Վահագն Դավթյան

Վահագն Դավթյան
Ես հաշտ էի ապրում իմ բախտի հետ

Ու տարբերում հստակ չարն ու բարին,
Բայց դու ինչո՞ւ եկար, իմ սեթևեթ,
Ու կանգնեցիր սիրուս ճանապարհին:
Ինչո՞ւ եկար, որ ես ոչինչ, ոչինչ
Չհասկանամ նորից պատանու պես,
Ոչ հայացքները քո խրթին ու ջինջ,
Ոչ հմայքները քո և չար և հեզ:
Ինչո՞ւ եկար, որ ես երազանքիս
Շքեղ գաղտնարանը նորից բանամ,
Ծիածաններ, գույներ հանեմ անգին,
Քեզ զարդարեմ ու լուռ սքանչանամ:
Որ քեզ հանեմ լուսե մի բարձունքի
Ու կերպարանքը քո լույսով ցողեմ,
Մաքրության մեջ վճիտ իմ արցունքի
Ամբողջ քո հասակը արտացոլեմ:
Եվ որ հետո, հետո բերեմ քեզ վար
Իբրև իմ իսկ ձեռքով կերտված բագին…
Ես հաշտ էի ապրում, ինչո՞ւ եկար
Ինձ մատնելու այս հին տառապանքին:

Երբ վերջին անգամ աչքերս փակվեն 

Երբ վերջին անգամ աչքերս փակվեն այս աշխարհի դեմ,
Եվ հայացքիս դեմ թրթռա վերջին ճառագայթը ջինջ,
Կոպերիս տակով մի վերջին անգամ կվազի, գիտեմ,
Մի ոտաբոբիկ, բարակ մի աղջիկ:

Նա, որ աչքերի առեղծվածներում լույս ուներ ու սև,
Նա, որ անմեղ էր և անմեղորեն չար ու մեղսական,
Նա, որի հետքով պատանութունս վազեց հևիհև,
Վազեց կարոտով, չհասավ սակայն…

Երբ վերջին անգամ աչքերս փակվեն այս աշխարհի դեմ,
Ու երբ ճակատիս թրթռա շունչը ուրիշ մի հովի,
Իմ կոպերի տակ մի վերջին անգամ կփռվի, գիտեմ,
Մի արևավոր, հեռավոր հովիտ:

Կխշշա խաղաղ ոսկե մի գետակ ու բարդի մի զով,
Կթախծի լռին կտուրն արևոտ, տունն իմ հայրական,
Հեռու մի հովիտ,ուր կարոտներիս արահետներով
Քայլեցի անվերջ, չհասա, սակայն…

Երբ վերջին անգամ աչքերս փակվեն այս աշխարհի դեմ,
Ու փռվի իմ դեմ անհուն լռության ուրիշ մի եզերք,
Ծարավից ճաքած շուրթերիս վրա կդողա, գիտեմ,
Մի զարմանալի, պարզ ու տաք մի երգ:

Երգ, որ անբառ է իբրև թախծություն ու իբրև հառաչ,
Երգ, որ անհուն է, անմեկնելի է ու անեզրական,
Երգ, որ ողջ կյանքում իմ շրթունքների կարոտին թառած,
Թրթռաց, դողաց, չծնվեց սակայն…

Օրհնյա՜լ լինես դու
Օրհնյա՜լ լինես դու…
Քո գալուց առաջ
Դատարկ, անխռով ու կույր էի ես,
Ինչպես երևի Ադամն է եղել
Արգելված պտուղն ուտելուց առաջ:
(Այդ աստվածները ինչո՞ւ են ուզում,
Որ մենք կույր լինենք, լինենք անխռով
Ու լինենք դատարկ)…

Օրհնյա՜լ լինենս դու,
Քո գալուց հետո
Ես տառապանքի կշիռն զգացի,
Խռովքը խանդի, շիկնանքը շանթի,
Տեսա մերկության ցոլանքը մաքուր,
Ես լո՜ւյսը տեսա…
Ե՛ս աստվածներին դարձա հավասար:
Օրհնյա՜լ լինես դու…

 

Ու ես գիտեմ

Ու ես գիտեմ,
Պիտի անվերջ
Կանչես այդպես ու հեռանաս,
Պիտի անվերջ թվաս մոտիկ,
Բայց և հավետ լինես անհաս,
Լինես ծարավ
Ու ոգու քաղց,
Տագնապի պես ինձ հետ թևես,
Մերթ ինձ այրես պիտի տենդով
Ու մերթ վրաս լուռ անձրևես…
Պիտի անվերջ
Քո կարոտի
Հրաշք հավքը վրաս հսկի
Ու թևերից իր կապուտակ
Պիտի մաղի ցավ ու կսկիծ…
Ու ես քայլեմ պիտի անվերջ
Գլխապտույտ վիհի ափով,
Հարբած լույսով,
Մութով հարբած,
Հարբած սիրով ու տագնապով…
Կարոտներով ու ցավերով
Ճանապարհս պիտի ցողեմ,
Բայց և հավետ,
Բայց և հավետ
Օրհնանքներով քեզ ողողեմ…

Ես չկանչեցի, դու ինքդ եկար

Ես չկանչեցի, դու ինքդ եկար,

Եկար նազանքիդ բեկումով փխրուն,
Եվ թարթիչներիդ թախիծը թեքած,
Նստում էիր լուռ ու ինձ հետ տխրում։

Ու ես, որ կյանքում զատել գիտեի
Եվ մեղքի շողքը, և սերը արդար,
Քո աչքերի դեմ կարկամում էի
Եվ անզոր էի հայացքդ կարդալ։

Մերթ դողում էր նա իբրև սև արցունք,
Մերթ վառում թաքուն ու կանչող լույսեր,
Դու՝ ոտից գլուխ մի խրթին հարցում,
Դու՝ ոտից գլուխ տառապանք ու սեր։

Եվ ինչո՞ ւ եկար, ի՞նչ էիր ուզում,
Ինչո՞ ւ հեռացար… Չգիտեմ ոչինչ։
Եվ հիմա հեռվից տենդորեն հուզում,
Այրում են հեռվից աչքերը քո ջինջ։

Քեզնից մնացած այս թախիծը խոր
Մթնով զարթնում է ու լուռ հեծեծում…
Նա քո՛նն է նաև, նա մանուկ է որբ
Ու որբի նման քո դուռն է ծեծում։

Քո աչքերի խավարում

Քո աչքերի խավարում
Ժամադրվեն թող այսօր
Իմ գաղտնիքը թախծալի
Եվ առեղծվածը քո լույս…

Վաղը կգամ
Քեզ համար
Չասված խոսքեր կբերեմ…
Վաղը կգամ
Քեզ համար
Մի մաքրություն կբերեմ,
Որպես վաղուց գոյացած
Ու չլացած արտասուք…

Վաղը կգամ
Ափիդ մեջ
Կդնեմ սերն իմ վերջին
Լուսաբացին մարմրող
Վերջին տխու՜ր աստղի պես…

Կա անանուն մի կարոտ

Կա անանուն մի կարոտ, անհասնելի ինչ-որ տենչ,

Որ արթնանում է հանկարծ ու մորմոքում հոգուդ մեջ:

Ահա գնացքը կանգնեց մի անծանոթ կայանում,
Եվ անծանոթ մի աղջիկ կարծես ձեռքով է անում:

Անդամալույծ ու խարտյաշ, աչքերը լի կապույտով,
Չթե զգեստն է ծփում երիցուկով ու պուտով:

Եվ թվում է հոգուդ մեջ կան շշուկներ ու բառեր,
Որ պիտի սիրտդ կյանքում միայն նրան վստահեր:

Թվում է՝ նա է, այդ նա քո երազանքն իսկական,
Որին փնտրել աշխարհում ու չես գտել դու սակայն:

Բայց զիլ ղողանջ ու սուլոց… Մնում է նա կայանում,
Իսկ քեզ գնացքը նորից հեռու-հեռու է տանում:

Եվ անանուն մի կարոտ, անհասնելի ինչ-որ տենչ
Արթնանում է քո հոգում ու մորմոքում է անվերջ:

Об авторе Նունե Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Մեդիադարակներ с метками . Добавьте в закладки постоянную ссылку.

2 отзыва на “Վահագն Դավթյան

  1. Уведомление: Վահագն Դավթյան — Յանա Խաչատրյան

  2. Уведомление: Վահագն Դավթյան – Միլենա Քամալյան

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s