Հարցրեք ցանկացած ստեղծական մտածողություն ունեցող մարդու, թե ինչպես է հասել հաջողությունների:
Եվ որպես պատասխան դուք կլսեք ոչ թե ինչ-ինչ նկարագրություններ, այլ պատմություն մի շարք երջանիկ պատահականությունների մասին: «Օգնության հասնող հազարավոր անտեսանելի ձեռքեր»,-այսպես է անվանել այդ երևույթը Ջոզեֆ Քեմպբելը:
Ես դա կանվանեմ Համընթացություն և կհաստատեմ` երևույթին այդ վստահաբար կարելի է ապավինել:
Հիշե՛ք` ստեղծականության աշխարհը տոհմի նման մի բան է, ուր ավագները իրենց թևի տակ են առնում տաղանդավոր սկսնակին: Կարող է թվալ, որ ես ցանկալին իրականության տեղ եմ ընդունում, բայց դա այդպես չէ: Երբեմն տարեց և փորձառու նկարիչը ստիպված է լինում օգնել երիտասարդ մեկին` նույնիսկ իր կամքին հակառակ: «Ինքս էլ չգիտեմ, թե ինչու եմ դա անում քեզ համար, բայց…»:
Օգնության ձեռքը միշտ չէ, որ սովորական մահկանացուի ձեռք է լինում…
Մեզ դուր է գալիս ձևացնել, թե գիտակցում ենք, որ նվիրական երազանքին հասնելը դժվար է: Բայց իրականում շատ ավելի դժվար է անցնել այն բազում դռների միջով, որոնք սկսում են բացվել մեր առջև:
Գլուխ թեքեք երազանքից, և այն, միևնո՛ւյնն է, ձեզ հիշեցնելու է իր մասին: Համաձայնվեք կրկին հետևել այդ երազանքին, և կբացվի նոր խորհրդավոր դուռ:
Տիեզերքը հրաշքներ է գործում` աջակցելով մեզ: Այդ մենք ենք, որ ժլատորեն ենք ընդունում տիեզերքի աջակցությունը. նայում ենք մեզ նվիրած յուրաքանչյուր ձիու բերանը և ետ ենք ուղարկում: Ասում ենք, որ վախենում ենք ձախողվել, թեև մեզ շատ ավելի վախեցնում է հաջողության հասնելու հնարավորությունը:
Փոքրիկ մի քայլ արեք ձեր երազանքի ուղղությամբ, այնուհետև հետևեք` ինչպես են հընթացս դռները բացվում: Այս ամենը տեսնել, ի վերջո, նշանակում է հավատալ: Իսկ, երբ դուք տեսնեք ձեր փորձերի արդյունքները, ապա դուք ստիպված չեք լինի հավատալ ինձ:
Հիշե՛ք կանոնը. «Մի՛ վախեցիր գործելուց` օգնող կգտնվի»:
Ու. Խ. Մյուրեյը «Շոտլանդական արշավախումբը Հիմալայներում» գրքում սեփական փորձի մասին գրում է. «Քանի դեռ մարդը վերջնական որոշում չի կայացրել, միշտ կասկածներ կլինեն, կարողությունները կնահանջեն, անգործություն կլինի: Ցանկացած նախաձեռնության դեպքում գործում է մի պարզ ճշմարտություն, որի չիմացությունը սպանում է բազում մտքեր և մեծ գաղափարներ. երբ մարդն ինչ-որ բանի համար որոշում է կայացնում, սկսում են գործել նաև Երկնային ուժերը: Մեկ ծրագրի իրագործման համար սկսում են պատահել այնպիսի բաներ, որոնք երբեք տեղի չէին կարող ունենալ այլ հանգամանքներում: Կայացրած որոշումը ենթադրում է իրադարձությունների շղթայական հոսք. երջանիկ դիպվածներ, հանդիպումներ և ֆինանսական աջակցություն ստանալու առաջարկություններ, որի մասին ոչ ոք երբեք նախապես պատկերացնել անգամ չէր կարող»:
Աղբյուր` Дж. Кэмерон. Путь Художника
Ռուսերենից թարգմանությունը` Նունե Մովսիսյանի