Հիմա իմ ու աշխարհի միջև ձյուն է, սառույց ու մառախուղ:
Հիմա իմ ու աշխարհի միջև պատ է գոյացել, ու այդ պատի քարերը շնչում են սառնություն, ցրտություն ու անորոշություն: Արդեն դժվարանում եմ հավատալ, որ սառույցի այդ հաստ շերտի տակ հող կա, հողի մեջ էլ` գարուն…
Բայց սպասի՛ր, սառցե պատն այդ իմ ու աշխարհի՞ միջև է, թե՞ իմ ու իմ միջև:
Իմ ու իմ միջև է: Մեղքը աշխարհի վրա չգցե՛ս: Երբե՛ք և ոչ մի դեպքում: Լսո՞ւմ ես: Աշխարհը, երկիրը, մարդիկ, ձմեռն ու ձյունը մեղավոր չեն, որ դու անարև հայացքով ես նայում ամեն ինչին: Մեղավոր չե՛ն:
Ավելի լավ, թո՛ղ մեղավոր չլինեն: Միայն թե խնդրո՛ւմ եմ, պետք չէ հեքիաթ պատմել սիրո ու մերժումի, պատերազմի և խաղաղության մասին: Պե՛տք չէ: Առանց այն էլ ամեն ինչ պարզից էլ պարզ է. սերն ու խաղաղությունը գարնան դեմք ունեն, իսկ պատերազմն ու մերժումը` ցուրտ ձմռան թաց մառախուղի․․․
Պետք չէ, որովհետև ամենակարևոր բաները բառերի մեջ չեն խցկվում, բառերի ներսում շնչահեղձ են լինում: Լռությանը շորեր մի՛ հագցրու: Մի՛ կողոպտիր ինքդ քեզ:
Մի՛ արա, մեղք է:
Նունե Մովսիսյան
Նկարի հեղինակ` Նինո Չակվետաձե