«Իմ ընկերոջ մայրը կյանքի ընթացքում հավատարիմ է եղել առողջ ապրելակերպին: Երբեք ոգելից խմիչքներ կամ «վատ» ուտելիք չի օգտագործել, ամեն օր ֆիզիկական վարժություններ է կատարել, եղել է շարժուն և ակտիվ, կանոնավոր կերպով ընդունել է բժշկի նշանակած սննդի հավելումները, երբեք առանց արևայրուքի դեմ միջոցների դուրս չի եկել, դուրս գալուց էլ` հնարավորինս կարճ ժամանակով: Մի խոսքով` որքան հնարավոր է` հոգ է տարել իր առողջությանը:
Այժմ նա 76 տարեկան է, ունի մաշկի և ոսկրածուծի քաղցկեղ, ծանր տեսակի օստեոպորոզ:
Իմ ընկերոջ հայրը սիրում է ուտել խոզապուխտ, յուղոտ և ճարպոտ ուտելիքներ: Երբեք, բառացիորեն` երբե՛ք սպորտով չի զբաղվել, ամառները արևի տակ վառվել է` մաշկը փոխելու աստիճան: Ըստ էության, նա կյանքն ապրել է ամբողջությամբ, ոչ թե շրջապատի մարդկանց խորհրդով:
Այժմ նա 81 տարեկան է, և բժիշկն ասում է, որ ունի երիտասարդի առողջություն:
Մարդի՜կ, դուք չեք կարող թաքնվել ձեր թույնից: Այն կա՛ և կգտնի ձեզ, այնպես որ, քանի դեռ ապրում եք` վայելեք ձեր կյանքը: Ինչպես ասում է իմ ընկերոջ մայրը. «Եթե ես իմանայի, որ իմ կյանքն այսկերպ կավարտվեր, ես այն կապրեի ամբողջությամբ` վայելելով այն ամենը, ինչն ինձ արգելում էին անել»:
Մեզանից և ոչ մեկն այստեղից կենդանի դուրս չի պրծնի, այնպես որ, խնդրո՜ւմ եմ, դադարե՛ք ինքներդ ձեզ որպես երկրորդական մեկի վերաբերել: Կերե՛ք համեղ ուտելիք: Մա՛ն եկեք արևի տակ: Թռե՛ք օվկիանոսի մեջ: Արտահայտե՛ք այն թանկագին ճշմարտությունը, որ պահում եք ձեր սրտում: Եղե՜ք հիմար: Եղե՜ք բարի: Վերջապես` տարօրինա՛կ եղեք: Մնացածի համար պարզապես ժամանակ չկա»:
Աղբյուր` Ричард Гир
Ռուսերենից փոխադրությունը` Նունե Մովսիսյանի