Ստուգաբանությունը
Անգլալեզու աղբյուրներում լավաշը հիշատակվում է նաև «հայկական դյուրաբեկ հաց», «հայկական բլիթ», «փարաքի» անվանումներով։ «Լավաշ» բնիկ հայերեն բառ է, որը գոյացել է «լավ» և «աշ», որի բառի բուն իմաստով՝ «Լավ ուտ», լավ ուտելիք» է նշանակում։ Ի դեպ, «աշ» բառից է գոյացել «խաշ», «խաշլամա», «խաշու» և այլն։ «աշ» բառի ձայնափոխվածն է՝ «ուտ» բառը, որից է գոյացել «կուտ», «ուտելիք», «կուտեմ», «կուտես», «կուտի» և այլն։ Լեզվաբան Գևորգ Ջահուկյանը կարծում է, որ «լավաշ» բառը, ամենայն հավանականությամբ, ծագել է հնդեվրոպական նախալեզվի lab/p (lob/p) արմատից (lob/p = «թեթևաքաշ ինչ-որ բան»)։
Հացը հայերի կյանքում
Հացն իր զորությամբ դարեր շարունակ եղել է հայերի հավատարիմ ուղեկիցը: Հայկական լեռնաշխարհում հաց թխել են դեռևս Ք.ա. 3-2 հազարամյակներում: Պեղումների ժամանակ հայտնաբերվել են անգամ 4-րդ և 3-րդ հազարամյակներին թվագրվող ցորենի և գարու հսկայական պաշարներ: Հնագետները պնդում են, որ Հայկական լեռնաշխարհի տարածքում, դեռ շատ վաղուց մարդիկ սկսել են զբաղվել երկրագործությամբ և ընտելացրել հաճար և կարծր ցորեն: Այստեղից պարզ է դառնում, որ հնում հայերն այս հացահատիկներն աճեցրել են ալյուր ստանալու, իսկ այնուհետև հաց կամ հայկական լավաշ թխելու նպատակով: Հայերը հացահատիկը պահում էին տարբեր տեսակի ամբարներում, շտեմարաններում, կարասներում և հատուկ հացահատիկի համար նախատեսված գետնափոր հորերում:
Գյուղացիները հացահատիկի բերքը հավաքելուց հետո չէին շտապում այն անմիջապես ալրաղաց տանել: Հնում առաջին բերքը միշտ տարվում էր եկեղեցի և այնտեղ օրհնվում: Միայն դրանից հետո գյուղացին կարող էր իր բերքը հավաքել և տանել ալրաղաց, աղալ և հետագայում հաց թխել: Սակայն բերքը օրհնության տանելիս այն պարզապես փնջած չէին տանում: Օրհնության տանելուց առաջ պատրաստում էին խաչբուռներ: Դրանք պատրաստելու համար հասկերին խաչի, հավերժության կեռխաչի կամ կենաց ծառի տեսք էին տալիս: Կենաց ծառն ինքնին հանդիսանում էր պտղաբերության, կյանքի սկզբի և հարատևության խորհրդանիշ:
Հայերի կյանքում հացի կարևորությունը հասկանալու համար կարելի է ընդամենը ուշադրություն դարձնել այն փաստին, որ հայերը սնունդ ընդունելուն ասում են հաց ուտել: Եվ, իհարկե, այդտեղից էլ գալիս են բազմաթիվ թևավոր խոսքեր՝ «հացով մարդ», «տանդ հացը չպակասի», «թե ուզում ես ճանաչել մարդուն՝ նրա հետ հաց կեր»: Հայերը միմյանց աղ ու հացով դիմավորել են և միասին հաց կիսել:
Հացի կարևորությունը երևում է նույնիսկ հայկական էպոսի մեջ, երբ Դավիթը կրկնում է «Հացն ու գինին, Տեր կենդանին» և այդպիսով ուժ ստանում կռվից առաջ:
Հայերը ստեղծել են հացի բազմաթիվ տեսակներ՝ լավաշ, մատնաքաշ, բաղարջ, անթթխմոր հաց և այլն:
Լավաշը՝ մշակութային տարր
Բացի պարզապես հաց լինելուց, լավաշը հայերի կյանքում հանդիսանում է կրոնածիսական և պաշտամունքային նշանակություն ունեցող մշակութային տարր: Նախ եկեք հասկանանք, թե որտեղից է առաջացել հացի «լավաշ» անվանումը: Լավաշը հայկական բառ է, որն առաջացել է հենց այն պատրաստելու գործընթացից: Խմորը գրտնակելուց հետո այն լավ քաշել և բացել են: Այստեղից էլ առաջացել է լավ քաշած, լավ քաշ, իսկ հետո էլ արդեն լավաշ անվանումը:
Ըստ ավանդության հաց թխելու արարողությունը կատարվում էր վաղ առավոտյան, իսկ կրակը թոնրում վառվում էր դեռ արևածագին: Իսկ հաց թխելու գործընթացն ուղեկցվում էր բարի լույսի օրհնանքներով և աղոթքներով: Հնում լավաշը թխել են տոնից տոն և մեծ քանակությամբ: Այս գործընթացը հաճախ տևել է մեկ կամ անգամ երկու օր: Եղել են նաև հատուկ երգեր, որոնք կատարվել են լավաշ թխելու ժամանակ և որոնց միջոցով գովերգել են լավաշի համը:
Ավանդական կենցաղում հաց թխելը խմբային գործընթաց էր, և անձը միայնակ չէր կարող հաց թխել: Այն հանիդսանում էր բացառապես կանանց զբաղմունք, և խուսափում էին, որ հաց թխելու ընթացքում թոնրատուն տղամարդ մտնի, քանի որ դա համարում էին վատ նշան: Այս խմբային գործում բոլորի դերերը բաշխված էին, ամեն մարդ ուներ իր գործը՝ մեկը խմորն էր պատրաստում, մյուսը գրտնակում էր, մյուսը, ով ամենափորձառուն էր, այն խփում էր թոնրի շուրթին: Ոչ փորձառուները հիմնականում փոխանցում էին խմորի գնդերը և այդ ընթացքում էլ սովորում ավելի փորձառուներից:
Հացի թխման արարողությունն ուներ 7 խորհուրդ՝ ցորեն աղալը, ալյուր մաղելը, խմոր պատրաստելը, աղ լցնելը, գնդերի բաժանելը, թխելը և շարելը:
Թոնրից հանած առաջին հացն ուղարկում էին հիվանդին, որպեսզի նա ուտելով ապաքինվեր և նաև ուժ ստանար:
Հնում լավաշը պատերազմների ժամանակ հանդիսացել է զինվորների ուղեկիցն ու պաշտպանը: Մայրերն իրենց ձեռքով թխում էին լավաշը, չորացնում այն և դնում զինվորի ուսապարկի մեջ: Իր երկար պահպանության շնորհիվ այն զինվորներին փրկում էր սովից:
Հայերը նաև սովորություն են ունեցել նորահարսի ուսին լավաշ գցելու, ինչի միջոցով ակնկալել են, որ հարսն այդ օջախի հացը կավելացնի: Հայկական ավանդական հարսանիքներում այս սովորությունը պահպանվել է մինչ օրս: Հայերը հավատում էին, որ լավաշը պաշտպանում էր նաև չար աչքից և բացի նորապսակների ուսին գցելուց, այն նաև գցում էին նորածնի վրա:
Լավաշի առասպելը
Լավաշի մասին պատմվում է մի առասպել, ըստ որի երբ Գեղամի թոռ Արամը պատերազմում էր Ասորեստանի հզոր թագավոր Նաբուգոդոնոսորի հետ, Արամը հանկարծ գերի է ընկնում Ասորեստանի թագավորին: Եվ Նաբուգոդոնոսորը հրամայում է, որ Արամը պետք է 10 օր հաց չուտի, իսկ 11-րդ օրը նրանք պետք է աղեղնամարտի բռնվեին իրար հետ: Արքան խոստանում է բաց թողնել Արամին, եթե նա կարողանա հաղթել իրեն:
Ամբողջ գիշեր մտորումների մեջ լինելուց հետո, Արամը Նաբուգոդոնոսորին խնդրում է, որ հայկական զորքից իր համար մի վահան բերեն: Արքան չի մերժում նրա խնդրանքը և սուրհանդակ է ուղարկում հայկական զորքի մոտ: Հայկական զորքը, գուշակելով, թե ինչ է ցանկանում իրենց արքան, վահանի կաղապարի տակ լավաշ են թաքցնում:
Սակայն սուրհանդակները գլխի չեն ընկնում, որ վահանի տակ հնարավոր է հաց թաքցնել: Երբ վահանը հասցնում են Արամին, նա ասում է, որ այն այդքան էլ հարմար չէ և իրեն ուրիշ վահան է անհրաժեշտ: Եվ այսպես 10 օր շարունակ սուրհանդակները մեկ վահան և մեկ լավաշ են բերում Արամին:
11-րդ օրն Արամը և Նաբուգոդոնոսորը դուրս են գալիս մենամարտելու: Ասորեստանի արքան վստահ էր, որ Արամը 10 օր հաց չուտելուց հետո ուժասպառ է եղել, և ինքը հեշտությամբ կարող է հաղթել նրան: Սակայն Արամին հաջողվում է հաղթել Նաբուգոդոնոսորին և վերադառնալ հայրենիք: Հայրենիք վերադառնալուց հետո, թագավորը հրամայում է, որ Հայաստանում բոլոր հացի տեսակները վերածվեն լավաշի:
Լավաշը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում
2014 թվականին հայկական լավաշը ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական ժառանգության ցանկում: Լավաշը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում գրանցվել է իր պատրաստման յուրահատկությունների, մշակութային և ազգայի նշանակության շնորհիվ: Եվ եթե հայկական այս հացատեսակը ունենար միայն խոհարարական նշանակություն, այն բնականաբար չէր ընդգրկվի այդ ցանկում: Հայկական լավաշն այս ցանկում ընդգրկվել է շնորհիվ հայերի կյանքում իր բազմաթիվ մշակութային և սոցիալական դրսևորումների:
Աղբյուրը՝ https://www.armgeo.am/