Ապրիլի 4-ին ծնվել է Ղազարոս Աղայանը։
Ղազարոս Աղայանին ավելի մտերմացա 1900-ական թվերին, երբ կազմվել էր մեր «Վերնատունը» և հաճախակի հանդիպումներ ու գրական զրույցներ էինք ունենում Հովհաննես Թումանյանի տանը և երբեմն էլ Աղայանի մոտ:
Նա այլևս մեր գրական նահապետն էր: Ինքը գրեթե դադարել էր գեղարվեստական բաներ գրելուց, բայց իսկական հոր պես հրճվում էր մեր վերնատան ընկերների գրական հաջողություններով:
…Աղայանը երազող էր և փլած երազների տեղ նոր երազներ էր կառուցում և պատանու պես հավատում էր իր նոր երազների կենսագործմանը: Շատ զգայուն մարդ լինելով՝ դյուրավ վիրավորվում էր, բայց մի վայրկյան միայն:
Իր կյանքի վերջին օրերում մի բանավեճով էր բռնված, չեմ հիշում ում հետ և ինչ առիթով, կարծում եմ կաթողիկոսական թեկնածուների մասին էր վեճը: Հենց նոր վիրավորել էին նրան լրագրի մեջ. ինձ պատմեց և գանգատվեց.
-Գարշելի է մեր իրականությունը, զզվելի, չար մարդկանցով լիքն է. քիչ է մնում, որ մարդ գլուխն առնի, երթա՜, կորչի՜ ու կորչի՜ ու կորչի՜…
Ես սաստիկ ազդվեցի նրա ծանր տրամադրությունից, բայց նա մի պահ հետո զվարթացավ և լցվեց անստվեր օպտիմիզմով, կարծես ոչինչ չէր պատահել:
Ավետիք Իսահակյան («Իմ հուշերից»), 11.3.1941 թ., Երևան
Աղբյուրը՝ Կարլ Յանալուզյանի ֆեյսբուքյան էջից