Դու հաճախ խոսում ես այն մասին, որ նախկին կապվածություններից ազատվելու համար պետք է մեռնել, որպեսզի ընկնես նոր վայր, ուր քեզ սպասում է Աստված:
Բայց այդպես կարելի է հասնել լիակատար մերժման` ժխտելով նախկինում ունեցած մտքերն ու զգացմունքները, սեփական զբաղմունքները և, կարևորը` փոխհարաբերությունները, որոնք ինչ-որ ժամանակ այնքան ապրեցնող և թանկ են եղել: Դու հայտարարում ես հոգևոր ճակատամարտ` որոշելով հրաժարվել անցյալում եղած ամեն ինչից: Այդ կերպ վարվելով` դու քեզ կմղես հուսահատության, երբ հասկանաս, որ դժվար, ավելի շուտ` անհնար է սեփական անցյալի հետ կապերը խզել: Հատկապես անհնար է կոնկրետ մարդկանց նկատմամբ տածած սիրո դեպքում, մանավանդ, երբ այդ սերը քեզ մոտ արթնացրել է լիությամբ լցվելու և անվերապահորեն սիրված լինելու` մինչ այդ քնած ցանկություն: Այդ սերը եղել է իսկական և իրական: Պետք չէ սերն այդ մերժել` պաշտամունքի հասցնելով կամ էլ վտանգավոր համարելով: Սերը, որը քեզ է հոսում մարդկանց միջով, իրողություն է: Այն տրվում է Աստծո կողմից և, հետևաբար, արժանի է գովաբանության և երախտագիտության:
Եթե մարդկանց հետ քո բարեկամությունը կենսունակ չէ, որովհետև, այն, ինչ դու պահանջում ես քո ընկերներից, մարդկայնորեն անհնար է, ապա բարի եղիր, մի՛ արժեզրկվիր այն սերը, որ դու ստանում ես նրանցից: Եթե Աստծուն գտնելու համար դու ուզում ես մեռնել հանուն երկրային սիրո` դու անում ես մի բան, ինչը Աստված քեզնից չի խնդրել:
Քո խնդիրը ոչ թե ամեն տեսակ մտերիմ հարաբերություններից հրաժարվելն է, այլ գիտակցումն է` սերը, որ մարդիկ ունեն քո հանդեպ` մեծ սիրո մի մասն է:
Աստված քեզ տվել է «ես», և դա հրաշալի է: Դա մի սրբավայր է, ուր ապրում է Աստված, Նա քեզ սիրում է աստվածային սիրով` քեզնից ակնկալելով աշխարհիկ սերեր: Այդ «եսը»` հրաշալի և խորապես սիրելի, դու կրում ես քո սրտում:
Դու կարո՛ղ ես և պարտավո՛ր ես պահպանել քեզ շնորհված սիրո մասին ճշմարտությունը և այն ճանաչել բոլոր նրանց մեջ, ով տեսնում է քո հոգու իրական գեղեցկությունը և սիրում է քեզ:
Եվ այսպես, թո՛ղ հանուն երկրային սիրո մեռնելու քո մտադրությունը: Սերն ընդունի՛ր երախտագիտությամբ: Գիտցի՛ր, որ այդ զգացմունքը քո սիրտը բացում է իմացական այն նախաստեղծ սիրո առաջ, որով Աստված սիրում է քեզ…
Աղբյուրը` Генри Нувен. «Внутренний голос любви»
Ռուսերենից թարգմանությունը` Նունե Մովսիսյանի
Կարող եք ծանոթանալ նաև` «Հենրի Նուվեն» էջին