Երբևէ չեմ հիշում, որ հետաքրքրություն դրսևորած լինեմ այս կամ այն պետության առաջին դեմքերի նկատմամբ: Նրանք, գոնե ինձ համար նույնքան անհետաքրքիր են, որքան ասենք՝ հոլիվուդյան աստղերի կյանքը: Բայց կա մեկը, ով ինձ հետաքրքրում է:
Ծանոթացեք՝ Ուրուգվայի արդեն նախկին նախագահ Խոսե Ալբերտո Մուխիկա Կորդանո, ուրուգվայցիները փաղաքշանքով անվանում են Էլ Պեպե:
Ուրուգվայը Հարավային Ամերիկայի տնտեսապես առավել կայուն երկրներից է: Բնակչության թվով Հայաստանին գրեթե չգերազանցող այս երկրի տնտեսությունը գլխավորապես հիմնված է գյուղատնտեսության վրա: 2013թ.-ին «The Economist» պարբերականը Ուրուգվայը ճանաչեց տարվա երկիր, իսկ երկրի առաջնորդին` նախագահ Խոսե Պեպե Մուխիկային, նկարագրեց որպես «համեստ, սակայն համարձակ, լիբերալ ու ուրախանալ սիրող» մարդու: 78-ամյա Մուխիկան երկիրը նախագահում է 2010-ից, իսկ նախքան այդ` 2005-2008թթ., զբաղեցրել է անասնապահության, հողագործության և ձկնորսության նախարարի պաշտոնը, ապա` ընտրվել սենատոր:
Աշխարհին հայտնի է որպես ամենաաղքատ նախագահ, իր աշխատավարձի 90 տոկոսը տրամադրում է բարեգործության, հրաժարվել է ապրել նախագահական պալատում, կնոջ հետ ապրում է գյուղական մի տնակում, զբաղվում է հողագործությամբ:
Նա նաև ամբողջ աշխարհին հայտնի է առաջադիմական քաղաքականությամբ և մարդկային պարզությամբ:
«Ապրել մտածելակերպին համապատասխան, լինել այն, ինչ կաս, ու չփորձել քո չափանիշներն ուրիշներին պարտադրել: Ես չեմ սպասում, որ մյուսներն ապրեն այնպես, ինչպես ես: Ես ցանկանում եմ հարգել մարդկանց ազատությունը, սակայն պաշտպանում եմ նաև իմ ազատությունը: Եվ դա գալիս է մտածածդ բարձրաձայնելու քաջությունից, նույնիսկ եթե երբեմն մյուսները չեն կիսում այդ տեսակետները: Ես կյանքն ապրելու իմ ձևն ունեմ ու չեմ փոխի միայն նրա համար, որ նախագահ եմ: Իմ ապրելակերպը իմ վերքերի հետևանքն է: Ես իմ պատմության որդին եմ: Ես այնպիսի տարիների միջով եմ անցել, որ երջանիկ կլինեի նույնիսկ ներքնակ ունենալ: Ես ավելի շատ եմ վաստակում, քան դրա կարիքն ունեմ, նույնիսկ եթե դա բավարար չէ ուրիշների համար: Ինձ համար դա զոհաբերություն չէ, այլ պարտք: Եւ դա իմ ընտրությունն է, որի համար ես պատասխան եմ տալիս՝ ինչպես ցանկացած մարդ ի վերջո պատասխան է տալու ինքն իր առաջ…»:
«Կամ դուք երջանիկ եք` ունենալով քիչ և ինքներդ ձեզ չափազանց չծանրաբեռնելով, որովհետև երջանկությունը ձեր ներսում է, կամ էլ դուք ոչնչի էլ չեք հասնի: Սա աղքատության արդարացում չէ: Սա զսպվածության հիմնավորում է: Բայց մենք հորինել ենք այնպիսի սպառողական հասարակության, որը մշտապես ձգտում է աճի: Իսկ, երբ աճ չկա, դառնում է ողբերգություն:
Մենք հորինել ենք չափից շատ ավելորդ պահանջներ: Մենք պետք է մշտապես գնենք, շպրտենք: Դա մեր կյանքն է, որը մենք կոտրում ենք: Երբ ես ինչ-որ բան կամ, երբ մենք ինչ-որ բան առնում ենք, չէ՞ որ վճարում ենք ոչ գումարով: Մենք վճարում ենք մեր կյանքի այն ժամանակահատվածի համար, որը ստիպված ենք եղել ծախսել այդ փողը վաստակելիս: Միայն թե այն տարբերությամբ, որ անհնար է կյանք գնել: Կյանքը անցնում է: Եվ դա սարսափելի է»: Խոսե Պեպե Մուխիկա
Լուսանկարը և վերջին հատվածը` fit4brain.com-ի
Ռուսերենից թարգմանությունը` Նունե Մովսիսյանի