Մենք հաճախ կյանքի տարբեր փորձություններն ընկալում ենք որպես խոչընդոտներ, որոնք խանգարում են իրականություն դարձնել մեր ծրագրերն ու մտադրությունները, այդպե՞ս է, չէ՞:
Մենք վրդովվում ենք, երբ ինչ-որ մեկը մեզ կտրում է կարևոր գործերից, իսկ վատ եղանակը փչացնում է մեր տրամադրությունը: Հաճախ մեր ներսում բողոք է բարձրանում, երբ մտերիմ մարդու մահը մեզ դուրս է մղում հանգիստ կյանքից, իսկ դաժան պատերազմը փոխում է մեր պատկերացումները մարդկության մասին: Մենք փրփրում ենք, երբ դաժան իրականությունը այս ու այն կողմ է ցրիվ տալիս մեր վարդագույն երազանքները: Կյանքի ճանապարհին հանդիպող անվերջանալի միջամտությունների շարանը մշտապես մեր հոգում ավելացնում են դառը զգացմունքներ` զայրույթ, խորքային հիասթափություն, վրեժխնդրության ծարավ:
Այնպես որ, չզարմանանք, երբ ծերության ժամանակ վերածվենք չարացած մարդկանց:
Իսկ, եթե այդ անցանկալի ներխուժումները բացվող հնարավորություննե՞ր են: Իսկ, եթե դա մարտահրավե՞ր է ուղղված մեր սրտերին և ներքին աշխատանքի պահա՞նջ է, որի շնորհիվ մենք աճում ենք` ձեռք բերելով կյանքի ամբողջականությո՞ւն:
Իսկ, եթե կյանքի դեպքերը կերտում են մեզ համար անհրաժեշտ ֆորմա՞ն, ճիշտ այնպես, ինչպես քանդակագործն է կավի տձև զանգվածից կերտում իր պատկերացրած ֆիգուրը: Հնարավոր է, որ Վարպետի ձեռքերին միայն հնազանդվելով մենք կարող ենք իմանալ մեր իսկական կոչումը և հասնել կատարելության:
Անակնկալները և նեղությունները, ըստ էության, կարող են լինել կյանքի հանդեպ մեր ունեցած` սովորական դարձած և հնացած հայացքները թողնելու հրավեր: Դրանք կարող են մեր առաջ բացել նոր` դեռևս չուսումնասիրված հորիզոններ: Եվ այդ ժամանակ հառնում է ամենակարևոր հարցը. իսկ, եթե մեր ամբողջ պատմությունը անիմաստ դիպվածների շարան չէ՞, որի առաջ մենք անզոր ենք: Իսկ, եթե այդ դեպքերի մեջ ինչ-որ կերպ երևո՞ւմ է ստեղծողի ձեռքը, որը այդ ամենի միջով մեզ մղում է անձնական ներգրավածությա՞ն: Իսկ, եթե հենց այդ կերպ են իրականանում մեր բոլոր հույսերն ու ձգտումնե՞րը:
Եթե դա այդպես է, ապա մեր կյանքը փոխվում է արմատապես. չէ՞ որ ճակատագրի հարվածները բացում են նոր հնարավորություններ, մեր հոգեկան վերքերը նախազգուշացնում են, իսկ մարմնի կաթվածը խթան է դառնում կյանքի ներքին աղբյուրների որոնման համար:
Այժմ մենք կարող ենք հույսը չկորցնել վշտի էպիկենտրոնում անգամ` կործանվող քաղաքներում, վառվող հիվանդանոցներում, անապահով երեխաների և ծնողների շրջապատում: Մենք այժմ կունենանք հիասթափությանը դիմակայելու ուժ, կործանվող սերմի մեջ անգամ մենք կարող ենք տեսնել ապագայի պտղատու ծառ և այդ մասին ասել մարդկանց: Այժմ մենք կարող ենք դուրս գալ սեփական եսի օտարման խոշտանգումների միջից, ուր բոլոր իրադարձությունները անդեմ են ու անիմաստ:
Այժմ մենք կարող ենք մուտք գործել սրտի նվիրական խորքերը, որպեսզի լսենք Աստծուն, ում ձեռքերի մեջ պահվում է պատմությունը և արձագանքենք Նրա` ապաշխարության և վերածննդի հավերժական կոչին:
Աղբյուրը` Генри Нувен. «Постижение. Три ступени духовной жизни»
Ռուսերենից թարգմանությունը` Նունե Մովսիսյանի
Կարող եք ծանոթանալ նաև` «Հենրի Նուվեն» էջին
Уведомление: Թարգմանություններ — Դասավանդողի մեդիադարակ