Մարդու կյանքում գալիս է մի պահ, երբ խորհուրդ հարցնելու համար ոչ մեկը չի լինում` ընդհանրապես ոչ մեկը:
Ոչ թե, որ կողքիդ մեկը չկա կամ քեզնից մեծ մեկը չկա: Լինելը` կան, ուղղակի նրանք քո ճանապարհով չեն ընթացել: Նրանք գնացել են ոչ թե քո, այլ իրենց ճանապարհով:
Իսկ դու բավականաչափ հեռացել ես նրանցից` խորհուրդ հարցնելու համար: Եվ նրանց խոսքերն ավելին չեն, քան կողմնակի դիտորդների կարծիքը: Նրանց վրա քո անհաջողությունների մեղքը չես կարող գցել:
Ստիպված ես լինելու փնտրել ներքին այն կետը, որը կօգնի որոշում կայացնել` դրա հետ համաձայնեցնելով արտաքին ազդակները:
Պատասխանատվություն ես կրելու ցանկացած որոշման համար և սովորելու ես քո ներքին փոթորիկներին դիմակայելու արվեստը:
Շատերը փորձում են խույս տալ այդ պահից: Նման մարդիկ ամուսնանում են նրանց հետ, ովքեր իրենց ասում են, թե ինչ պետք է անել: Ընկերություն են անում նրանց հետ, ովքեր իրենց հավուր պատշաճի գնահատում են: Աշխատում են նրանց հետ, ովքեր պատասխանատվություն են վերցնում: Այդպես էլ ապրում են մինչև ծերություն: Ոչ մի վատ բան չկա դրա մեջ:
Իսկ, երբ գնում ես մենակ, երբեմն թվում է, որ ամեն ինչ անում ես ոչ ճիշտ (կասկածողները անպայման քեզ դրա համար կնախատեն) ոչ թե, որովհետև իրականում ինչ-որ բան այնպես չէ, այլ, որովհետև ուրիշները դա անում են այլ կերպ:
Որովհետև, բացի քեզանից, էլ ոչ մեկն այդպես չի անում:
Որովհետև դա միայն քո՛ ուղին է՝ անհայտ տարածություններում կողմնորոշվելու ներքին կողմնացույցով և ինքնուրույն ստեղծած քո մտքերով….
Աղբյուրը՝ А. Датешидзе
Ռուսերենից փոխադրությունը` Նունե Մովսիսյանի
Կարող եք ծանոթանալ նաև` Ագլայա Դատեշիձե «Մտերմության մանիֆեստ»
Ագլայա Դատեշիձե «Եթե ձեր բախտը բերի»
Уведомление: Թարգմանություններ — Դասավանդողի մեդիադարակ