Էն որ լռության նման ձգվում է տարածության, ժամանակի, մանկության ու քո ներսում:
Էն որ հանդիպելիս սիրտդ թրթռում է հրճվանքից ու անանուն տխրությունից:
Էն որ միտքդ թռչում է, գրկում ձյունոտ գագաթներն ու ջերմանում:
Էն որ սրտի լարերի պես է` պրկվում է, ձգվում, բայց չի կտրվում:
Էն որ անհայտության թևին թառած հուշ է` հոտ է ու համ:
Էն որ հոգու թրթիռ է, սրտի թել, մտքի ճախրանք:
Էն որ անհուն կարոտ է, մրմունջ ու հոգու երազ:
Էն որ սուրբ անուրջ է ու աստղային մութ:
Էն որ Հայրենիք է ու Չարենց:
Եղիշե Չարենց «Հայրենիքում»
Ձյունապատ լեռներ ու կապույտ լճեր։
Երկինքներ, որպես երազներ հոգու։
Երկինքներ, որպես մանկական աչեր։
Մենակ էի ես։ Ինձ հետ էիր դու։
Երբ լսում էի մրմունջը լճի
Ու նայում էի թափանցիկ հեռուն —
Զարթնում էր իմ մեջ քո սուրբ անուրջի
Կորուստը այն հին, աստղայի՜ն, անհո՜ւն։
Կանչում էր, կանչում ձյունոտ լեռներում
Մեկը կարոտի իրիկնամուտին։
Իսկ գիշերն իջնում, ծածկում էր հեռուն
Խառնելով հոգիս աստղային մութին․․․
Լուսանկարը` անձնական արխիվից (Բազումի լեռնաշղթա)
Եղիշե Չարենցի կինը` Արփենիկը եղել է Վալենտին Պոդպոմոգովի մորաքույրը: Այս տեսանյութում Պոդպոմոգովը պատմում է Չարենցի հետ կապված իր հիշողությունները: