Թբիլիսին, Վարդատոնն ու սիրո քաղաք Սիղնախին

20170528_140104.jpg

Մայիսի 26. երեկոյան Թբիլիսի

Այս անգամ Թբիլիսին մեզ դիմավորեց տաք անձրևով, Անկախության տոնին նվիրված տոնական հրավառության վերջին ակորդներով, երեկոյան գողտրիկ լույսերով: Հավանում եմ Թբիլիսիի գիշերային լուսավորումը: Ճիշտ և խելացի մտածված լուսավորում է: Նկատե՞լ եք, այն թաքցնում է շենք-շինությունների թերի, անկատար տեղերը և հակառակը` լուսավորում-ընդգծում է կառույցների առավել հետաքրքիր և գեղեցիկ հատվածները:

Անձրևի ուղեկցությամբ քայլեցինք Թբիլիսիի Խաղաղության կամուրջ, որը հայտնի է Ապակե կամուրջ անունով: Այդ կամուրջն էդպես էլ չսիրեցի. շինծու-արհեստական, ցուցադրական-պլպլան, մի խոսքով` դանդալոշ բան կա այդ կամրջի մեջ: Չեմ հավանում ու վերջ: Դրա փոխարեն շատ եմ հավանում Քուռի հին կամուրջները, հատկապես Ս. Գևորգ եկեղեցու ուղղությամբ ձգվող կամուրջը:

Մայիս 27. Սիղնախի և Բոդբեյ

20170527_133725.jpg

Կախեթի Սիղնախին առավել հայտնի է սիրո քաղաք անվանումով: Սիրուն պատմություն է, պատմեմ` լսեք: Բանն այն է, որ Նիկո Պիրոսմանի անունով վրացի մի նկարիչ սիրահարվում է ֆրանսիացի երգչուհի Մարգարիտա դը Սեվրին: Ի նշան  ֆրանսուհու նկատմամբ տածած մեծ սիրո` նկարիչը վաճառում է իր ունեցած ամեն ինչ և ամբողջ գումարով ծաղիկներ է գնում` զարդարելով այն հյուրանոցի դիմացի հրապարակը, որտեղ հանգրվանել էր Մարգարիտան: Զարմացած երգչուհին համերգի հրավիրատոմս է ուղարկում Նիկոյին: Հայտնի չէ` ինչու Պիրոսմանին չի գնացել այդ համերգին: Հայտնի է միայն հետևյալը` մյուս օրը երգչուհին հեռացել է քաղաքից:

Տարիներ անց` ​1968 թ.-ին, երբ Նիկո Պիրոսմանին այլևս չկար, Լուվրում բացվում է նկարչի անհատական ցուցահանդեսը: Ցուցադրվում էր նաև Մարգարիտայի նկարը, որի առաջ երկար, շա՜տ երկար կանգնած է մնում 80-անց մի կին` նույն ինքը` Մարգարիտա դը Սեվրը…

Պարզվում է` Ալլա Պուգաչովայի Миллион роз հայտնի երգը գրվել է հենց այս պատմության հիման վրա:

Սա էլ Նիկո Պիրոսմանիի սիրո մասին պատմող ֆիլմը:

Սիղնախի քաղաքից երկու կմ հեռավորության վրա է գտնվում նշանավոր Բոդբեյի մենաստանը: Սա հայտնի ուխտավայր է, որովհետև այստեղ է թաղված Վրաստանում քրիստոնեություն տարածող սրբերից մեկը` Վրաստանի երկնային հովանավոր ս. Նինոն:

3

Ս. Նինոն, նույն ինքը ս. Նունեն համարվում է համաքրիստոնեական սուրբ: Եղել է Հռիփսիմեանց կույսերից մեկը, կարողացել է խույս տալ հայոց Տրդատ թագավորից: Ըստ վրացական աղբյուրների` ս. Նունեն դեպի Վիրք իր ուղևորության սկզբում եղել է Ջավախքում, Փարվանա լճի մոտ: Այստեղ նա մնացել է երկու օր, կերակուր խնդրել ձկնորսներից, հովիվների հետ խոսել հայերեն: Ս. Նինոն ապրել է 67 տարի, մահկանացուն կնքել է Բոդբեյում: Հետագայում գերեզմանի վրա կառուցվել է եկեղեցի: Եկեղեցու մոտից երեք կիլոմետրանոց մի կածան է ձգվում: Ասում են` ամեն առավոտ ս. Նինոն ձորն է իջել աղոթելու համար: Նրա արցունքներից աղբյուր է առաջացել, որի ջուրը համարվում է բուժիչ: Մեր հմայիչ Շամիրամի համառ ջանքերի շնորհիվ` այդ ջրից մեզ էլ հասավ: Իսկ ամենահամարձակները, ինչ խոսք, Հռիփսիմեն ու Սյուզանն էին, ովքեր որոշեցին ջուրը մտնել…

Մայիս 28. առավոտյան Թբիլիսի և Վարդատոն

2

Առավոտյան գնացինք Թբիլիսիի Ս. Էջմիածին և ս. Գևորգ եկեղեցիներ: Առաջին եկեղեցին հայտնի է նաև, որովհետև այստեղ է գտնվում Մանթաշովի գերեզմանը, իսկ երկրորդ`​ ս. Գևորգ եկեղեցու բակում ամփոփված է Սայաթ-Նովան: Վարդատոնի հետ կապված` երկու եկեղեցիներն էլ մարդաշատ էին:

Թբիլիսում կա մի վայր, ուր ես պարտադիր կերպով ամեն անգամ այցելում եմ: Դա Խոջիվանքի հայկական պանթեոնն է: Տեսնել էր պետք Մարգարիտ Հարությունյանի հուզմունքը (նա առաջին անգամն էր Թբիլիսիում), երբ կանգնեց Հովհ. Թումանյանի գերեզմանի մոտ:

Երևան ջան, ուր ես, գալիս ենք…

Լուսանկարները` անձնական արխիվից

Նունե Մովսիսյան

Об авторе Նունե Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Մեդիագզրոցներ с метками . Добавьте в закладки постоянную ссылку.

3 отзыва на “Թբիլիսին, Վարդատոնն ու սիրո քաղաք Սիղնախին

  1. Уведомление: «Նկարում ենք Փիրոսմանի» նախագիծ — Դասավանդողի մեդիադարակ

  2. Уведомление: «Հայ-վրացական» հանրակրթական կամուրջներ — Դասավանդողի մեդիադարակ

  3. Уведомление: Հայ-վրացական կամուրջներ — Դասավանդողի մեդիադարակ

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s