Մհեր Դավոյան «Աղոթք»

Mher Davoyan

Մոտեցիր ինձ: Մոտ եկ: Կանգնիր կողքիս: Ձեռքդ դիր ափիս մեջ: Այսպես: Ուզում եմ ուսդ հպվի ուսիս: Այս որքան ես մեծացել: Մեջքդ շտկիր, քեզ ասելիք ունեմ: Դու գիտես, թե որքան եմ սիրում քեզ: Խոսելն իսկ ավելորդ է: Գիտես, որ ամեն ինչից թանկ ես ինձ համար: Բոլորից թանկ: Գիտես, որ կյանքս քոնն է: Հոգիս էլ: Կանգնիր կողքիս: Լսի՛ր ինձ:

Ինչո՞ւ ես ստում: Ինչո՞ւ ես անընդհատ ստում: Ամեն քայլափոխիդ, ամեն վայրկյան, գրեթե ամեն ինչի մասին: Մի՞թե չգիտես, որ սուտը ստորացնում է քեզ: Սուտը վախի արդյունք է: Դու իրավունք չունես ստորանալու: Վախենալու իրավունք չունես: Քո վախը, քո ստորանալը բոլորիս վրա անդրադառնում է հազարապատիկ: Հողը մեր ոտքերի տակից տանում է:

Մի ստիր նաև՝ իբր հանուն շահի: Շահ չկա դրա մեջ: Ստով ձեռք բերածը նույն գողությունն է: Անարդար բան է: Քո անարդարությունը մեր կործանումն է: Մանր խաբեբայի մտածողությամբ տուն չի կառուցվի, կյանք չի կառուցվի:

Ինչո՞ւ ես այդքան անուշադիր մարդկանց հանդեպ: Ինչո՞ւ ես այդքան փնթի քո հարաբերություններում: Չես սիրում ոչ մեկին: Քո սրտակիցներն ո՞ւր են: Ինչո՞ւ ես կարծում, որ բոլորը քեզ պարտական են, իսկ դու, արհամարհական փշրանքներ պիտի նետես քո գովքն անողներին: Ինչո՞ւ չես գնահատում մարդկանց, ինչո՞ւ ես արհամարհում: Այդ ի՞նչ ճիվաղային վերաբերմունք ես հորինել:

Դու ամենամեծ արժեքն ես ինձ համար: Ինչպիսին էլ լինես: Դա բնական բան է: Նորմալ մարդու կյանքի օրենքն է դա: Ապա ինչո՞ւ ես քեզ՝ իմ ամենամեծ արժեքը, վերածում անսուրբ, անմաքուր կենդանանոցի: Ինչո՞ւ ես ինքդ քեզ այդքան նվաստացնում: Իմ ամենամեծ արժեքն այդ նվաստ անմաքուրն է՞. ես այդ ե՞մ պաշտում: Ինձ նայիր. մեկ է, պաշտելու եմ: Ինչո՞ւ ես ինձ էլ այդքան իջեցնում: Չէ՞ որ, ի վերջո, դու էլ՝ ինձանով ես դու: Հո չե՞ս ուրանալու: Որ ուրանաս, ո՞ւմ հետ ես ապրելու: Ագռավների ու մողեսների՞: Ինչո՞ւ ես մարդկանց ագռավ ու մողես դարձնում:

Քո արժանապատվությունն ո՞ւր է: Գիտե՞ս ինչու չունես արժանապատվություն: Որովհետև հարգել չգիտես: Արժանապատվությունը ինքդ քեզ հարգելն է: Եսասիրությունը չէ, սեփական շահը պաշտպանելը չէ, ինքնահիացումը չէ: Հարգանքը արժեքն իմանալն է: Առաջին հերթին՝ հենց քո՛ իրական արժեքը: Իսկ դրա համար պետք է, որ սուտ չխոսես. առաջին հերթին՝ ինքդ քեզ: Նաև պետք է, որ խելքդ հասնի՝ ինչն է լավ, ինչն է վատ: Վատի ու լավի մասին պատկերացումներ պիտի ունենաս՝ արժեքային համակարգ, ոչ թե էդ հիվանդ դասակարգումը, որով չափում ես ինքդ քեզ ու մարդկանց: Ինքդ քեզ գնահատելու և սխալներդ տեսնելու կարողություն պիտի ունենաս:

Դու սխալվելու իրավունք ունես: Միշտ: Մեզանից ո՞վ չի սխալվում: Ես էլ սխալվում եմ ամեն քայլափոխիս, բայց զղջում եմ, չէ՞: Եվ քո բոլոր սխալներին էլ տեր եմ: Կյանքովս եմ տեր: Այդպես է, երբ սիրում ես. իսկ ես քեզ հո սիրում եմ: Քեզանից երբևէ հրաժարվել ե՞մ: Ուղղակի պիտի տեսնեմ, որ դու էլ սխալներիդ համար զղջում ես: Չես ասում՝ տո լավ է՜, ո՞վ է իմ դատավորը: Դատավոր, իրոք, չկա: Ուրիշների ասածն ինձ համար արժեք չունի: Մանավանդ որ հաճախ մի բարի պտուղ չեն իրենք էլ: Ես երբեք թույլ չեմ տալիս քեզ վրա բերան ծռեն, բայց քեզ ասում եմ՝ դու ես քո դատավորը: Դատավճիռդ էլ ընդամենը սխալիցդ ետ կանգնելն է: Ստիպողաբար չէ: Սեփական կամքով: Այդ ժամանակ է, որ իմաստ ունի դատավճիռը:

Մի օտարացիր ինձանից: Նոթերդ մի կիտիր: Ես քեզ տալիս եմ ամբողջը, ինչ ունեմ: Ինչը որ դու ինձ թույլ ես տալիս ունենալ: Որովհետև դու ես իմ ուժի աղբյուրը:

Այսպես կանգնիր կողքիս, քո ձեռքն իմ ափի մեջ, ուսդ ուսիս հպած: Ուզում եմ աղոթք ասել մեզ համար:

Ամենախնամ Տեր,

Քո սուրբ երկյուղն իմ աչքերին պահապան դիր, որ էլ պագշոտ չնայեն,

Եվ իմ ականջներին, որ չախորժեն լսել չար խոսքեր,

Եվ իմ բերանին, որ սուտ չխոսի,

Եվ իմ սրտին, որ չարը չխորհի,

Եվ իմ ձեռքերին, որ անիրավություն չգործեն,

Եվ իմ ոտքերին, որ չգնան անօրեն ճանապարհներով,

Այլ ուղղիր սրանց շարժումն՝

Ամեն ինչում Քո պատվիրաններին հետևելու,

Եվ ողորմիր Քո արարածներին,

Եվ ինձ՝ բազմամեղիս:

 Ամեն:

Հիմա գնա: Գնա, հանգիստ քնիր: Ես, ինչպես ամեն գիշեր, չեմ քնելու՝ մինչև դու չքնես: Որովհետև, ինչպես ամեն գիշեր, համբուրելու եմ երազներում մոլորված քո գոց աչքերը:

Քնիր հանգիստ: Իմ լույս: Իմ քսանչորսամյա ՀԱՅՐԵՆԻՔ:

Հ.Գ. Դեռ չորս տարի առաջ էի ուզում սա քեզ ասել, երբ քսանդ տակավին նոր էր լրանալու: Ցավոք, այսօր էլ գրեթե ոչինչ չի փոխվել, և այս խոսքերը իրավով եմ բերել քեզ: Սակայն այսօր, երբ քսանչորս ես, երևի արդեն ուրիշ խոսքեր էլ են հարկավոր, ուրիշ բառեր էլ պիտի ասվեն քեզ՝ տարիքիցդ ելնելով:

Օրինակ այսպես՝ իմ անուշ հարազատ, Անկախությունը բլոտ-ռեբլոտ չի, որ բռնես, հայտարարես ու քեզանից գոհ նստես աթոռին: Անկախությունը ամեն օրվա ճիգ է, ամեն օրվա ջանք է՝ ռազմիկի քո ուղին անթերի անցնելու: Որովհետև քո ուղին ռազմիկի ուղի է, և դրա անցնելու միակ ձևը անթերիության մշտնջենական ձգտումն է:

Անկախությունը քո սեփական արժեքները սահմանելու շնորհքն է. սրանից-նրանից ընդհանրապես մի՛ արտագրիր: Նայիր արմատներիդ, պապերիդ գրածները կարդա, կարդացածդ հասկացիր:

Դրանից հետո արդեն՝ Անկախությունը քո հաստատած արժեքները պաշտպանելու կարողականությունն է. ոչ մի փողի խաթեր ուրիշներինը մի՛ ներմուծիր: Պահպանի՛ր դեմքդ, թանկագի՛նս, որքան էլ համոզեն, թե հոնքեր փետրելը ժամանակակից է ու շահավետ: Քոնը լավ, առնական դեմք է, փետրած հոնքը քեզ լավ չի գալիս:

Քո երեխեքը ուշիմ են ու խելացի, քո երեխեքը ճարպիկ են ու աչքաբաց, օտարի խաշած բանջարեղենի կրթական համակարգով քո երեխեքին մի՛ տանջիր: Հավատա քո համալսարանին, հավատա քո գիտությանը. մեծ ազգի, հարուստ երկրի արդյունք են տվել դրանք, էլի կտան, տե՛ր կանգնիր:

Ընդհանրապես քո քաղաքակրթությանը հավատա, էն, որը չունես. հավատա, որ ունենաս, որովհետև ազգային քաղաքակրթությունն է միայն անկախ պետության հիմքը, մեկ էլ՝ Ազատության շնչառությունը երակներիդ մեջ:

Կարևոր բաները կարծես ասացի: Հաջորդ անգամ, մի հինգ-վեց տարի հետո հետդ խոսելիս մի բան ասեմ միայն. ՓԱՌՔԴ ՇԱՏ, ՏԵ՛Ր ԱՍՏՎԱԾ… ՇՆՈՐՀԱԿԱԼՈւԹՅՈւ՛Ն, ՀԱՅՐԵՆԻՔ…

Աղբյուր`  Անդին 9-10, 2015

Реклама

Об авторе Նունե Մովսիսյան

Բարի գալուստ
Запись опубликована в рубрике Մեդիադարակներ с метками . Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s