Հրանտ Դինք «Երկու մոտ ժողովուրդ, երկու հեռու հարևան»

Hrant Dinq

Սեպտեմբերի 15-ին ծնվել է Հրանտ Դինքը:

«Ինձ համար աշխարհում ու Թուրքիայում Հայոց ցեղասպանության ընդունումից շատ ավելի կարեւոր է Հայաստանի կայունությունն ու հզորացումը: Ցեղասպանության զոհ դարձած իմ պապերի ոսկորները կհանգստանան միայն այն ժամանակ, երբ Հայաստանը դառնա ուժեղ, ամուր երկիր»: Հրանտ Դինք

Հրանտ Դինք  «Երկու մոտ ժողովուրդ, երկու հեռու հարևան» (հատվածներ)

Հարաբերությունների բացակայության պատճառները. պատմություն…հոգեխեղում…մտագարություն

Թուրքիայի ու Հայաստանի միջև հարաբերությունների բացակայության գլխավոր պատճառները պատմությունը և պատմությունից մնացած համապատասխան հոգեվիճակներն են: Իրականում երկու կողմի՝ միմյանց նկատմամբ ունեցած վերաբերմունքը անառողջ է ու անհանագիստ: Ինչքան էլ դժվար լինի, պետք է խոստովանել, որ հայերն իրենց հոգեխեղմամբ, իսկ թուրքերն էլ իրենց մտագարությամբ կլինիկական հիվանդության կրողներ են: Երկուսի ինքնության մեջ էլ հակառակ կողմը «խորթ է», և այդ «խորթությունը» մի տեսակ անխուսափելի գոյավիճակ է: Այդ պատճառով առանց վերլուծելու հայկական ինքնության մեջ «թուրքի», իսկ թուրքի ինքնության մեջ՝ «հայի» անժխտելի դերը, բավականին դժվար է աղջամիտ առաջարկներ անել հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ: Վերլուծելիս էլ պետք չէ հայությանը դիտել որպես միատարր ամբողջություն, այլ հարկավոր է առանձին-առանձին խոսել Հայաստանի հայերի, սփյուռքահայերի և թուրքահայերի մասին: Ընդ որում, այս սկզբունքային բաժանման դեպքում նրանց չպետք է դիտարկել նույնանման, քանի որ այդ ամբողջություններից յուրաքանչյուրն  ունի իր տարբերակիչ հատկանիշները:

Անկասկած, հոգեխեղման ամենածանր վիճակում գտնվում են սփյուռքահայերը: Այսօր աշխարհում հաշվվում է 8 միլիոն  հայ, որի 1/3-ը Հայաստանում, իսկ 2/3-ը սփյուռքում  է վաստակում իր ապրուստը: Ահա, այս պատկերն էլ բավական է՝ ցույց տալու հայ ազգի ներսում առկա պարադոքսը: Մեկ հարյուրամյակ առաջ անկախության ձգտող ազգն այդ նպատակի համար թանկ վճարեց. կորցրեց ոչ միայն չորսհազարամյա հայրենի հողերը, այլ նաև բնակչության մեծ մասը: Այսօր էլ, մոտավորապես մեկ դար հետո, երբ անսպասելի մի պահի ձեռք բերեց անկախ պետականություն, այս անգամ էլ բնակչության մեծ մասն այդ պետությունից դուրս է գտնվում: Բացի այդ, անկախությունից հետո Հայաստանում սկսվեց արտագաղթ, և մինչև հիմա էլ շարունակում է նվազել բնակչության թիվը: Սա նշանակում է, որ աշխարհում ինքնության բնութագիրը և «ո՞վ է,  որտեղացի՞ է» հարցը դեռևս մնում է անպատասխան:

«Այսօր արդեն սահմանները հայտնի են Հարավային Կովկասում: Կա անկախ հայկական պետություն, որն էլ երկրագնդում ապրող բոլոր հայերի մայր հայրենիքն է: Իսկ դրա սահմաններից դուրս բնակվող հայերը կազմում են սփյուռքը»: Սակայն նույն այս բնորոշմամբ չի կարելի դիտարկել թուրքաբնակ հայերին, քանի որ այդ դեպքում իրականությունը ճիշտ արտացոլած չենք լինի: Թուրքիայում  բնակվող հայերի գոյությունը ներկայումս է շարունակվում է հենց այն հողերում, որտեղ չորս հազար տարի շարունակ ապրել են: Այս տեսանկյունից սխալ կլինի նրանց ընդունել որպես սփյուռքահայեր:

Հայության ներսում տիրող իրադրության գլխավոր դերակատարներից մեկը Թուրքիան է, որի դերը  միայն պատմությամբ չի սահմանափակվում: Այսօր հայության՝ Թուրքիայի հանդեպ անվստահությունը չի պայմանավորվում սոսկ պատմությամբ: Պարզ է, որ Ղարաբաղի հարցի պատճառով կիրառվող տնտեսական էմբարգոն թույլ չի տալիս Հյասատանին հանգիստ շունչ քաշել: Տնտեսական ճգնաժամ ապրող հայաստանցիների արտագաղթն ավելի ուժեղացրեց սփյուռքի հակակրանքը Թուրքիայի հանդեպ: Սա եկավ անուղղակիորեն ապացուցելու, որ ժամանակին Անատոլիայից հայերի բռնագաղթը այս անգամ էլ շարունակվում է Կովկասում: Ահա թե ինչու  Հայաստանի՝ աշխարհին ուղղված կոչը՝ «ճնշում գործադրեք Թուրքիայի վրա էմբարգոն վերացնելու համար» անտեղի չէ: Նաև այս պատճառով է, որ տարբեր երկրներում վերջին ժամանակներս ավելանում են ցեղասպանության մասին օրինագծերը:

Հայկական սփյուռքի ձևավորումը սկսվել է դեռևս երկու դար առաջ: Ավելի հաճախ առևտրի նպատակով նախ դեպի եվրոպական երկրներ, ապա նաև Ամերիկա մայրցամաք իրականացվող գաղթերը տնտեսական բնույթի էին:  Արդյունքում ամեն տարածաշրջանում  կարող էին ձևավորվել սահմանափակ թվով գաղութներ:

Սակայն դրանց թիվն աճեց Անատոլիայի քրիստոնյա ժողովուրդներից հայերի նկատմամբ միսիոներների իրականացրած կրոնական հետապնդումների հետևանքով: Մասնավորապես, բողոքական և կաթոլիկ դավանանքին  բերելու գործընթացն իրականացվում էր «այլ աշխարհներում ինքնուրույնության և բարեկեցիկ ապագայի խոստումով», որն էլ դարձավ հայերին  դեպի «պանդխտություն» կողմնորոշելու առաջին ազդակը: 20-րդ դարասկզբին արդեն կային Ֆրանսիայում կաթոլիկ հայերի, Ամերիկայում՝ բողոքական հայերի գաղթօջախներ:

Արդյունքում  հայերի՝ առևտրական և կրոնական դրդապատճառներով երկու հարյուր տարի առաջ սկսված սփյուռքահայացումը փուլ առ փուլ շարունակվեց՝ 1915-ի բռնագաղթ, ավելի ուշ՝ Մերձավոր Արևելքից դեպի Արևմուտք արտագաղթ, հանրապետության շրջանում Թուրքիայից շարունակվող գաղթեր և, վերջապես արտագաղթ Հայաստանի անկախացումից հետո, երբ հայերի մի մասը գաղթում էր հոժարակամ, մյուս մասն էլ՝ հարկադրված:

Սակայն ամենազանգվածային ու կործանարարը տեղի ունեցավ Օսմանյան կայսրության անկման շրջանում: 19-րդ դարի սկզբներին գաղթերի ծավալը մեծանում էր Անատոլիայում հայերի դեմ գործադրվող բռնությունների և ապստամբությունների հետևանքով: Սփյուռքագոյացման գործընթացի վրա էական ազդեցություն ունեցավ «1915 թվականի հայերի ցեղաքսորը», որն էլ, ըստ ցեղասպանագետների մեծ մասի, «դարի առաջին ցեղասպանությունն» է: Թուրքական պաշտոնական տեսակետի համաձայն՝ դա «տեղահանություն է»: Այդ ընթացքում հայ բնակչության մեծ մասը բնաջնջվեց, ողջ մնացածները հասան Դեր-Զոր, Հալեպ, որտեղից էլ նավերով  Միջերկրական ծովով գաղթեցին դեպի Եվրոպա և Ամերիկա, սփռվեցին աշխարհով մեկ: Ահա թե ինչու այսօր աշխարհի բոլոր մայցամաքներում ձևավորվել են հայկական գաղթօջախներ:

Աշխարհասփյուռ հայության մայր հայրենիքը Անատոլիան է: Մեր օրերում Մերձավոր Արևելքի  երկրներից կամ Հայաստանից դեպի Արևմուտք ծավալվող գաղթերի հիմքում, ըստ էության, դարձյալ ընկած է Անատոլիայից արմատախիլ արված ժողովրդի պատմությունը: Սփյուռքում տեղի ունեցող գաղթերը ավելի շատ «միջանկյալ ու տարանցիկ բնույթի տեղաշարժեր են», քանի որ հիմնական արտագաղթը և սփյուքի ձևավորումը սկսվեց Անատոլիայից: Սփյուռքահայերը, աշխարհի որ կողմում էլ լինեն, միևնույն է, հանդիսանում են անատոլիական մշակույթի կրողներ: Չնայած սերնդափոխությանը՝ կարելի է հանդիպել թուրքերեն և տեղական բարբառներով խոսողների: Նույնիսկ մահմեդականություն ընդունած ընտանիքներում հնարավոր է նկատել անատոլիական հետքեր: Այդ իսկ պատճառով՝ բնավ չափազանցություն չէ ասել, որ Անատոլիան, ի դեմս հայկական սփյուռքի, տարածված է աշխարհով մեկ:

Ներկայումս հայկական ինքնության ձևավորման մեջ «թուրք» երևույթը կարևոր դեր է խաղում. հենց միայն թուրքին ընկալելու հարցում նկատվում են լուրջ տարբերություններ սփյուռքահայերի, հայաստանցիների և թուրքահայերի միջև: Այս երեք հատվածների հոգեխեղման հասցրած վնասն ու թողած ազդեցությունը տարբեր են՝ ծանր, միջին ու թեթև:

Թուրքահայերը ներկայումս ապրում են թուրքերի հետ միասին, Հայաստանի հայերը՝ թուրքերի հարևանությամբ, իսկ սփյուռքահայերի մեծ մասը՝ թուրքերից բավականաչափ հեռու: Ահա թուրքի հետ շփման տարածքային  հեռավարությունն էլ հանդիսանում է ինքնության խեղման հիմնական տարբերակիչ պատճառը:

Թուրքերենից թարգմանությունը՝  Մկրտիչ Սոմունջյանի

Տպագրությունը՝ «Գրափունջ» ՍՊԸ, Երեւան, 2009 թ.

Աղբյուր՝  www.epress.am

Կարող եք ծանոթանալ նաև՝ Ես իրավունք ունեմ մեռնել այն երկրում, որտեղ ծնվել եմ

Реклама

Об авторе Նունե Մովսիսյան

Բարի գալուստ
Запись опубликована в рубрике Մեդիադարակներ. Добавьте в закладки постоянную ссылку.

3 комментария на «Հրանտ Դինք «Երկու մոտ ժողովուրդ, երկու հեռու հարևան»»

  1. Уведомление: Ծիսական օրացույց | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  2. Уведомление: Սեպտեմբեր ամսվա անելիքներ — Դասավանդողի մեդիադարակ

  3. Уведомление: Հայոց լեզու, գրականություն – Սոնա Բեզիրգանյան

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s