Հրեշտակը խիստ հայացքով նայեց ստորադասին և ասաց.
-Երկու բառով զեկուցի՛ր` ինչ կա-չկա:
-Ապրում է: Գնում է աշխատանքի: Ինչ-որ բանի հույս ունի:
-Ինչի՞ հույս ունի:
-Դժվար է ասել: Երկու անգամ ես նրան երջանիկ երազ ուղարկեցի` չի տեսնում: Ասում է, որ հոգնում է աշխատանքից:
-Իսկ ի ՞նչ աշխատանք է:
-Դե՛, ինչպես բոլորի մոտ: Ղեկավարություն: Ունայնություն: Ծխախոտ: Բամբասանք:
-Ղեկավությունը խի՞ստ է:
-Դե՛, ղեկավարությունը մնում է ղեկավարություն: Այնպիսին է, ինչպիսին բոլորի մոտ է: Նա, չգիտես ինչու, վախենում է ղեկավարությունից…
-Վախերը քշեցի՞ր:
-Հա՛, իհարկե, դեռ գրասենյակ տանող ճանապարհին: Թևերս թափահարեցի նրա գլխավերևում, անգամ ամպերը հեռացան: Ստիպված էի թևերս նրա ականջի մոտ պահել, որպեսզի արևը նկատի:
-Իսկ բարեկազմ արտաքինով անծանոթուհի՞ն: Էն էլի, որ բարձակրունկներով է: Վրայից էլ մարմինը խուտուտ տվող օծանելիքի հոտ է գալիս:
-Ախր, վիրավորում եք…Քիթ քթի հանդիպեցրի մետրոյում:
-Եվ ի՞նչ:
-Ոչինչ: Ասաց` ներեցեք և մտքերի մեջ ընկած շարունակեց ճանապարհը:
-Իսկ աշխատանքից հետո՞:
-Խանութներ: Հեռուստացույց: Ամաններ լվանալ: Ինտերնետ: Երազ:
-Հեռուստացույցը փչացրեցի՞ր:
-Հա՛: Չգիտես ինչու` նորը առավ…
-Ինտերնետն անջատեցի՞ր:
-Հինգ օր շարունակ: Ու, քանի որ նա աշխատամոլ է, մինչև ուշ երեկո մնաց աշխատատեղում: Նրանց մոտ դա միանգամայն հնարավոր բան է:
-Ուրեմն` այդպե՜ս, հա՞: Իսկ հանգստյան օրերի՞ն:
-Քուն մինչև ճաշ: Բնակարանի մաքրություն: Երեկոյան` ընկերներ, ախմախ խոսակցություններ, օղի: Այդպես մինչև կեսգիշեր: Առավոտյան` ցավացող գլուխ ծածկոցով փակված: Կամ էլ` հեռուստացույց: Կամ էլ` համակարգիչ:
-Բա էն սիրուն անծանոթուհի՞ն:
-Շատ մոտ է: Երեք տուն այն կողմ: Նույն խանութում են գնումներ անում:
-Հերթ կանգնած ժամանակ հանդիպո՞ւմ կազմակերպել ես:
-Հա, բա ոնց, ինչպես նաև ավտոբուսի կանգառում, նաև` տոների ժամանակ:
-Կյանքի գծերը ստուգե՞լ ես:
-Հա՛, համընկնում են և՛ կյանքում, և՛ աշխատանքում…Նո՛ւյն քաղաքում…Նո՛ւյն կյանքի ճանապարհը…Չէ՛, ես այսպես այլևս չեմ կարող: Չլինելիք գործ է:
-Թողնե՛լ խոսակցությունները: Բեր տեսնեմ ուժեղ ազդող միջոցների քո ցանկը:
-Ահա՛ այն, շե՛ֆ: Բարձր ջերմությամբ ուղեկցող գրիպ, տենդ, զառանցանք: Հոդախախտ, կոտրվածք: Ավտովթար: Սնանկություն: Հրդեհ: Զանգվածային անկարգություններ փողոցներում: Ֆինանսական ճգնաժամ: Քաղաքացիական պատերազմ…
-Լա՛վ, հերի՛ք է: Երկու հարյուր ութսունհինգերորդ կետ: Լրիվ մոռացել են` ինչպես աշխատել: Գիտե՞ս ինչ, կապվի՛ր զուգահեռ գծի հետ: Հանուն Սիրո անցնում ենք ծայրահեղ միջոցների կիրառման: Միայն թե ընտրիր դրանցից մեկը: Կատարե՛լ:
-Հասկացա՛, կատարե՛լ:
Խրատ
Տե՛ս և օգտագործի՛ր բոլոր հնարավորությունները, որոնք ձեզ տալիս է Աստված, այդ ժամանակ ձեր պահապան հրեշտակը ստիպված չի լինի դիմել ծայրահեղ միջոցների:
Աղբյուր` plus.google.com
Ռուսերենից թարգմանությունը` Նունե Մովսիսյանի