Մեզ բոլորիս էլ անհրաժեշտ է դիպչել միմյանց:
Չսիրված և գուրգուրանք չտեսած երեխաները մեծանալով դառնում են չար, ագրեսիվ մարդիկ:
Իսկ մարդիկ մեռնում են հոգևոր սովից:
Նրանք գայլերի նման նայում են մեկը մյուսին, քմծիծաղ տալիս հուսահատությունից և դիպչելու անհնարինությունից դրդված` նյարդայնացած դիմակայում են, որովհետև ինչ- որ մեկը ինչ-որ տեղ ասել է, որ պետք է տարածություն պահել և կախել է հետևյալ պիտակները. «Չի՛ կարելի համբուրել չսիրած մարդուն: Չի՛ կարելի գրկախառնվել անծանոթի հետ: Չի՛ կարելի բարի ցանկանալ ոչ յուրայիններին»:
Մեզնից յուրաքանչյուրը հուսահատության պահին ուզում է, որ իրեն գրկեն, յուրաքանչյուրը փնտրում է ընկերոջ աջակցություն և թիկունքին կանգնած մտերիմների պաշտպանություն: Եվ դա թուլություն չէ, ինչպես հակված են մտածել շատերը, դա…
Այո՛, դա հենց կյանքն է:
Մաշկին հպվելու ձգտումը կյանքը զգալու պարզագույն պահանջ է: Զգալ շնչառությունը պարանոցին, ձեռքսեղմումի պահին սրտի բաբախյունը, հուզմունքից դողալ. այս ամենի պակասը, ֆիզիկական պարզ շփման բացակայությունը որոշ մարդկանց մոտ արտահայտվում է կոպտությամբ և ցինիզմով, մյուսների մոտ` երևակայական աշխարհի գոյության փաստով:
Երկուսն էլ հավատում են սեփական ինքնաբավությանը, բայց փրկություն են փնտրում երաժշտության, գրականության, կինոյի և նկարների մեջ: Առաջինները հավատում են, որպեսզի մեկ անգամ ևս համոզվեն այդ ամենի անհեթեթության մեջ, երկրորդները հավատում են, որպեսզի գտնեն գոյության իմաստի հաստատում:
Մարդիկ կամաց-կամաց մահանում են. գիրքը ձեռքից վայր չեն դնում, էկրանի մոնիտորից հայացքը չեն կտրում, ականջակալները չեն հանում, մինչդեռ նրանց կողքին կան մարդիկ, ովքեր կարող են փրկել:
Հպվե՛ք իրար:
Աղբյուրը` Собиратель звезд
Ռուսերենից թարգմանությունը` Նունե Մովսիսյանի
Լուսանկարը` Նարեկ Ալեքսանյանի
Уведомление: Թարգմանություններ — Դասավանդողի մեդիադարակ