարկուին վիրաւորեցայ. մի անտես առներ, Հայր, զաղաչանս իմ:
Ծով կենցաղոյս
Ծով կենցաղոյս հանապազ զիս ալէկոծէ: Մրրկեալալիք թշնամին ինձ յարուցանէ: Նաւապետ բարի, լեր անձին իմոյ ապաւէն: Ի համբառնալ իմում առ քեզ զաչս իմ օգնեա ինձ, Տէր: Ի յօրհնութիւն նոր օրհնեսցուք զքեզ, Քրիստոս փրկիչ մեր: Այցելու մեր եւ փրկիչ կեցո զանձինս մեր:
Հայր բազումողորմ
Հայր բազում ողորմ, խոստովանիմ առ քեզ, որպէս զանառակ որդին, թող ինձ զմեղս իմ եւ ողորմեա: Տէր, որ գթացար ի կինն քանանացի, գթա եւ յիս` ի մեղաւորս, եւ ողորմեա: Տէր, որ դարձուցեր զմաքսաւորն ի գիտութիւն ճշմարտութեան, դարձո եւ զիս` զմոլորեալս, եւ ողորմեա: Աստուած բազումողորմ խնայեա յարարածս քո, Հայր ամենակալ, եւ ողորմեա: Արեգակն արդարութեան, ծագեա ի հոգիս մեր զլոյս ճշմարտութեան եւ ողորմեա: Տուր մեզ, Տէր, զխաղաղութիւն եւ փրկեա ի նեղչաց մերոց, Հոգիդ ճշմարտութեան, եւ ողորմեա:
Հայոց գրերի ստեղծող, հայ դպրութեան հիմնադիր, Թարգմանչաց շարժման սկզբնաւորող, քրիստոնէութեան քարոզիչ, Հայ Առաքելական Եկեղեցու տօնելի սուրբ: Ծնուել է Տարօն գաւառի Հացեկաց գիւղում, ազնուականի ընտանիքում: Ս. Մեսրոպ Մաշտոցի անուան հետ է կապուած Հայոց գրերի ստեղծման պատմութիւնը: 395 թուականին Հայաստանը բաժանուած էր Բիւզանդիայի եւ Պարսկաստանի միջեւ, եւ սեփական գրաւոր լեզուն անհրաժեշտ էր ազգը միաձուլումից փրկելու համար: Քաջ գիտակցելով ստեղծուած իրավիճակը եւ ստանալով ս. Սահակ Պարթեւ կաթողիկոսի ու Վռամշապուհ թագաւորի լիակատար հաւանութիւնը` Մաշտոցը մեկնում է Ասորիք: Երկարամեայ աշխատանքներից յետոյ` 406 թուականին, Մեսրոպ Մաշտոցը նորաստեղծ գրերով վերադառնում է Հայաստան: Դրանից անմիջապէս յետոյ նա իր աշակերտների հետ շրջագայում է Հայաստանում, հիմնում դպրոցներ ու վանքեր, բացում գրչութեան ու գիտութեան բազմաթիւ կենտրոններ: Իր աշակերտների հետ միասին Մաշտոցը եղել է նաեւ Վրաստանում, ուր Կորիւնի վկայութեամբ ստեղծել է նաեւ վրաց այբուբենը: Գրերի գիւտից յետոյ Աստուածաշնչի թարգմանութիւնն էր առաջին գործը, որ ձեռնարկեցին ս. Մեսրոպ Մաշտոցն ու Սահակ Պարթեւը: Ժամանակի հմուտ եւ բանիմաց հայ թարգմանիչ-վարդապետներն ասորական բնագրից թարգմանել, ապա յունական բնագրի հետ համեմատել են Աստուածաշնչի հայերէն թարգմանութիւնը, որն իր բացառիկութեան շնորհիւ անուանում են նաեւ «թարգմանութեանց թագուհի՚»: Շարունակելով թարգմանական աշխատանքը ս. Մեսրոպ Մաշտոցն ու ս. Սահակ Պարթեւ հայրապետը կազմել են Հայ Եկեղեցու Խորհրդատետր-Պատարագամատոյցի, Ժամագրքի նախնական տարբերակները:
Մեզ են հասել Մաշտոցի գրչին պատկանող բազմաթիւ շարականներ ու հոգեւոր երգեր, քարոզներ, ճառեր, թարգմանական եւ խմբագրական մի շարք երկեր: Շարականագիրների միջնադարեան ցուցակների հեղինակները նրան են վերագրում «Ապաշխարութեան» կարգի շարականներն ու երգերը` մօտ 130 միաւոր:
Աղբյուրը՝ www.arak29.am
Уведомление: Հոկտեմբեր ամսվա անելիքներ | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Գրականություն | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)