Հոկտեմբերի 15-ին ծնվել է Գրիգոր Գուրզադյանը, ականավոր հայ գիտնական, ֆիզիկոս աստղագետ, գրող էսսեիստ, գեղանկարիչ:
«Այո՛, մարդ-տիեզերական մարմինը մի եզակի ու անկրկնելի երևույթ է տիեզերքում, իր մենության ու միայնակության մեջ ապշեցուցիչ մի առեղծված: Ու, թերևս, տիեզերական «կարմիր գրքում» գրանցվելիք մի արժեք՝ ինքնաոչնչացման եզր հասցված»: Գրիգոր Գուրզադյան
Մարդը տիեզերքի ամենամեծ հանելուկն է
Մարդու ուղեղը երբեք չի հոգնում: Դա ապացուցված է գիտականորեն: Եվ եթե մեկը ասում է՝ գլուխս պայթեց, ուրեմն դա գլուխ չէ՝ մտածելու ունակ, այլ մի ուրիշ բան է՝ պայթելու ունակ:
Կարևոր է՝ ինչպես ենք սկսում օրը: Ի՛նչ տրամադրությամբ: Գիտե՞ք, օրը լավ սկսելու համար կա շատ հեշտ, շատ պարզ մի ձև. նախորդ օրվա վերջին մի հետաքրքիր անելիք թողեք հաջորդ օրվա համար: Փորձված արհեստավորները, վարպետներն այդպես էլ անում են. հաստոցը կանգնեցնում են գործի ամենահետաքրքիր պահին՝ ավարտը թողնելով հաջորդ օրվան: Դա, հաճելի, շատ ցանկալի ժամադրության պես է՝ գիշերը չես քնում:
Մարդ արարածը շատ թերի կողմեր ունի: Ինչպես երևում է, Արարաիչը մարդ ստեղծելու գործը հանձնարարել է որպես դիպլոմային աշխատանք և իր ոչ այնքան էլ շնոհքով աշակերտներից մեկին: Նա էլ ահա այսպես՝ ծուռուշիտակ ստեղծեց այս արարածին, որը հետո կոչվեց մարդ: Չգիտեմ՝ այդ դիպլոմային աշխատանքը վերևում ինչ գնահատակն ստացավ, բայց ես հազիվ «երեք» կդնեի: Այդքա՜ն էլ անշնորհք, անկատար աշխատանք: Երբ մեքենան չի աշխատում, նա էներգիա, վառելիք չի վատնում: Իսկ մարդը աշխատի-չաշխատի՝ վառելիք պիտի վատնի, ասել է՝ պիտի կերակրես: Եղա՞վ: Ո՞ւմ է պետք այդքան անկատար, այդքան վնասով աշխատող մեքենա: Մեկը լինի հարցնի էդ դիպլոմնիկին՝ հասկացողություն ունի՞ էկոնոմիկայի օգգ-ի մասին: Հապա քնելու պարագան: Ինչո՞ւ համար է քնելը: Ասում են՝ նյարդային համակարգը հանգստացնելու համար: Բայց այդ ինչպե՞ս է, որ մնացած օրգանները գործում են, աշխատում առանց հանգստանալու: Ինչո՞ւ, ի՞նչ տրամաբանությամբ պետք է կյանքի մեկ երրորդը ծախսվի այդպես անմիտ ձևով ՝ քնելով: Էլ չասենք դրա հետ կապված հոգսերը՝ ննջարան, մահճակալ, անկողին: Եվ քնում են բոլորը՝ նյարդային համակարգ ունեցողն ու չունեցողը: Վերջինները՝ նույնիսկ հուժկու խռմփոցով:
Միայն քնե՞լն է: Մարդը ստեղծել է մի տարօրինակ հասկացողություն՝ հանգիստ, հանգստյան ժամ, հանգստյան օր, արձակուրդ ու չգիտեմ էլ ինչ, որոնք դժվար է տեղավորել բնության երևույթների շարքում: Մարդը հակված է քիչ աշխատելու, իսկ եթե հնար լիներ՝ բնավ չաշխատելու: Մարդն իր էությամբ ծույլ է, նրա մեջ նստած է ծուլությունը: Ի բնե, ի ծնե:
Նյութը և լուսանկարը` Գրիգոր Գուրզադյան ֆեյսբուքյան էջից
Կարող եք ծանոթանալ նաև` Տիեզերքը մարդու մեջ. Գրիգոր Գուրզադյան