Ես ձեր միջի համա-ձայնն եմ
(Լինել թե չլինել ընթեռնելի)
Ինչո՞ւ է ծփում ծովը:
Սրտի համար այսպիսի հարց գոյություն չունի:
Սիրտն ալեկոծվում է այն ժամանակ, երբ ծովն այլևս չի ծփում:
Այսու՝ ժամանակները փոխվել են:
Բոլոր ժամանակներում ասվող բառեր:
Թյուրիմացություններից հնարավորինս խուսափելու համար ես մի բառ կավելացնեմ՝ ժամանակները նորի՛ց փոխվել են: Գուցե և՝ վերջին անգամ:
Եվ ծովը դարձյալ չի ծփում:
Ծովը, կյանքը, գիրը… Այդպես եմ տեսնում:
Ես տեսնում եմ, թե ինչպես կարող է ծովը չծփալ ու մարել, տեսնում եմ, թե ինչպես կարող է կյանքը դատարկվել ինքն իրենից, և թե ինչպես է գիրը սկսում նմանվել ցնցոտու, պատառոտված է ասես, բառեր, բառակապակցություններ, ամբողջական պարբերություններ ջնջվում են ու, քանի որ դա մեր գիրն է, մենք դառնում ենք անընթեռնելի:
Չար երազ է, երևի, որից ես ուզում եմ արթնանալ, որի մեջ ես դեռևս խոսող մեկն եմ, և խոսքն արձագանք է ուզում, և տեսնում եմ, որ երկու անձավ կա ընդամենը, որ կարող է արձագանքել խոսող մարդուն. ուղեղի անձավը և սրտի անձավը:
Մի չջնջվող հուշ ինձ հեռացնում է ուղեղների անձավներից:
Աղբյուր՝ Ավագ Եփրեմյանի ֆեյսբուքյան էջ
Հետգրություն
Ավագ Եփրեմյան ջան, մեկ մտածում եմ. «Հա՛, իհարկե, լինել ընթեռնելի», մեկ էլ ձեռքս թափ եմ տալիս ու ասում. «Բրախի՜», ասել է թե` չլինել ընթեռնելի:
«Ինչո՞ւ է ծփում ծովը: Սրտի համար այսպիսի հարց գոյություն չունի: Սիրտն ալեկոծվում է այն ժամանակ, երբ ծովն այլևս չի ծփում»:
Մի տեսնենք` ինչո՞ւ է ծփում էս ծովը: Ծովը ծփում է, որովհետև սիրտը խաղաղ է, հենց որ սիրտը սկսի ալեկոծվել, ծովը կդադարի ծփալ: Ու դիմացինը կսկսի մտածել, որ էդ ծովը էնքան պարզունակ է, որ ալեկոծվում է՝ խռոված է, մինչդեռ ծովի համար այդպիսի հարց գոյություն չունի:
«Այսու՝ ժամանակները փոխվել են: Բոլոր ժամանակներում ասվող բառեր: Թյուրիմացություններից հնարավորինս խուսափելու համար ես մի բառ կավելացնեմ՝ ժամանակները նորի՛ց փոխվել են: Գուցե և՝ վերջին անգամ: Եվ ծովը դարձյալ չի ծփում»:
Այ ջանըմ, ծովը չի ուզում, չի ծփում, որովհետև այդ պահին ծփալու հարց ծովի օրակարգում չկա:
«Ծովը, կյանքը, գիրը… Այդպես եմ տեսնում:
Ես տեսնում եմ, թե ինչպես կարող է ծովը չծփալ ու մարել, տեսնում եմ, թե ինչպես կարող է կյանքը դատարկվել ինքն իրենից, և թե ինչպես է գիրը սկսում նմանվել ցնցոտու, պատառոտված է ասես, բառեր, բառակապակցություններ, ամբողջական պարբերություններ ջնջվում են ու, քանի որ դա մեր գիրն է, մենք դառնում ենք անընթեռնելի»:
Հա, էլի, ասենք թե ներսումդ բառեր, բառակապակցություններ, ամբողջական պարբերություններ են ջնջվել, ու դու դարձել ես անընթեռնելի:
«Չար երազ է, երևի, որից ես ուզում եմ արթնանալ, որի մեջ ես դեռևս խոսող մեկն եմ, և խոսքն արձագանք է ուզում, և տեսնում եմ, որ երկու անձավ կա ընդամենը, որ կարող է արձագանքել խոսող մարդուն. ուղեղի անձավը և սրտի անձավը:
Մի չջնջվող հուշ ինձ հեռացնում է ուղեղների անձավներից»:
Դուրս գալ է պետք ուղեղների անձավներից, հեռանալիս էլ ձև անել, թե իբր գլուխ չես հանում չկամությունից, էժանագին խորամանկություններից ու ներսից չբխող ժպիտներից:
Լքել է պետք ուղեղների անձավը, ուր բառերը, հմայքաթափ եղած զուգագուլպաների նման, աջ ու ձախ շպրտված են աթոռին:
Ես մտնում եմ սրտի անձավ…
Ն. Մ.