Հավերժ Չարենց` հայկական արևի, հույզի, ծիծաղի, վիշտի և լռության

eghishe-charents

Եվ թո՛ղ աշխարհի տերերն իմանան,
Եվ խոր ըմբռնեն մի վերջին անգամ,
Որ եղե՛լ եմ ես, կլինե՜մ ու կա՛մ,
Ե՛ս— անհերքելի ու հավերժական…

Վիլյամ Սարոյանը Չարենցի մասին

 Չարենց: Եղիշե Սողոմոնյան էր անունը: Տեղ մը ճամփուն վրա մեկ կողմ դրավ Սողոմոնյանը և իր աճող ինքնության վրա զետեղեց Չարենց ընտրյալ անունը: Ի՞նչ կնշանակե: Չար՝ ձևով մը կնշանակե խռովարար և ոչ անպայման «գեշ»: «Ենց»-ը պատկանելություն կցուցնե: Խռովքի մարդը: Ասիկա ոչ մասնագիտական բանասիրություն է և ենթադրություն, որ թերևս զուրկ է իմաստե: Բայց և այնպես, մենք վստահաբար կրնանք բան մը իմանալ անձին մասին՝ իրեն համար ընտրած անունին ծանոթանալ:
Չարենցեն պահանջվեցավ, որ շարունակե բանաստեղծություն գրել՝ այդ բանաստեղծություններուն մեջ միաժամանակ ներմուծելով պատշաճ քաղաքականություն: Ադ կըներ արդեն, երբ իրեն հանդիպեցա Մոսկվային մեջ 1935-ին մայիսի վերջը կամ հունիսի սկիզբը:
Մոսկվայի մեջ ինթուրիսթի առաջնորդուհին ըսավ.
-Թերևս կփափագիք հանդիպել Չարենցին:
Հաջորդ օրը զիս առաջնորդեց մետրոպոլ պանդոկը, Չարենցին սենյակը: Քսանյոթ տարեկան էի: Հրապարակված մեկ գիրք ունեի միայն: Ինթուրիսթի առջնորդուհին թակեց դուռը, որ անմիջապես, գրեթե ուժգնորեն բացվեցավ: Ու ես տեսա կարճահասակ մարդ մը՝ շատ խոշոր, կեռ քիթով, որ իմ վրաս խելագարի տպավորություն ձգեց՝ բառին լավագույն իմաստով: Կեռևեփեր ինքնիրմով, մարդկությամբ, բանաստեղծությամբ, տագնապով, հիշատակներով, ձախորդությամբ, զայրույթով, կսկիծով, և, վերջապես, ամեն-ամեն ինչով, որուն մարդ էակը ծանոթ է, ապրած է, և , սակայն, այս կամ այն ձևով հաջողած է պահել իր հակակշռին տակ: Կատաղի աչքեր ուներ, աչքեր, որոնք, սակայն, ջերմ էին ու հաճելի… տարօրինակ հակասություն իր նկարագիրի մյուս գիծերուն հետ: Կարծես միաժամանակ երկու տարբեր անձնավորություն ըլլար: Տակավին այդ երկու նկարագիրները կարծես պատահականորեն ճյուղավորված ըլլային տարբեր ուղիներով: Իր մեծությունն ու այլազանությունը զինք կմղեին դեպի խելագարություն և կանխահաս մահ՝ անձնասպանությամբ: Կարևոր չէ, թե իր մահը ի՞նչ ձև պիտի առներ իրականության մեջ: Ինձմե մոտավորապես 10 տարի մեծ էր, այսինքն՝ երևի 37 տարեկան, բայց ան իմ ճանչցած մարդերեն որևէ մեկեն ավելի արագ կընթանար:
Սիրեցի Չարենցը, որովհետև այնքան կենսունակ էր, և խորապես մտահոգվեցա իրեն համար, որովհետև ամեն վայրկյան այնքան մոտ կթվար մահվան, խելագարության: Եվ սակայն, աշխարհիկ մեծ իմաստություն մը ուներ: Կարծես ուրախ էր այն իրողության համար, որ ինք և ես կրնայինք իրարու հետ խոսիլ մեր սեփական լեզվով: Հայեր էինք… իսկ աշխարհը տարբեր բան էր: Աշխարհ կրնար մերը ըլլալ, բայց չէր…
Խոսեցանք ու խնդացինք, այդպես ընելով՝ իրարու հաղորդեցինք, թե մենք հայեր ենք, եղբայրներ, օտարներ, բարեկամներ և ապա՝ գրողներ, հայ գրողներ:
Եղիշե Չարենցը Մոսկվայի մեջ 1935-ի մայիսին կամ հունիսին, երջանիկ, բայց ինձի համար եղերական հայ մը, մարդ մը, բանաստեղծ մը, հայրենասեր մը, քաղաքագետ մըն էր: Զինք նկատեցի աշխարհի մեծագույն մարդոցմեն մեկը: Այդ կարծիքը կպահեմ տակավին: Մեր տղան հավերժ Չարենցն է, հայկական արևի, հույզի, ծիծաղի, վիշտի, և, վերջապես, լռության: Շատ բախտավոր զգացի իրեն հանդիպած ըլլալուս համար: Ինչ փույթ, թե արագորեն դեմ հանդիման կնետեր ինքզինքը իր սիրեցյալ արևին:
Չարե´նցը… Չարե´նցը… «Ես իմ անուշ Հայաստանի արևահամ բառն եմ սիրում…»: Անոր չհանդիպած գիտեի արդեն իր այս քերթվածը: Սկսած էի արտասանել Ամերիկայի մեջ: Ամեն մեկ բառ բացատրել տված էի ու գրեթե գոց սորված: Զայն մինչև այսօր կնկատիմ մեր երկրին, մեր հողին, մեր պատմության նվիրված ամենեն գեղեցիկ երգը, գովաբանական աղոթքը: «Հայր մեր»-ին նմանվող աղոթք մը:
Երբ 1935-ին առաջին անգամ և, ավաղ, վերջին անգամ գտնվեցանք դեմ դիմաց, շատ գեշ եղա: Ամենեն տգեղ մարդերեն մեկն էր, զոր տեսած եմ կյանքիս մեջ: Բայց քանի սկսանք խոսիլ, ավելի ճիշտ, ինք սկսավ խոսիլ հայ բանաստեղծության, հայ ժողովրդի մասին, կերպարանափոխվեցավ: Այնքան, որ մեկ ժամ չէր անցած մեր զիրար տեսնելեն ի վեր, ան ուրիշ մեկը դարձած էր արդեն: Ալ տգեղ չէր, նույնիսկ կրնամ ըսել, թե ամենեն գեղեցիկ մարդ մըն էր: Ուրիշ ոչ ոքի հետ պատահած չէր ինձի այս հրաշքը, ոչ մեկ մարդու, ոչ մեկ կնոջ հետ: Հակառակը, սակայն, մեկե ավելի անգամներ: Գեղեցկուհիների հանդիպած եմ հաճախ, որոնք մեկ ժամ հետո ամենեն տգեղ արարածները դարձած են: Չարենցի փայլակնային մտածումներուն մեջ ֆիզիկականը բոլորովին երկրորդական կդառնար, անհետանալու համար վերջնականապես քանի մը ժամ հետո:

Տխրեցա`աղետալի սերմեր տեսնելով իր նկարագրին մեջ: Բայց ոչինչ չգիտեի, և ոչ ոք կրնար օգնել անոր: Նույնիսկ ինչքան կարող էր ինքզ ինքին օգնելու: Շատ բախտավոր զգացի իրեն հանդիպած ըլլալուս համար: Ի՞նչ փույթ, թե արագորեն դեմ հանդիման կընետեր ինքզ ինքն իր սիրեցյալ արևին:

Մոռնանք, որ մեռած է… Չարենցը ողջ է դեռ և կենսունակ իր լավագույն բանաստեղծություններուն մեջ և շատ հավանաբար այդպես ալ պիտի մնա:

Իզո՜ւր խենթ ու խելառ էր, բայց շատ մը աշխարհիկ բանաստեղծներ այդպես եղած են ու են:

Աղբյուրը`  «Հուշեր Եղիշե Չարենցի մասին» գրքից, Երևան, 1986թ.

Գուրգեն Մահարի և Եղիշե Չարենց

Չարենցագետներին և մահարիագետներին թերևս քաջ հայտնի է Գուրգեն Մահարու՝ «Չարենցի հետ» 11 քառատողանոց բանաստեղծությունը:

Սակայն բոլորովին վերջերս Մահարու որդին` Գրիգոր Աճեմյանը, իր աշխատասրիությամբ լույս տեսած Գուրգեն Մահարու ԵԼԺ-ի 1-ին հատորում (Երևան, «Անտարես», 2013թ․) ընդարձակ ծանոթագրությամբ տեղադրել է բանաստեղծության նախնական` 19 քառատողանոց տարբերակը, որն առաջին անգամ տպագրվել է Փարիզում, 1927 թվականին:

Իսկ ինչու՞ էր կրճատվել բանաստեղծությունը, և ինչու՞ էր Չարենցը վրդովվել դրանից:

1926 թվականին Եղիշե Չարենցը հայտնվում է Երևանի ուղղիչ տանը` ոմն օրիորդ Մարիաննա Այվազյանին հրազենով վիրավորելու մեղադրանքով:

«Իրիկուն Աբովյանի վրա: (Աբովյանի համար չկան գաղտնիքներ, ոչ պետական, ոչ ընտանեկան, ոչ…):

Խռոված դեմքեր, շշուկներ:

—Ի՞նչ… Ո՞վ… Ե՞րբ…  Ու՞ր:

— Բուլվարի մոտ…. աղջկան` հիվանդանոց… Չ, Չ, Չ… միլիցիա (Գ. Մահարի ԵԺ 5, էջ 475)

Դեպքից հետո Չարենցի կալանքը հարմար առիթ էր «Նոյեմբեր» միությունը ՀՊԳԱ-ին միացնելու և անդամների նկատմամբ ճնշումներ գործադրելու համար: Այդպես, հակահեղափոխական բանաստեղծություններ գրելու ու տարածելու մեղադրանքով, Մահարին երկրորդ անգամ վտարվեց Գրողների միությունից: Այդ օրերին էլ գրվեց «Չարենցի հետ»-ը: Մահարին այն ուղարկում է Փարիզ` Եղիա Չուբարին («Երևան» թերթի խմբագիր): Բանաստեղծությունը Հայաստանում լույս տեսավ 6 տարի անց` «Մրգահասում»: Այդ ժամանակ արդեն Չարենցը ազատության մեջ էր և ինքն էլ խմբագրում է բանաստեղծությունների ժողովածուն: Չարենցը ընդհանուր առմամբ գոհ էր իրեն նվիրված բանաստեղծությունից, բայց նրան այնուամենայնիվ դուր չէին եկել դեպքին վերաբերող ակնարկները: Այդպես էլ կրճատվում է երկարաշունչ բանաստեղծությունը.

Նագանն էր օղու վերջը, իսկ օղին ինչու համար,

Սիրտդ ինչից անբավական էր,

Եվ միթե այդ չար վերքը նագանից կառողջանար,

Բժիշկ էր միթե նագանը….

Աղբյուրը`  qayl.am

Գուրգեն Մահարի «Չարենցի հետ»
1.
Հիշո՞ւմ ես, հիշո՞ւմ ես, գալիս էր աշունը,
Ձմեռն սպասում էր մերկ սարից անդին,
Բուլվարի ծառերը խշխշում էին,
Բուլվարը նման էր հիվանդի…
Ու փոշոտ մեր քաղաքի փակուղիներում
Սուլում էր աշնան քամին ցրտաշունչ,
Նա մերթ մղկտում էր աղիողորմ,
Ու մերթ էլ կատաղի ցնցում:
Նա ծվատում էր մացառ ու թուփ,
Հեկեկում խուլ ու տրտմաթախիծ,
Ամայի անտառում ու դեղնած դաշտում
Փնտռում էր գոնե մի ծաղիկ…
Անտառի տերևներն էին խշխշում,
Մահանում դաշտերն ընդարձակ,
Հիշո՞ւմ ես, հիշո՞ւմ ես, աշուն էր, աշո՜ւն,
Հողմերը խո՛լ ու նախահարձակ…
Ու քամիներն այդ խոլ և՛ աղեխարշ, և՛ խուլ,
Այդ քամիները խենթ, այդ քամիները չար…
Կարծես մի սև սողուն ուղեղումդ է սողում,
Եվ ուզում ես ճչալ, բայց չես կարող ճչալ…
Ու հոգնությունն այն խոր մեր ուսերին նստած,
Ու մագիլներ սուրսայր, սիրտ ծվատող ու չար,
Երբ թվում էր կյանքը մի լուսնահար ոստան,
Ուր եղյամը ահա անհուսորեն իջավ…
2.
Ես հիմա վերհիշում եմ մեր բոլոր զրույցները,
Մեր բոլոր ճամբաներն անցած,
Այդ ամենը հիմա օրերում մշուշվել են,
Բայց դեռ խայթում են որպես հանցանք:
Ախ, մենք շատ շշեր ջարդեցինք միատեղ,
Ու շատ բան մեռավ մեր սրտում,
Ու իջավ մեր ուղեղում տերևաթափը
Մշուշոտ, բաց ու տրտում:
Ու փշրած մեր շշերը աններում հանցանքի պես
Ողողում են երակ առ երակ,
Ինչի՞ց մենք դժգոհ էինք, ինչի՞ց, այդ ես չգիտեմ,
Բացվել էր սև մի անդունդ անանց ու մռայլ…
Եվ օրոր էինք երգում խավարած մեր հույսերին,
Որոնում ուրիշ երգ ու սեր,
Իջնում էր ծանր մի թաթ հոգնատանջ մեր ուսերին
Ու թվում էր կյանքը ժանտ ու սև…
Նագա՛նն էր օղու վերջը, իսկ օղին ինչո՞ւ համար,
Սիրտդ ինչի՞ց անբավական էր,
Եվ մի՞թե այդ չար վերքը նագանի՛ց կառողջանար,
Բժի՞շկ էր միթե նագանը…
Ինչի՞ց մենք դժգոհ էինք, ա՜խ, գուցե նրա համար,
Որ երկրի բոլոր դաշտերից
Հոսում են հորդ առուներ` կապույտ ու լուսավարար,
Խնդությամբ առողջ ու բերրի:
Որ բոլոր հյուղերի մոտ ծաղկում է նոր մի սերունդ,
Աճում են նոր ծառեր անգին,
Եվ այն, որ տրոփում է երկիրը նո՛ր հույզերով,
Ու սնում նոր հունտեր կյանքի…
Էլ ինչո՞ւ մեր անիվը փշրվում էր քարեքար,
Կորցրած դադար ու հանգիստ.–
Բանաստեղծ իմ բարեկամ, բանաստեղծ իմ բարեկամ,
«Մթի՜ն են խորշերը կյանքի»…
3.
Ես գիտեմ, որ ոչ մի «կին» չարժի մեր մեկ իսկ երգին,
Ոչ մի երգ այս տենդին մաքրող,
Կբուժվեն, շուտ կբուժվեն արնահոս մեր վերքերը,
Ու առաջ կանցնենք մենք շարքերով:
Կցնդի միֆի նման այս հիվանդ զառանցանքը,
Կդառնանք մենք քաղաքացի,
Լոկ պոետ լինելն հիմա աններում մի հանցանք է,
Մենք ունենք դեռ ճամբա դարձի…
Օ՜, առաջ կերթար կյանքը առանց քեզ և առանց ինձ,
Ներկա՛ կդառնար ապագան,
Ու չկա մի արգելակ հին շենքի փլուզումին
Ու նոր երթին հաղթական…
Միայն մենք կմնայինք շպրտված դիրքից դուրս,
Գալիքին խորթ ու անգիտակ,
Լոկ քամին պիտի երգեր մեր անկումն ու կորուստը,
Մի օտար ցանկապատի տակ:
Բարեկա՛մ, մարտի՛կ, ընկե՛ր, ինչ լա՛վ որ մենք կա՛նք դեռ,
Կարող ենք դեռ ուղի՛ հարթել,
Խորտակել ինչ որ կյանքում թունոտ է ու ժանտադեմ
Ու տնկել նոր կյանքի վարդեր:

Աղբյուրը`  granish.org

Կարող եք ծանոթանալ` Գուրգեն Մահարի  «Չարենցն էր» 

Ինչպես նաև`  «Չարենց» կայքէջին

Реклама

Об авторе Նունե Մովսիսյան

Բարի գալուստ
Запись опубликована в рубрике Մեդիադարակներ с метками . Добавьте в закладки постоянную ссылку.

Один комментарий на «Հավերժ Չարենց` հայկական արևի, հույզի, ծիծաղի, վիշտի և լռության»

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s