«Ուժեղ մարդ» արտահայտությունը պիտակ չէ, խարան էլ չէ և ոչ էլ տիտղոս:
Դա ապրելակերպ է` կյանքի յուրօրինակ նշաձող: Դա այն հարվածներն են, որին դու կարողանում ես դիմակայել: Եվ այն բազմաթիվ անգամները, երբ դու կարողանում ես ծնկած տեղից վերստին կանգնել:
Ուժը չի չափվում ֆիզիկական ցուցանիշներով: Այն կարելի է պարզել առանց արժանապատվությունը կորցնելու կյանքի հարվածներից վեր բարձրանալու քո կարողությամբ:
Ուժեղները չեն վախենում իրենց թուլություններից: Ուղղակի գիտակցում են` երբեք չդառնալով դրանց գերիները: Նրանք չեն վախենում սխալներ գործելուց: Ուղղակի պատասխանատվություն են վերցնում դրանց հետևանքների համար` ամեն ինչ սկսելով նորից: Կրկին ու կրկին:
Ուժեղները չեն կորցնում հավատը, ավելի շուտ ամրապնդում են այն և հոգու մեջ սպի` երախտագիտություն են հայտնում հերթական դասի համար:
Այո՛, ուժեղները նույնպես կարող են արտասվել: Կարող են կորցնել, հուսալքվել, հուսահատվել և տառապել: Բայց նրանք երբեք չեն հանձնվում: Ի հեճուկս ամենի` ուժեղ մարդիկ շարունակում են հավատալ սիրուն: Չէ՞ որ նրանք գիտեն, որ միայն սերը կարող է փրկել. մնացած ամեն ինչ անիմաստ է: Ի վերջո, միայն սիրո շնորհիվ կարելի է իմանալ սեփական ուժի անվերջության ու զորության մասին:
Այնքան էլ ճիշտ չէ, երբ ասում են, որ հոգով ուժեղ են նրանք, ովքեր կարողանում են հաղթել իրենց զգացմունքները և սովորում են ապրել խելքով: Ես կասեի բոլորովին այլ բան. իրականում ուժեղ է նա, ով սովորում է ապրել սրտով` միաժամանակ չհրաժարվելով լսել բանականության փաստարկները:
Ինչ-որ մեկը, հավանաբար, կասի` այսպիսի հավասարակշռությունը չափազանց կատարյալ է, իրականում հնարավո՞ր է նման բան: Ո՞վ գիտի, գուցե և…:
Հնարավոր է և այն, որ դու ուղղակի մինչև վերջ չես հասցրել ճանաչել ինքդ քեզ, որպեսզի համոզվես քո սիրո ուժի հարցում…
Իսկ դա նշանակում է, որ քո ուղին շարունակվում է…
Աղբյուր` Душа Крылатая
Ռուսերենից թարգմանությունը` Նունե Մովսիսյանի
Նկարը` Պեդրո Ռոլդան Մեդինայի
Կարող եք ծանոթանալ նաև՝ Պահպանեք ուժեղ մարդկանց, «Կրակե մարդիկ»
Уведомление: Թարգմանություններ — Դասավանդողի մեդիադարակ