Արտավազդ Թումանյանը Վանում

Van, Tumanyan

Խոստովանում եմ՝  ամեն տարվա ապրիլի 24-ը միշտ էլ առանձնակի դժվարությամբ եմ ընդունել ու ծանրությամբ ճամփու դրել: Ամեն անգամ ապշում-մնում եմ, թե մարդիկ ինչ հեշտությամբ ու թեթև են խոսում ցեղասպանությունից (բառից անգամ մարմնովս դող է անցնում, ուր մնաց, թե գրեմ այդ մասին):

Ինչ հիշում եմ՝ միշտ խուսափել եմ այս օրվա լրատվությունից: Հեռուստատեսություն ասվածը վաղուց իմ կյանքում չկա, կան միայն մերթ ընդ մերթ երևացող լուսանկարներ ու նյութեր, որոնք անկախ իմ կամքից հայտնվում են աչքիս առաջ՝  ֆեյսբուքում կամ ինչ-որ տեղ՝  համացանցում: Սովորաբար արագ անցնում եմ ցեղասպանությանը վերաբերող նյութերի կամ հանդիպող լուսանկարների կողքով, որովհետև դժվարանում եմ նայել կամ կարդալ: Բայց երկու լուսանկար մեխվել-մնացել է ուղեղումս ու ամեն անգամ հիշելիս փշաքաղվում եմ: Ի տարբերություն ցեղասպանություն պատկերող մյուս լուսանկարների՝  այս երկուսում դաժանություն կամ մահ չկա, բայց կա շատ ավելի ցնցող ու հուժկու մի բան` ապրելու հզոր կամք: Իմ խորին համոզմամբ` այն հենց դա մենք պիտի այսօր ոգեկոչեինք:

Նախ` հայացքս բռնեց ու պահեց լուսանկարում պատկերված երիտասարդը: Փորձում էի հիշել, որտեղ եմ տեսել այս երիտասարդի լուսանկարը, ախր, շատ ծանոթ դիմապատկեր է: Հետո ուշադիր նայելուց հետո հիշեցի՝ թումանյանական դիմագծեր են: Քիչ ներքևում գտա տեղեկություն. թուրը պարզողը Թումանյանի որդին է՝ Արտավազդը: Քանի որ տեղեկությունն ինձ համար անծանոթ էր (մինչ այդ չգիտեի, որ Թումանյանի զավակը՝ այդ շնորհաշատ երիտասարդը, Վանի պարետն է եղել), ուստի և փորձեցի ինչ-ինչ բաներ պարզել: Ու, ահա թե ինչ պարզեցի: Այդ տարիներին Վանի ժամանակավոր կառավարության նահանգապետը Կոստի Համբարձումյան էր, իսկ Վան քաղաքի լիազոր պարետ էր նշանակվել Հովհաննես Թումանյանի որդին՝ Արտավազդ Թումանյանը: Նա մեծ բարեխղճությամբ է կատարել իրեն վստահված աշխատանքը. ապահովել է հայ գաղթականներին սննդով, բուժօգնությամբ, բացել ժամանակավոր կացարաններ, հիվանդանոցներ: Արտավազդը նույնիսկ կռվի դաշտում էր ոգեշնչվում հայրենի երկրի վեհաշուք պատկերներով: Քրոջը՝  Նվարդին, 1916թ. մարտի 2-ին գրում էր. «Ապա թե իմանաս ի՜նչ գեղեցիկ, սրբազան վայրերում եմ անցել. բավական է տամ Ավարայրի դաշտի անունը…ի՜նչ սքանչելի է…»: Հուզիչ է Արտավազդի և այն ժամանակ Արևմտյան Հայաստանում Միջազգային կարմիր խաչի առաքելությամբ գտնվող գթության քույր անգլուհի Էլիզաբեթ (Բեթի) Արմսթրոնգի նամակագրությունը:

…Դու օտար աղջիկ իմ հայրենիքում:

Երկուսս էլ լռում ենք, օտար լեզուներ,

Ա՜խ, ամեն մեկս որքան սեր ուներ

Իրար պատմելու, իրար ասելու…

Իր մեկ այլ նամակում Արտավազդը գրում է. «Մայրիկ ջան, էստեղի դրությունը բավականին խախուտ է: Երեկ գիշերվանից Ոստանում արդեն հրաձգություններ սկսվեցին: Դրությունը շատ անորորշ է…նահանջը անխուսափելի է, եվ շա՜տ վատ նահանջ կլինի…»:

Հիրավի, նահանջն անխուսափելի էր: 1917թ. աշնանը ռուսական զորքերը վերջնականապես հեռացան Վանից: Հայկական փոքրաթիվ ինքնապաշտպանական ջոկատները փորձում էին կազմակերպել կիսաքանդ Վանում մնացած հայ բնակչության պաշտպանությունը: 24 -ամյա Արտավազդը զոհվում է 1918թ. ապրիլին՝  Վանից հայ բնակչության երկրորդ նահանջի ժամանակ՝ վերջնապահ փոքրաթիվ խմբի կազմում:

Van

Լուսանկարում՝ Արտամետի 12-ամյա մանուկների կամավորական ջոկատ

Մեյնարդ Օուեն Ուիլյամս «Վանի կոտորածների միջև» (1918, մարտ)

Իսկ հիմա լուսանկարում պատկերված 12-ամյա մանուկների կամավորական ջոկատի մասին (խենթանալ կարելի է` 12 տարեկան մանուկը` զինվո՛ր…): «Հետո տղաները հավաքվեցին ու զգաստ շարվեցին մեր շինության հարթ կավե տանիքին: Այնտեղ երիտասարդ պարետը՝  հայ հայտնի բանաստեղծներից մեկի որդին, 12-ամյա զորավարին հանձնեց թուրը, որ ժպիտով, բայց արցունքներն աչքերին արել էր վարպետ ատաղձագործը՝  ամբողջ սրտով տրվելով սիրո այս պարզ ընծայմանը: «Այս անգամ մենք ձեր առաջնորդին միայն թուր կարող ենք տալ,- ասաց նահանգապետը, ով թողել էր կարևոր հանդիպումը՝  այս երեխաներին հրաժեշտ տալու համար: Բայց ուզում եմ, որ շարունակեք կարգապահ լինել ու մարզվել, որովհետև կարող է ժամանակ գալ, երբ ձեր օգնության կարիքն ունենանք: Խումբդ միշտ զգո՛ն պահիր, զորավա՛ր, հայրենիքը կարող է կանչել քեզ»:

94392725_2970274499688471_7436224664541593600_o

«Մենք պատրաստ կլինենք, պարոն»,- ասաց նոր թրի հպարտ տերը: Հետո շրջվեց դեպի իր խայտաբղետ խումբը: «Զենքն աջ ուսի՛ն: Աջ դա՛րձ: Քայլով՝ մարշ»: Եվ Արտամետի կամավորների ջոկատը հպարտորեն ճամփա ընկավ դեպի իրենց գյուղ, որի միջով մեկ ամիս հետո անցան թուրքական հրոսակախմբերը՝  Վանի կոտորածի ճանապարհին»:

Ի դեպ, 1915թ. հունիսի սկզբներին Վանում է եղել նաև հայ մեծ բանաստեղծ Հովհաննես Թումանյանը: Նա Վանում մնացել է մոտ երկու շաբաթ, ծանոթացել է բնակչության հետ, այցելել Վանի կրթական հաստատություններ, հանդիպումներ ունեցել երիտասարդության ու մտավորականության հետ։ Բանաստեղծը ուղղակի հիացած էր վանեցիների հայրենասիրությամբ, ազգային ինքնագիտակցության բարձր դրսևորումներով, նրանց հերոսական, անընկճելի ոգով, ապագայի նկատմամբ ունեցած մեծ լավատեսությամբ ու հեռու գնացող, այսուհետ միայն ազատ ու ինքնավար ապրելու ծրագրերով: Առաջին աշխարհամարտի հայ ժողովրդի մեծագույն հաղթանակը՝  Վանի հերոսամարտը, որն ուղիղ ճանապարհ էր հարթում Արևմտյան Հայաստանի գոնե մի հատվածի հայերի անկախ գոյատևման՝ խլվեց հայ ժողովրդից ռուսական ոչ հայանպաստ քաղաքական խարդավանքների շնորհիվ: Հովհաննես Թումանյանն այս դեպքերից հետո ընկնում է հոգեկան լուրջ ալեկոծման մեջ: «….Քաջարի» (ռուսական) զորքը իր «մեծ» գործի վրա է, հայերին ոչ մի միջոց ու հնար չեն տալիս, այնինչ քրդերն ազատ՝ զենքները ձեռքին թափառում են սար ու ձոր, իսկ չերքեզները և օսեթինները իրենց հավատարմությունն են հայտնում ռուս գեներալ Աբացիևին, իսկ Աբացիևի կարգադրությամբ բոլոր հայերին զինաթափ են անում», — հուսահատված գրում էր այդ օրերին Թումանյանը:

Սկզբնաղբյուր՝  Maynard Owen Williams. «Between Massacres in Van» (1918, March)

Աղբյուր՝  Լիլիթ Գրիգորյան «Արտավազդ Թումանյանը Վանում. 1916»

Լուսանկարները և տեղեկությունը` Ruben Shukhyan ֆեյսբուքյան էջից

Կարող եք ծանոթանալ նաև՝   Հայկական հարցը և Թումանյանը

Վանի հերոսամարտի 100-ամյակը

Նյութը պատրաստեց Նունե Մովսիսյանը

Об авторе Նունե Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Մեդիագզրոցներ с метками , , . Добавьте в закладки постоянную ссылку.

3 отзыва на “Արտավազդ Թումանյանը Վանում

  1. Նունե Մովսիսյան:

    Վերջաբանի փոխարեն

    Պատկերացրեք միայն. այս ընթացքում կառուցվեր և օծվեր 1915 թվականին պայթեցված մեր հարյուրավոր եկեղեցիներից մեկն ու մեկը, ասենք՝ Նարեկավանքը կամ էլ Մշո Առաքելոցը: Այս կերպ, գոնե մասամբ, կատարած կլինեինք զորավար Անդրանիկի վերջին ցանկությունը. «Եթե իմ ժողովուրդը կուզի իմ մահից հետո պատիվ անել ինձ, ես իմ արձանը չեմ ուզեր, փառավոր թաղում չեմ ուզեր, թող հայ ժողովուրդը կանգնեցնի ավերակ դարձած Առաքելոց վանքը և այնտեղ հիմնի մի ուսումնարան հայ մանուկների համար»։

    Нравится

  2. Նունե Մովսիսյան:

    Ես այսօր ուրիշ բան էի ուզում ասել: Պատահական չէ, որ այս տարի՝  ապրիլի 23-24-ին, որոշեցի ներկայացնել հայերի ինքնապաշտպանության մասին նյութեր և անել համապատասխան հետևություն. Հրացանը չի կարող հաղթել թնդանոթին, ինչքան էր, որ քաջ ու դիպուկ լինի հրացանակիրը, ճիշտ այնպես, ինչպես չի կարող անհատը հաղթել՝  դուրս գալով պետության դեմ: Հայերը անհատներ էին ու պետության դեմ կռվում էին հրացանով: Պարտությունն անխուսափելի պիտի լիներ: Ու եղավ…
    Ասելս ի՞նչ է: Ինչպես սիրուց  հավատ՝  զգացմունքից միտք ու հոգևոր դաշտ է մեկ քայլ, այնպես էլ հայրենիքից պետություն է մեկ քայլ: Կունենա՞նք այդ քայլի կարևորության գիտակցումը, կունենանք նաև ուժեղ ու ամենակարևորը՝  Հոգևոր Հայաստան: Չենք ունենա, այսպես էլ կմնանք՝  սրանից-նրանից ինչ-ինչ բաներ սպասող ու պահանջող…

    Нравится

  3. Նունե Մովսիսյան:

    «Հայ ժողովրդի արդար դատի համար պետք չէ ոչինչ, բացի ճշմարտությունը…»: Հովհ. Թումանյան

    Нравится

Оставьте комментарий