Ինչ տվել եմ, քոնն է…

Ananyan_V.S.-P002.jpg

«Ընդունի՛ր, ինչ թողել եմ կածանների վրա, անտառի ոսկի խաշամների մեջ, լեռնային լճի փրփրոտ ափին:

Ինչ տվել եմ, քո՜նն է, ինչ պահել եմ սրտումս, նույնպես քո՛նն է: Ընդունիր հավատով, բարեկամ, և մի նեղանա քո ընկեր Վախթանգ Անանյանից»: «Սևանի ափին»

Հետաքրքիր բան է մարդկային հիշողությունը` աներևեկայելի ու անչափ զարմանալի: Երբեմն թվում է` այնքան ես ապրել, որ քեզ հետ կատարվածը ոչ էլ կապ ունի քեզ հետ կամ էլ ունի այնքանով, որքանով «Կյանք» կոչվող սերիալի գլխավոր հերոսը դու ես…

Արդեն քանի օր է` հիշողությանս փոշոտ գզրոցներից լողալով ինձ են մոտենում ու հեռանում պատկերներ, բառեր, հայացքներ, մարդիկ, գույներ, որոշակի հոտեր: (Գիտե՞ք, անցյալն էլ հոտ ունի, չէ ՛, հաստատ բան եմ ասում, ունի՛):

Ձեռքս թափ եմ տալիս հիշողություն կոչվող այդ աներեսի վրա, քշում, փախչում. հնար չկա, եկել է ու ինձ բաց չի թողնում ոչ գիշերները, ոչ էլ արդեն ցերեկը: Աչքիս` սա ինձ բաց չի թողնելու, ճարս ինչ, պիտի ենթարկվեմ ու տեսնեմ` ինչ է ուզում շուրջս օր ու գիշեր պտտվող, չարուկ այս աղջնակը:

Իսկ այդ աղջնակը ես եմ` պստլիկ մի մարդուկ, ում փողոցում, հետո նաև դպրոցում ճանաչում են «Չամիչ» կամ «Չամչուկ» մականունով: Ինքը աշխույժ, կրակի կտոր մեկն էր, ով մանկապարտեզին հազիվ երկու օր դիմացավ (մանկապարտեզն էլ` իրեն), և ով ստիպված էր «զրո» դասարան գնալ (տնաշեններն ինչ էլ անուն էին դրել), որովհետև մանկապարտեզ չգնալու պատճառով տառերը չգիտեր: Դպրոց ասվածն իր «զրոյով» հանդերձ`  ինձ շատ արագ ձանձրացրեց: Մեկ-երկու, փասափուսես հավաքեցի ու հայդե տուն, ասել է թե` դուք էլ, ձեր տառերն էլ…: Չօգնեց ոչինչ. ո՛չ մորս թախանձանքը, ո՛չ էլ անգամ հորս խստադեմ հայացքը (փաստորեն` էն գլխից եմ անուղղելի…):

Տան մեջ, հերթական անգամ չարություն անելիս («պահարան-անկողին-բազմոց» թռիչքուղի) հանկարծ աչքս բռնում ու համառորեն բաց չի թողնում մի գիրք: Թռվռում եմ, որ հասնեմ գրապահարանին, չի ստացվում: Ստիպված ձեռքից բռնում ու այգուց սենյակ եմ քարշ տալիս պապիս: Պապս ( օղորմի քեզ, Սարգիս պապ, հազար օղորմի) լուռ ու հնազանդ գալիս է, վերցնում է գիրքը, կարդում վերնագիրը.

— «Սևանի ափին», հեղինակ՝  Վախթանգ Անանյան:

Գիրքը տալիս է ինձ, հետն էլ խորամանկ ժպտում ու ասում.

-Ափսո՜ս, դու չես կարող իմանալ` ինչ կա գրքի մեջ գրված, որովհետև տառերը չես ուզում սովորել:

Ու, քանի որ շատ եմ ուզում իմանալ, թե ինչ է թաքնված այդ գրքի մեջ, քիչ ավելի ուշ մոտենում եմ պապիս.

-Պապի՛, ա՜յ պապի, դու տառերը գիտես, չէ՞, ինձ կսովորեցնե՞ս: Ես ուզում եմ իմանալ, թե ինչ է գրված այս գրքի մեջ:

Պապս համաձայնվում է, բայց մի պայմանով` ես պետք է դպրոց գնամ: Ստիպված եմ համաձայնվել: Գնում եմ դպրոց, բայց վայ էն գնալուն: Մի կերպ դիմանում եմ, դասերից հետո վազում տուն, պայուսակս շպրտում ուր պատահի, վերցնում եմ պապիս հացն ու բռնում դաշտի երկար ու ձիգ ճանապարհը: Հասնում եմ տեղ, ես ու պապս միասին հաց ենք ուտում, ու սկսվում է դասը. աստվա՜ծ իմ, աշխարհի ամենասիրուն, ամենաճիշտ, իմ ամենա-ամենադասը…: Պապս հողի վրա փայտի կտորով գրում է տառերը, ես ուշադիր նայում եմ, հետո տառերն այդ գրում-ջնջում եմ իմ բաժին հողե գրատախտակին, իսկ երեկոյան ինձ հետ տուն եմ բերում մեր տառերը` արևոտ, դաշտի հոտով, հողե ու հողեղեն իմ տառերը…

Մի քանի ամսում սովորում եմ բոլոր տառերն ու, որպեսզի շատ չձանձրանամ դասարանում, սկսում եմ խանգարել դասարանցիներիս: Ուսուցիչս զարմանքով հայտնաբերում է, որ ես գիտեմ տառերը, բռնում է ձեռքիցս, տանում տնօրենի մոտ ու գլուխը, երևի, ինձնից պրծացնելու համար պատճառաբանում է, որ ես պետք է տեղափոխվեմ առաջին դասարան, որովհետև անելիք չունեմ «զրո» դասարանում: Երկրոդ կիսամյակից սկսում եմ գնալ առաջին դասարան: Հա՞ որ…

Հիշո՞ւմ եք, չէ՞, ինչու սովորեցի տառերը: Ճի՛շտ եք, որ կարդամ «Սևանի ափին»: Սկսում եմ կարդալ, շատ մեծ դժվարությամբ, բայց կարդում եմ: Մինչև տարեվերջ ավարտում եմ «Սևանի ափին» ու նորից սկսում խանգարիչ գործունեություն ծավալել: Այս անգամ էլ այս ուսուցիչն է բռնում ձեռքս, ու ես` «մեղավորս», մի տարվա մեջ երկրորդ անգամ եմ հայտնվում դպրոցի տնօրենի`  Գևորգյան Վանուշի մոտ: Նա ամեն առավոտ դպրոցի բակում ինձ դիմավորում էր (երևի, որ ետ չգնայի տուն), պայուսակս վերցնում (որն, ի դեպ, ճիշտ իմ հասակին էր), և մենք զրուցելով` քայլում էինք մինչև իմ դասարան (փաստորեն, ինձ էն գլխից են երես տվել..):

Պարզվում է` առաջին դասարանում էլ անելիք չունեմ, ու ես սեպտեմբերից հայտնվում եմ երկրորդ դասարանում: (Մեղքս ինչ թաքցնեմ, դրանից հետո ինչքան էլ խանգարեցի, ոչինչ չօգնեց, և ես ստիպված եղա դպրոց գնալ ևս ինը տարի):

Այս ամենը գրեցի, որ Քեզ` Վախթանգ Անանյան ջան, ասեմ հետևյալը. այն, ինչ ինձ տվել ես, իմն է, ինձ հետ է, իմ մանկության անբաժանելի մասն է ու իմ սրտում է: Բարեկա՛մ, քո տվածն ընդունում եմ հավատով, սիրով ու երախտագիտությամբ: Քո «Սևանի ափին»` իմ կարդացած առաջին գիրքն այնքա՜ն թանկ ու սիրուն հիշողություններ ուներ իր մեջ ամփոփած, որ տարիներ հետո էլ կարողացավ ինձ հուզել, ո՜նց հուզել…: Շնորհակա՛լ եմ:

Նունե Մովսիսյան

Реклама

Об авторе Նունե Մովսիսյան

Բարի գալուստ
Запись опубликована в рубрике Մեդիագզրոցներ с метками . Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s