Երբ քեզ հարմար է, Տե՛ր, լուռ արի և նստիր այստեղ

934691_346208605501586_1617373652_n

Մայիսի 7-ին ծնվել է Ռաբինդրանաթ Թագորը, իմ Թագորը…

Արձակ բանաստեղծություններ

Երբ ես ղեկը թողնեմ` քո վերցնելու ժամանակը կգա,

Այն, ինչ պիտի լինի` կլինի. զուր է պայքարը,

Այնժամ սիրտը լուռ կհաշտվի իր պարտության հետ,

Եվ երջանկությունը կկանգնի քեզ համար նախատեսված տեղում,

Լապտերներն իմ կամացուկ կմարեն քամու ամեն շնչի հետ,

Փորձելով վառ պահել` ես կմոռանամ ամեն, ամեն ինչ,

Բայց այս անգամ ես իմաստուն կլինեմ և կսպասեմ մթության մեջ` հատակին փռելով իմ գորգը.

Երբ քեզ հարմար է, Տե՛ր, լուռ արի և նստիր այստեղ…

*****

Անջատման ցավն այս տարածվում է աշխարհով մեկ` անծայրածիր երկնքում ստեղծելով անհամար պատկերներ…

Անջատման տխրությունն այս ամբողջ գիշեր լուռ նայում է մի աստղից մյուսը` մթնշաղին ներդաշնակություն ստեղծելով հուլիսյան անձրևից խշշացող տերևների մեջ…

Համապարփակ վիշտն այս սկզբնավորում է սեր և ցանկության, տառապանք և ուրախության,

Այդ նա՛ է հավերժորեն հալչում` պոետի իմ սիրտը երգեր լցնելով…

*****

Ես քեզ կզարդարեմ ավարներով, ծաղկեպսակներով իմ պարտության,

Իմ ուժերից վեր է ինձ թաքցնել պարտությունից,

Ես լավ գիտեմ` հպարտությունն իմ կկոտրվի, կյանքն անչափելի ցավի մեջ կփշրի իր շղթաները,

Եվ ավերված սիրտն իմ կհեկեկա երգեր` նման դատարկ եղեգի, և քարը կհալվի արցունքներից,

Ես լավ գիտեմ`լոտոսի հարյուրավոր թերթիկներ չեն կարող փակ մնալ ընդմիշտ. մեղրը գաղտնի կծորա,

Կապույտ երկինքը հայացքն ինձ կդարձնի և կհորդորի լռել,

Ինձ ոչի՛նչ չի մնա, ոչի՛նչ, և ես մահը կընդունեմ քո ոտքերի առաջ…

*****

Ամբողջ կյանքում իմ երգերը փնտրեցին քեզ,

Այդ նրա՛նք ինձ դռնեդուռ գցեցին, նրանց միջոցով ես աշխարհը ճանաչեցի,

Այդ նրա՛նք ինձ ամեն ինչ սովորեցրին, նրա՛նք ինձ ցուց տվին գաղտնի ուղիներ,

Նրա՛նք իմ աչքերում, իմ սրտի հորիզոնում շատ աստղեր բացեցին,

Նրա՛նք ինձ ուղեկցեցին երկրային վայելքների և տառապանքի առեղծվածները,

Եվ ի՞նչ դարպասների մոտ ինձ բերեցին մայրամուտին` իմ ուխտագնացության ավարտին…

Աղբյուրը`  https://www.facebook.com/RabindranatTagor

Ռուսերենից թարգմանությունը` Նունե Մովսիսյանի

Ավելին իմանալու համար կարող եք ծանոթանալ  «Թագոր» կայքէջին

Նարեկացի-Թագոր-Օշո…ու էլի Նարեկացի

Այսօր ուզեցա շարունակել Նարեկացի-Թագոր-Օշո-Նարեկացի տարիներ առաջ կիսատ թողած զրույցը: Խոսքը մասնավորապես վերաբերում է նրանց արծարծած` Աստված-մարդ փոխհարաբերությունների խնդրին:

Թեև Նարեկացին ասում է. «Եւ որքան մարթ է զմարդն Աստուծոյ` Աստուծոյ նմանեցուցանել» կամ «կարող ենք նույնիսկ մենք Աստված լինել շնորհներով ու ձիրքերով ընտիր», միևնույն է, նա քննելով մարդու և Աստծո փոխհարաբերությունների հարցը` հստակ սահմանագծում է մարդու և Աստծո տեղն ու դերակատարումը:

Այս թեման համաշխարհային գրականության մեջ հաջողությամբ զարգացրել է Ռաբինդրանաթ Թագորը: Նա վերևներից Աստծոն իջեցրել է, բերել-դրել մարդու մեջ: Բայց…

Աստված ուզում է տաճարն իր տեսնել

կառուցված սիրուց ու կարեկցանքից,

Իսկ մարդիկ, ահա, խոնարհվում Աստծուն,

քարով են շարում պատերը վանքի:

Ի դեպ, Թագորը այն բացառիկ գրողներից է, ում ազդեցության ոլորտից դուրս գալու համար ժամանակին ինձնից ջանքեր են պահանջվել: Մինչև հիմա հիշում եմ մեր առաջին ծանոթությունը: Երբ առաջին անգամ մուտք գործեցի Թագորի աշխարհ` անսպասելիությունից անակնկալի եկա: Թագորի՝  հինդուիստական գրականությանը հատուկ խորքային մտածողության մեջ մի բան կա, որն ավելին է, քան իմաստությունը, ավելին է, քան միտքն ու բանականությունը, քան մաքրությունն ու գեղեցկությունը: Դե, ավելին է, էլի…

«Ես չեմ ուզում լինել հավատացյալ, ես ուզում եմ լինել բանիմաց: Ես չեմ ուզում լինել գիտակ, ես ուզում եմ բավականաչափ անմեղ լինել, որպեսզի էութենականությունը իմ առաջ բացի իր գաղտնիքները: Ես չեմ ուզում, որ իմ առաջ խոնարհվեն ինչպես սրբի»: Ի դեպ, ամբողջ 20-րդ դարում քիչ, շատ քիչ մարդիկ կգտնվեն, ում կենդանության օրոք կվերաբերեն իբրև սրբի: Այդ քիչ մարդկանցից մեկը, անկասկած, Ռաբինդրանաթ Թագորն էր: Բայց նա հրաժարվեց, որ իրեն սուրբ ճանաչեն: Նա ասաց. «Ես միայն մի ցանկություն ունեմ. որպեսզի ինձ հիշեն որպես երգեր կատարողի, որպես պարողի, որպես պոետի, ով իր բոլոր ուժերը, իր կյանքի բոլոր գույները տվեց խորհրդավոր աստվածայինի էութենականությանը: Ես չեմ ուզում, որ իմ առաջ խոնարհվեն, ես դա ստորացուցիչ եմ համարում…դա տգեղ է, հակամարդկային և բացարձակապես անկյանք: Յուրաքանչյուր մարդու մեջ կա Աստված, յուրաքանչյուր ամպ, յուրաքանչյուր ծառ, յուրաքանչյուր օվկիանոս լի է բարեպաշտությամբ, ասացեք խնդրեմ՝  ով ում պետք է երկրպագի…»:

Օշո Ռաջնիշը փորձում է մեկ քայլ առաջ գնալ: Եթե Ռաբինդրանաթ Թագորի կենսափիլիսոփայության մեջ յուրաքանչյուր մարդու մեջ Աստված կա, ապա Օշոն հայտարարում է. «Մարդը ոչ այլ ինչ է, եթե ոչ Աստված»: Հարցադրումը, ըստ էության, դավանաբանական է, ուստի և՝   պատասխանը միանգամայն հստակ կհնչի. «Մարդը չի կարող Աստված լինել»:

Այո՛, մարդը ինքնազարգացման շնորհիվ կարող է հասնել Աստծո փեշերին, ավելին՝ մարդը կարող է ընկերություն և բարեկամություն անել Աստծո հետ, նույնիսկ կարող է մասնակից դառնալ Աստծո գործերին (այս մասին Օշոյի հաջորդ` «Դարձի՛ր տիեզերքի սիրահարը» թարգմանության մեջ), ասել է թե՝ Մարդը իր ձիրքերով կարող է մոտենալ աստվածայինին, բայց սա չի նշանակում, որ Մարդը կարող է Աստված դառնալ: Դառնանք Նարեկացուն.

Ուստի հառնիր, տեր, որպեսզի հանկարծ աջն հողեղենի
Չզորավորվի քոնի համեմատ,
Ջանքերը մարդկանց չհավասարվեն
Քո աստվածային ողորմության հետ:
Առողջ անդամներ ունեցող մարդիկ
Կարիք չեն զգում բնավ բուժվելու,
Ոչ էլ տեսնողներն՝  անհրաժեշտություն առաջնորդների.
Ընչաշատները չեն հածում երբեք
Լիացածների դռների առաջ,
Ու չեն սպասում հղփացածները ամեն բարիքով՝
Թափթփուկներին սեղանի հացի.
Ծարքով սրբերը կարիք չեն զգում ողորմածության.
Արդ, գթա դու ինձ, ողորմիր, բարձրյալ երկնավոր հզոր,
Ինձ՝  վարանյալիս ամենատխուր…
Խոսքը փոխանցենք Թագորին. «Թե ինքդ քեզանից մի գլուխ բարձրանաս,

Խոնարհիր գլուխդ քո առաջ, որ ուրիշ չդառնաս»:

Թագորը, Հարվարդի համալսարանում «Չարի հիմնախանդիրը» հրապարակային դասախոսության ընթացքում, առավել քան պարզ ու մատչելի սահմանում է մարդու հոգևորի սկիզբը. «Երբ ընդլայնվում են մարդու պատկերացումները իր ճշմարիտ էության մասին, երբ նա գիտակցում է, որ նշանակալիորեն գերազանցում է ինքն իրեն, քան իրեն տեսնում է շրջապատն այսօր, նա սկսում է զգալ իր հոգևոր բնույթը»:

Այդ դեպքում հարց է առաջանում` ինչու պիտի Մարդը ձգվի առ Աստված: Պատասխանը, առավել քան, հնչում է միանշանակ` որպեսզի մարդը կատարյալ լինի:

Մարդը դեպի Աստված է ձգվում ոչ թե նրան գտնելու համար, որքան էլ տարօրինակ հնչի, բայց մարդը դրա կարիքը չունի: Մարդը Աստծո մեջ է, իսկ Աստված` մարդու մեջ: Փնտրել-գտնելու կարիք չկա ու չի էլ կարող լինել: Նարեկացին համարում է, որ մարդու ձգտումն առ Աստված «դեպի տուն» ձգտումն է: Ի դեպ, Նարեկացին հենց էդպես էլ ասում է` «Աստծո մարդը»: «Որպեսզի կատարյալ լինի Աստծո մարդը՝ ամրացած բոլոր բարի գործերի համար»: Եվ, եթե մարդը ոչ թե փնտրում-գտնում է, այլ ձգտում-հասնում է Աստծուն, ուրեմն՝ նա արդեն տա՞նն է:

Նա արդեն տա՛նն է…

Իսկ Թագորը կասի այսպես. «Երբ քեզ հարմար է, Տե՛ր, լուռ արի և նստիր այստեղ…»:

Միշտ Ձեր` Նունե Մովսիսյան

Реклама

Об авторе Նունե Մովսիսյան

Բարի գալուստ
Запись опубликована в рубрике Թարգմանություններ с метками . Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s