Մի անգամ, երիտասարդ մեկը, ով իրեն դժբախտ էր համարում, եկավ տարեց ուսուցչի մոտ և ասաց, որ ինքը որևէ իմաստ չի տեսնում իր ապրած ծանր կյանքի մեջ:
Նա երկար դժգոհում էր դաժան և անարդար կյանքից: Իր տխուր մենախոսության վերջում, որպես կանոն, պատանին անպայման բացականչում էր. «Ինչո՞ւ է այդպես: Ինչո՞ւ է ինձ մոտ միշտ ամեն ինչ ավելի վատ, քան մյուսների մոտ»:
Այսպես շարունակվեց մի քանի օր:
Երբ իմաստունը հոգնեց նրա մշտական նվնվոցից` ուղարկեց աղ բերելու: Իսկ հետո պատվիրեց մի բուռ աղը խառնել մի բաժակ ջրի մեջ և խմել:
-Հը՞ն, ինչպե՞ս է համը,-հարցրեց ուսուցիչը` տեսնելով պատանու զզվանքից ծամածռված դեմքը:
-Տհաճ է ու զզվելի,-պատասխանեց պատանին:
Ուսուցիչը միայն ժպտաց և խնդրեց վերցնել ևս մի բուռ աղ:
Նրանք լուռ մոտեցան մոտակա լճին: Ծերունին երիտասարդին պատվիրեց աղը լցնել լճի ջրի մեջ:
-Իսկ հիմա խմի՛ր ջուրը և ասա քո զգացածի մասին,-ասաց ուսուցիչը:
-Մաքուր, թարմ և համով ջուր է,-ասաց երիտասարդը,-ես բոլորովին աղի համ չզգացի:
Ուսուցիչը նստեց պատանու կողքին, գրկեց նրան և մտախոհ ասաց.
-Ցավը մեր կյանքում մաքուր աղ է. ոչ ավել է լինում, ոչ էլ պակաս: Ցավը միշտ էլ լինում է անխուսափելի: Ցավը, որը մենք զգում ենք, կախված է այն բանից, թե մենք որտեղ այն կտեղավորենք:
Միով բանիվ` երբ մենք տառապում և գալարվում ենք ցավերից, միակ բանը, որ մեր ուժերի ներածին չափով պիտի անենք` կյանքը բազմազանությամբ և իմաստով լրացնելն է: Մեկ էլ պիտի սովորենք շատ բաների լայն հայացքով նայել:
Դադարի՛ր ինքդ քեզ համար բաժակ լինել: Լի՛ճ դարձիր:
Ռուսերենից թարգմանությունը` Նունե Մովսիսյանի
Уведомление: Թարգմանություններ — Դասավանդողի մեդիադարակ